Թուրքիան՝ ջրային սթրեսի շեմին
Թուրքիան, չնայած իր ջրային զգալի ռեսուրսներին, ջրային պաշարներով հարուստ երկրների շարքին չի դասվում և առաջիկա տարիներին կարող է հայտնվել սահմանափակ ջրային ռեսուրսներ ունեցող երկրների թվում։
Թուրքիայի պետական ջրային տնտեսության գլխավոր վարչության (DSİ) և Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալների համաձայն՝ երկրի 78 միլիոն հեկտար (հա) ընդհանուր տարածքի մոտ 24 միլիոն հեկտարը կազմում են մշակելի գյուղատնտեսական հողերը։ Թուրքիան մինչև 2028 թվականի վերջ նախատեսում է ոռոգելի դարձնել 7,85 միլիոն հեկտար տարածք։
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Թուրքիայի բնակչությունը կազմել է 86 միլիոն 92 հազար 168 մարդ։ Մեկ շնչին բաժին ընկնող ջրային պաշարը տարեկան կազմում է 1301 խորանարդ մետր (խմ), ինչը զգալիորեն ցածր է ջրային պաշարներով հարուստ երկրների համար սահմանված 1700 խմ շեմից։
Կիսաչոր կլիմայական պայմաններ ունեցող Թուրքիայում տարեկան տեղումների ծավալը գնահատվում է 450 միլիարդ խմ։ Միաժամանակ երկրի տեխնիկապես և տնտեսապես օգտագործելի ջրային ներուժը կազմում է 112 միլիարդ խմ։
Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի ջրամբարների ընդհանուր պահեստավորման ծավալը ներկայում հասնում է 183,82 միլիարդ խմ-ի, իսկ ոռոգվող տարածքների մակերեսը կազմում է 7,28 միլիոն հա։
Բնակչության շարունակական աճն ու կլիմայական փոփոխությունների ազդեցությունը կարող են խորացնել ջրային ռեսուրսների սղությունը։ Այդ պատճառով Թուրքիայի իշխանությունները հետևողական կառուցում են նոր ջրամբարներ և ջրի պահեստավորման համար նորագույն ենթակառուցվածքներ՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ և բազմակողմանիորեն օգտագործել ջրային ռեսուրսները։
Այս քաղաքականության կարևոր բաղադրիչներից է «Հարավարևելյան Անատոլիայի» նախագիծը (GAP), որը Թուրքիայի խոշորագույն տարածաշրջանային զարգացման ծրագրերից մեկն է։ Ծրագրի շրջանակներում Եփրատ և Տիգրիս գետերի ավազաններում կառուցվել են բազմաթիվ ջրամբարներ, հիդրոէլեկտրակայաններ և ոռոգման համակարգեր։ GAP-ը միաժամանակ ծառայում է էներգետիկ, գյուղատնտեսական և սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին՝ զգալիորեն մեծացնելով Թուրքիայի հնարավորությունները ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում։
Պետք է ընդգծել, որ ջրային ռեսուրսների կառավարումը Թուրքիայի համար ունի ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն։ Երկիրը վերահսկում է տարածաշրջանի մի շարք խոշոր գետերի՝ մասնավորապես Եփրատի, Տիգրիսի և Արաքսի վերին հոսանքները, ինչը ջրի հարցը դարձնում է նաև հարևան երկրների հետ հարաբերությունների կարևոր բաղադրիչ։
Խնդիրը հատկապես կարևոր է Եփրատ-Տիգրիս գետային համակարգի պարագայում, քանի որ այդ գետերի հոսքերից զգալիորեն կախված են Սիրիայի և Իրաքի ջրային, գյուղատնտեսական ու տնտեսական համակարգերը։ Նման պայմաններում Թուրքիայի կողմից իրականացվող ջրային նախագծերը հաճախ դիտարկվում են ոչ միայն տնտեսական զարգացման, այլև տարածաշրջանային ջրային հավասարակշռության վրա ազդեցություն ունեցող գործոն։ Արաքսի ավազանում նույնպես Թուրքիայի ջրային քաղաքականությունն ուշադրության կենտրոնում է պահվում ավազանի մյուս երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի կողմից, քանի որ ջրային հոսքերի ծավալների փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ այդ երկրների ջրային ռեսուրսների կառավարման և գյուղատնտեսական գործունեության վրա։
Միաժամանակ ջրային ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը հնարավորություն է տալիս Թուրքիային բարձրացնել իր տնտեսական դիմակայունությունը, ապահովել գյուղատնտեսության զարգացումը և նվազեցնել կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացող ռիսկերը։
Տարածաշրջանում ջրի շուրջ մրցակցության պայմաններում անդրսահմանային ջրերի կառավարման ոլորտում համագործակցության մեխանիզմների զարգացումը և ջրային ռեսուրսների արդարացի ու կանխատեսելի բաշխման շուրջ երկխոսությունը կարող են դառնալ տարածաշրջանային կայունության պահպանման կարևոր նախապայմաններ։
Եթե նախկինում ջրային քաղաքականության հիմնական նպատակը գյուղատնտեսական արտադրության ընդլայնումն էր, ապա ներկայում այն ավելի ու ավելի է առնչվում ազգային անվտանգության, տնտեսական մրցունակության և տարածաշրջանային ազդեցության պահպանման խնդիրներին։ Հետևաբար, Թուրքիայի ջրային քաղաքականության հետագա զարգացումները շարունակելու են ազդեցություն ունենալ ոչ միայն երկրի ներքին զարգացման, այլև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի ջրային ու քաղաքական գործընթացների վրա։
Կարելի է արձանագրել, որ Թուրքիան աստիճանաբար անցում է կատարում ջրային ռեսուրսների ավանդական կառավարման մոդելից դեպի ջրային անվտանգության ռազմավարության, որտեղ ջուրը դիտարկվում է ոչ միայն որպես տնտեսական ռեսուրս, այլև որպես պետական դիմակայունության և տարածաշրջանային ազդեցության կարևոր գործոն։
ermenihaber.am

