Քաղաքացու վրա թքող իշխանությունների շնորհավորանքն ուսուցիչներին
Այսօր լույսը բացվեց, և ԱԺ-ն տարածեց ՀՀ քաղաքացիների վրա թքող, հայհոյող Ալեն Սիմոնյանի՝ ուսուցիչներին ուղղված շնորհավորանքը:
Չգիտենք կոնկրետ՝ ով է գրել Ուսուցչի տոնի կապակցությամբ այդ շնորհավորանքի տեքստը, բայց դրանում ասվում է.
«Այս օրը ևս մեկ առիթ է խոսելու այն կարևոր դերի մասին, որն ունեն ուսուցիչները սերունդների կրթման գործում: Ուսուցիչ լինելը միայն մասնագիտացում կամ աշխատանք չէ. այն պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց:
Ուզո՞ւմ ենք ունենալ լավ ապագա, պետք է ունենանք պետությունը սիրող, կրթված ու պահանջատեր երիտասարդություն, որի ձևավորման ու կայացման «բեռն» էլ դրված է մեր ուսուցիչների ուսերին: Վստահ եղեք, այդ բարդ ճանապարհին Հայաստանի իշխանությունները կանգնած են ձեր կողքին, որպեսզի միասին հասնենք ցանկալի արդյունքին»:
Որպես կանոն՝ ինչպես պատմական և մինչև 2018-ի աղետաբեր հեղաշրջումը, Հայաստանում և այլ նորմալ երկրներում քաղաքական առաջնորդների ելույթներն ու ուղերձները կարևոր դեր են ունենում հասարակական կարծիքի ձևավորման, երկրի զարգացման, ներքին և արտաքին ճգնաժամերի կառավարման գործում:
Իհարկե, Ալեն Սիմոնյանի պարագայում, դա նաև տարրական դաստիարակության բացակայության հարց է (հիշեք նրա մոր պահվածքը, երբ շենքի պատշգամբից թքում էր ցուցարարների ուղղությամբ և միջնամատ ցույց տալիս), բայց նաև Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի՝ փողոցային պահվածքի, լկտի սանձարձակության դրսևորում է, որի անունը նրանք դրել են «ժողովրդավարություն», ու Արևմուտքն էլ ծափ է տալիս՝ մեր պետությունից կորզելով իր ցանկալին:
Շնորհավորական տեքստ է բաց թողել նաև ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանը, որում ասվում է.
«…Դպրոցն այն չէ, ինչ քառասուն տարի առաջ, երեսուն տարի առաջ, քսան տարի առաջ էր։ Մենք և մեր երեխաներն ապրում ենք մի իրականությունում, որտեղ անհնար է չսովորել, ընդ որում՝ ամեն վայրկյան և ամեն ժամ՝ անկախ տարիքից, բայց նաև էապես փոխվել են սովորելու բովանդակությունն ու ձևաչափը։ Մեր երեխաներն օրեցօր ավելի ու ավելի շատ են սովորում ֆորմալ կրթական հաստատություններից դուրս։ … Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ, որովհետև խոսակցության արգելքը մտքի արգելք է, այն մտքի, որը մեր երեխաների մոտ զարգացնելու կարիքն ունենք, իսկ փակ դռները փակում են մեր երեխաների առաջ գնալու ճանապարհները։ Որպեսզի մեր երեխաներին սովորեցնենք սովորել, առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք, որ սովորելու կարիք ունենք ամեն օր, ամեն վայրկյան։ … Վարչապետի գավաթի դպրոցական մրցաշարերը՝ սեղանի թենիսից, թիմայի խճուղավազքից, արդեն նաև հեծանվավազքից, պետք է դառնան բոլոր դպրոցների տարեկան օրացույցի մաս: … Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք, և ձեր խոսքն ու դիրքորոշումը այս բոլոր գործընթացներում չափազանց կարևոր են մեզ համար»,-ասված է նրա տեքստում:
Ադրբեջանաթուրքական պրոպագանդայով զբաղվող, դասագրքերը, դպրոցը այլանդակող, խեղաթյուրող, թուրքերի վաղեմի երազանգներն իրագործող Ժաննա Անդրեասյանը, այսպիսով, փորձում է ուսուցիչներին իրեն հացակից դարձնել:
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը ժամանակ չուներ՝ մի տող է տարածել ֆեյսբուքում. «Սիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսուցչի միջազգային օրվա առթիվ»: Ավելի անկեղծ է գտնվել, երևի ամաչել է ստել՝ կեղծ բառերով ծառնաբեռնված տեքստ բաց չի թողել:
Գլխավոր հանցագործը Ֆրանսիայում պետական բյուջեն մսխելով հեծանիվ է քշում, այդ իսկ պատճառով նրա աշխատակազմը դեռ շնորհավորական տեքստ չի թողարկել:
Վերադառնալով շնորհավորանքներին: Շնորհավորական այդ տեքստերը արարողակարգային, ձևական տեքստեր են, հետևաբար առավել կարևոր է՝ ո՞վ և ո՞ւմ է շնորհավորում:
Ո՞ւմ են շնորհավորում, այն ուսուցիչներին, որոնց զավակների և կրթած սերունդների՝ ավելի քան 5000 երիտասարդի լույս մարեցին Ալիևի ու Էրդողանի հետ պայմանավորված պատերազմում, Եռաբլուրը գերեզմանային հսկա քաղաք դարձրեցին:
Այն ուսուցիչներին, ում դպրոցներից դուրս մղեցին՝ կեղծ ատեստավորման գործընթացով, և նրանց փոխարեն դպրոցները լցրեցին ՔՊ-ականների ազգուտակի անգրագետ, լավագույն դեպքում՝ կիսագրագետ ներկայացուցիչներով, կանանցով, սիրուհիներով:
Այն ուսուցիչներին, ում խոստացան աշխատավարձերի բարձրացում ու խաբեցին:
Այն ուսուցիչներին, որոնց հայրենիքը՝ Արցախը, հանձնեցին ու Հայաստանը պատառ-պատառ հանձնում են թշնամուն:
Այն ուսուցիչներին, ում երկիրը տանում են թրքացման, վիլայեթացման՝ ժաննաանդրեասյանների նմանների միջոցով այլանդակելով դասագրքերը՝ դրանք ողողելով թուրքական թեզերով:
Այն ուսուցիչներին, որոնց կյանքը դարձրել են դժոխք՝ ավելացնելով կյանքի ծանրությունը ու ապագայի նկատմամբ անորոշությունը:
Այն ուսուցիչներին, որոնց սպառնում են՝ իրենց հրահանգները չկատարելու դեպքում զրկվել աշխատանքից:
Այն ուսուցիչներին, որոնց կրթած սերունդներին զոհաբերեցին և Փաշինյանի ուղիղ հրահանգով ոստիկանների, կարմիրբերետավորների միջոցով նրանց մայրերին Եռաբլուրում ասֆալտներով քարշ տվեցին՝ անարգելով նրանց որդիների հիշատակը:
Այն ուսուցիչներին, որոնց վրա ամեն օր պետական բոլոր ատյաններից ցինիկաբար թքում են, ստում, հայհոյում, վճարած հարկերը լափում, արտերկրում ունեցվածք ձեռք բերում:
Այն ուսուցիչներին, որոնք ամեն օր ամաչում են, որ սրանց նման ստախոս, անհայրենիք, ստորաքարշ, դավաճան, անգրագետ ծաղրածուներն ու պատուհասներն են իրենց ապագան որոշում:
Այն ուսուցիչներին, որոնց կրթած սերունդներին ամեն օր ասում են՝ թաղեք ձեր անցյալը, մոռացեք ձեր պատմությունը, ձեր ծագումը, ձեր ազգային արժեքները, ձեր արժանապատվությունը, ինքնությունը:
Այն ուսուցիչներին, որոնց պետությունը և Եկեղեցին, Վեհափառ հայրապետին, հավատքը ծաղրում են օտարերկրյա գործակալական ցանցի ներկայացուցիչ, աղանդավորական տարբեր խմբերի ներկայացուցիչ իշխանությունները:
Այն ուսուցիչներին, որոնց կրթած զավակին՝ երիտասարդ հղի կնոջը, վրաերթի է ենթարկում-սպանում երկրի դե ֆակտո ղեկավար Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, և որևէ մեկը չի պատժվում:
Այն ուսուցիչներին, որոնց կրթած սերունդներին թմրամոլ և ստամոքսով մտածող բիոզանգված են դարձնում այս անհայրենիք իշխանությունները:
Այն ուսուցիչներին, որոնց հայրենիքն ամեն օր կործանում են՝ նորանոր արկածախնդրություններով, նորանոր աղետների առջև կանգնեցնելով: