Հանուն Ղարաբաղի հայերի՝ 30 մլն-ով կավելացնենք աջակցությունը ՀՀ կառավարության բյուջեին․ Մարագոս
«Ողջունել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և բոլոր գործընկերների հետ Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում աշխատում ենք, որպեսզի նախաձեռնությունը կյանքի կոչվի»,- այս մասին այսօր «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ընթացքում ասաց ՀՀ-ում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը՝ խոսելով ինչպես փաշինյանական ծրագրից, այնպես էլ՝ ՀՀ-ԵՄ օրակարգից։ Դեսպանի խոսքով, անցյալ տարի Եվրոպական խորհրդից ստացել են կոնկրետ առաջադրանք, որպեսզի զարգացնեն Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունը տարբեր ուղղություններով, ուստի ԵՄ-ն ու Հայաստանն անխոնջ աշխատում են, բացահայտում են նոր հնարավորություններ, որպեսզի այդ առաջադրանքը ևս կյանքի կոչվի։
«Ես հպարտությամբ պետք է նշեմ, որ այդ ջանքերը տալիս են արդյունքներ, ինչո՞ւ, որովհետև կա համատեղ քաղաքական հանձնառություն և կա կոնկրետ կենտրոնացում երկու կողմերից, ինչպես նաև համատեղ հանձնառություն ընդհանուր արժեքներին, որոնք են մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն։
Եվրոպական միությունն աջակցել է և շարունակում է աջակցել Հայաստանին մի շարք ուղղություններով՝ տնտեսական, դատաիրավական, բարեփոխումների փոխկապվածություն, անկախություն և տարածաշրջանային կապեր։ Եվ խաղաղությունն այս ամենի մի մասն է»,- ասաց դեսպան Մարագոսը։
Նա շարունակեց՝ ասելով, որ ներկայումս բանակցում են գործընկերության ծրագրի շուրջ և բավականին առաջ են անցել։
Նա վստահեցնում է՝ իրենք կբացեն Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների ողջ պոտենցիալը, որը համաձայնեցրել են նաև համաձայնագրի՝ CEPA-ի շրջանակներում։
Մարագոսն ասաց, որ 270 մլն դրամաշնորհային աջակցություն է Հայաստանը ստանալու չորս տարվա ընթացքում, ուստի հուսով են, որ սա կարևորագույն դերակատարում կունենա Հայաստանի դիմակայունությունը զարգացնելու և Եվրոպային ավելի մերձեցնելու տեսանկյունից՝ հատկապես ապահովելով կապերը, գործարար զարգացումները, ինչպես նաև տնտեսության դիվերսիֆիկացումը։ «Սա կարևոր է, որպեսզի մենք ունենանք ամբողջ տարածաշրջանում խաղաղության և բարեկեցության տեսլականի իրականացում, սակայն սա ոչ թե տարածաշրջանում ինչ-որ մեկի դեմ ուղղված տեսլական է, այլ հետևողական է և համապատասխանում է տարածաշրջանում մեր քաղաքականությանը։ Կուզենայի նաև ընդգծել, որ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում 600 միլիոնից ավելի ներդրումներ են կատարվել դրամաշնորհներով և վարկերով։ Սա ենթակառուցվածքներն են, մասնավոր ոլորտի զարգացումներ, կանաչ տնտեսության զարգացումն է։ Մենք նաև ձևավորել ենք ներդրումային հարթակ այս իմաստով»,- ասաց դեսպանը։
Վասիլիս Մարագոսը հայտնեց, որ ԵՄ-ն աշխատանք է տանում նաև միջուկային և ավիացիոն անվտանգության ոլորտներում։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն նաև զբաղվում է Ղարաբաղի հայերի ճակատագրով՝ 100 մլն եվրոյից ավելի միջոցներ են ներդրել մեկ տարվա ընթացքում, 30 մլն որոշվել է ավելացնել կառավարության բյուջեին, որպեսզի ԵՄ-ն կիսի ՀՀ-ի հետ այն բեռը, որը դրված է կառավարության ուսերին ։
Մարագոսը նաև հիշեցրեց, որ Հայաստանն այն երկիրն է, որն օգտվում է Խաղաղության հիմնադրամի աջակցությունից, որը «ոչ մահացու» բնույթի է։
«Սա ամրապնդում է ձեր կարողությունը, հատկապես, եթե խոսքը գնում է նաև խաղաղության առաքելություններին մասնակցելու մասին։ Մենք 10 միլիոնանոց միջոցառում ունենք, որն ուղղված է նրան, որ Հայաստանը նույնպես մասնակցի Եվրամիության կողմից իրականացվող խաղաղության առաքելություններին։ Մենք կանաչ լույս ենք ստացել անդամ պետություններից, և սա բարդ գործընթաց է»,- ասաց Վասիլիս Մարագոսը։
Վերջինիս խոսքով՝ կողմերը պետք է աշխատեն նաև վիզաների ազատականացումն իրականություն դառնալու ուղղությամբ։
«Տեխնիկական աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ»,- ասաց Մարագոսը։
Մանրամասները՝ տեսանյութում