Գործերը լավ չեն

Տնտեսության մեջ էլ իշխանությունների գործերը լավ չեն գնում։ Եթե մի ժամանակ կարողանում էին տնտեսության խնդիրները քողարկել հայտնի գործոններով պայմանավորված բարձր աճերի անվան տակ ու մոլորեցնել հասարակությանը, հիմա դա էլ չի հաջողվում։ Տնտեսության ակտիվության աճը հետևողականորեն դանդաղում է։

Երկնիշ աճերը, որոնցով այդքան հպարտանում էին, հետևում են մնացել։

Արդեն տևական ժամանակ է՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը միայն ընկնում է։ Եթե առաջին եռամսյակում այն հասել էր ընդհուպ 14,3 տոկոսի, հիմա արդեն 9 տոկոս է՝ դա էլ հիմնականում տարեսկզբին արձանագրված մեկ ապրանքատեսակի վերաարտահանումների աճերի շնորհիվ։ Այդ ապրանքի վերաարտահանումը դադարեց՝ նախկին բարձր աճերից գրեթե բան չմնաց։

Ամսեամիս տնտեսական ակտիվության տեմպը թուլանում է։ Հունիսին տնտեսական ակտիվության աճը, նախորդ տարվա նկատմամբ, կազմեց 7 տոկոս, հուլիսին՝ 6,2 տոկոս, օգոստոսին՝ 5,6 տոկոս։

Կարդացեք նաև

Սրանք կրկնակի, երբեմն եռակի ցածր են՝ տարեսկզբի համեմատ։ Դրա հետևանքով էլ տեղի է ունենում տարեկան տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում։

Ընդհանուր առմամբ անցած 5 ամիսներին տարեկան տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազել է 5,3 տոկոսային կետով ու դեռ շարունակում է նվազել։

Սպասվում է, որ տարեվերջին նվազման տեմպն ավելի կարագանա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոսկու հայտնի վերաարտահանումները ու դրանց ազդեցությունը տնտեսական աճի ցուցանիշների վրա սկսվեցին հենց այդ ժամանակ։

Մի քանի ամիս է՝ ոսկու վերաարտահանումները դադարել են, ու դրանց ազդեցությունը տնտեսական ցուցանիշների վրա ակնհայտ է։ Ակնհայտ է հատկապես արդյունաբերության ու արտաքին առևտրի պարագայում։

Տարեսկզբի «բումից» հետո, արդյունաբերության մեջ վերջին ամիսներին գրեթե աճ չկա, 1-2 տոկոսի սահմաններում է։ Դա էլ անցած տարվա անկումից հետո։

Անցած տարվա հունիսին արդյունաբերության մեջ 7,4 տոկոս անկում էր գրանցվել, այս տարի աճը կազմել է ընդամենը 1,3 տոկոս։ Անցած տարվա հուլիսին արդյունաբերության մեջ 2,4 տոկոս անկում էր գրանցվել, այս տարի աճը կազմել է ընդամենը 2,2 տոկոս։ Անցած տարվա օգոստոսին անկումն արդյունաբերության մեջ 3,7 տոկոս էր, այս տարվա օգոստոսին աճը կազմել է ընդամենը 2,1 տոկոս։

Բերված ցուցանիշները նշանակում են, որ այս ամիսներին արդյունաբերությունը նույնիսկ չի հասցրել վերականգնել անցած տարվա կորցրածը։

Երկու տարվա կտրվածքով անկումը պահպանվել է։

Քանի դեռ «ոսկու տենդի»՝ անցած տարվա վերջից սկսված բազային էֆեկտի ազդեցությունը չի դրսևորվել, արդյունաբերության մեջ վերջին ամիսներին արձանագրվող այս չնչին աճերը գուցե շարունակեն պահպանվել։ Սակայն հոկտեմբերից դա էլ չի լինելու, ու արդյունաբերությունը կմտնի անկումային փուլ։

Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անկումը կարող է հասնել ընդհուպ 15-20 տոկոսի։

Բայց այստեղ ոչ այնքան աճերն ու անկումներն են կարևոր կամ մտահոգիչ, որքան այն, ինչ իրականում կատարվում է արդյունաբերության ու հատկապես մշակող արդյունաբերության մեջ։ Տարեսկզբի բարձր աճերն այստեղ ապահովվում էին գերազանցապես ոսկերչական ապրանքների վերաարտահանումները։ Այնինչ՝ մշակող արդյունաբերության բազմաթիվ ճյուղեր անկման մեջ են։

Նվազել է սննդամթերքի արտադրությունը, որը մշակող արդյունաբերության ամենախոշոր ճյուղն է։

Անկումային է խմիչքների, հագուստի, կաշվե արտադրատեսակների, քիմիական նյութերի, էլեկտրասարքավորումների, մեքենասարքավորումների,  համակարգիչների և բազմաթիվ այլ ապրանքների արտադրությունը։

Արտահանելի հատվածի ապրանքների արտադրության ծավալների կրճատումն ակնհայտ է արտահանման ցուցանիշներում։ Եթե բացառենք ոսկերչական վերաարտահանումները, կունենանք արտահանման բավական լուրջ՝ ընդհուպ երկնիշ նվազում, ինչը նշանակում է, որ չնայած պաշտոնապես արձանագրվող տնտեսական ակտիվության ու արտահանման կրկնապատկում-եռապատկումներին, ներքին տնտեսությունը կորցրել է արտահանման պոտենցիալը։

Տնտեսության արտահանելի հատվածի կարողությունները կրճատվել են։

Սա է տնտեսական իրավիճակի հիմնական բնութագրիչը։ Մնացածը, այդ թվում՝ արտաքին առևտրի ու արտահանման դեռևս պահպանվող բարձր աճերի ցուցանիշները երկրորդական են։ Չնայած այստեղ էլ աստիճանաբար աճի տեմպերը նվազում են՝ պայմանավորված վերջին ամիսներին ոսկու ներմուծման ու արտահանման ծավալների կրճատումով։ Դեռևս պահպանվող աճի բարձր ցուցանիշներն էլ կրկին տարեսկզբի մեծ վերաարտահանումների արդյունք են։ Դրանց շնորհիվ արտաքին առևտուրն առանձին ամիսներին հասնում էր մինչև անգամ 4-4,5 մլրդ դոլարի։ Հիմա առնվազն կրկնակի կրճատվել է։

Կրճատումը տեղի է ունեցել՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման ոլորտում։

Արտահանումը վերջին ամիսներին 1 մլրդ դոլարի չի հասնում։ Այնինչ՝ տարեսկզբին ձգտում էր ընդհուպ 2 միլիարդի։

Նույնը նաև ներմուծման պարագայում է։

Երկու դեպքում էլ ցուցանիշները կրում էին վերաարտահանումների հսկայական ազդեցությունները։ Այսօր էլ, իհարկե, այդ ազդեցությունները չեն զրոյացել և բավական մեծ չափով պահպանվում են։ Բայց հեռու չէ նաև դրանց հրաժեշտ տալու ժամանակը։

Եվ, որ ավելի վատ է, տնտեսական իրավիճակի վատթարացմանը զուգահեռ՝ թուլանում է տնտեսության ու քաղաքացիների եկամուտների աճի տեմպը։ Տնտեսության պարագայում դա տեսնում ենք՝ բյուջե վճարվող հարկերի, քաղաքացիների պարագայում՝ աշխատավարձերի տեսքով։

Էապես ընկել է աշխատավարձի աճի տեմպը։ Մասնավոր հատվածում այս տարի միջին աշխատավարձի աճն ընդամենը 5 տոկոսի սահմաններում է։ Այն անհամեմատ ավելի ցածր է, քան վարկային շուկայից եկող հսկայական բեռը, որը քաղաքացիները ստանձնում են։ Սա շատ վտանգավոր միտում է և նշանակում է, որ ռիսկերը ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական ու ֆինանսական հատվածներում են խորանում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս