Փաշինյանն Էրդողանին և Ալիևին ասում է՝ ուրիշ տվող չեք տեսնի, բայց դրա գինն իմ հավերժ իշխանավարումն է․ Հրանտ Բագրատյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգը կամայականություն է ստեղծում՝ կսահմանազատեն և կսահմանագծեն այնպես, ինչպես ուզում են։ Դժվար է հասկանալ՝ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, հաճախ թվում է՝ դրանք խելագար զառանցանքներ են, քանի որ նրա ասածների միջև տրամաբանական կապ չկա։ Օրինակ, ասում է, թե Ալմաթիի հռչակագրով իբր պետք է սահմանվեն և ճշգրտվեն ՀՀ սահմանները։ Ալմաթիի հռչակագրում ասվում է՝ Խորհրդային միությունում առկա սահմաններն ընդունվում են որպես հիմք։ Հարց է ծագում՝ որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների սահմանները։ Պարզվում է, որ ամբողջ Խորհրդային միությունում սա միակ դեպքն է, երբ երկու երկրների սահմաններն ամբողջությամբ սահմանազատված և սահմանագծված են եղել 1984-87 թվականներին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«1980-ականների սկզբին Ադրբեջանի այսօրվա նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, որն, ի տարբերություն Դեմիրճյանի, Կոմկուսի քաղբյուրոյի անդամ էր, դառնում է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Ռիժկովի առաջին տեղակալ։ Ակնհայտ է, որ կային լուրջ սահմանային վեճեր, և այդ ժամանակ նա որոշում է նորից քննել երկու հանրապետությունների սահմանային հարցերը՝ ակնկալելով, որ Ադրբեջանը ստանալիք ունի։ Ադրբեջանցիները սիրում են ստել, և երբ սուտասան սերունդը մեռնում է, ու հաջորդ սերունդն է գալիս, նա սկսում է հավատալ դրան։ Օրինակ, երբ այսօր ադրբեջանցի երեխային ասում են, թե հայերն այս տարածաշրջանում եկվոր են, պետք չէ դրա վրա ծիծաղել, քանի որ նա այդպես էլ դաստիարակվում է»,- ասաց քաղաքական գործիչը։
«Ինչո՞ւ են ադրբեջանցիները կեղծում պատմությունը։ Բոլորը գիտեն, որ նրանք կեղծում են, բայց վաղը այն սերունդը, որը նախորդ սերնդի հետ կապ չի ունեցել, դա ընդունելու է որպես ճշմարտություն։ Խորհրդային տարիներին հայկական կողմից հանձնաժողովը գլխավորում էր Վլադիմիր Մովսիսյանը։ Քարտեզները սովորաբար վավեր էին, եթե դրանք տպագրում էր Մոսկվան՝ համաձայնեցնելով երկու կողմերի հետ։ 1977 թվականի ԽՍՀՄ սահմանադրությունն ասում էր, որ միութենական հանրապետություններն իրար հետ կարող են պայմանավորվել սահմանային հարցերում։ Այսօր ՀՀ-ն որդեգրել է տալու ստրատեգիան, առաջինը դա դրսևորվել է 2020-ի դեկտեմբերին, երբ Գորիս-Կապան ճանապարհը սկսեցինք զիջել։ Հիմա արդեն հասկանալի է, որ Ադրբեջանը դա արեց, որպեսզի մենք դեպի Իրան ելք չունենանք»,- նշեց Բագրատյանը:
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝այդ ինչպե՞ս է ստացվել, որ ժամանակին Ադրբեջանը Հայաստանի տարածքում ճանապարհ է կառուցել. «Իրանի հետ կապը կրկնակի պակասել է, Հալիձորի ճանապարհով կցորդներով մեքենաներն այլևս չեն կարող գնալ։ Այսօր մենք ընդամենը 28400 քառակուսի կիլոմետր ենք տնօրինում։ Այսինքն, մենք մեր տարածքից մոտ 1400 քառակուսի կիլոմետր չենք վերահսկում։ Եթե 1920-ականների թվականների քարտեզներով առաջնորդվենք, Հայաստանը մոտավորապես 31 հազար քառակուսի կիլոմետր էր։ Ինչո՞ւ է Նիկոլը տարածքներ տալիս՝ վախի՞ց։ Տալիս է, որովհետև ուզում է տալ, վերացնել։ Այսօր ռուսների հետևից է ընկել, վաղը ֆրանսիացիներին կհետապնդի»:
«Փաշինյանը խաղում է Էրդողանի և Ալիևի հետ, ասում է՝ ուրիշ տվող չեք տեսնի, ես ամեն ինչ տալիս եմ, սրա գինը մեկն է՝ ես անընդհատ պետք է իշխանավարեմ Հայաստանում։ Հասկացնում է, որ ինքը թքած ունի Հայաստանի վրա։ Ծաղրում է ռուսներին, ֆրանսիացիներին, ամերիկացիներին։ ԱՄՆ-ն ասում է, թե պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Պետդեպում կարո՞ղ են մի քարտեզ ցույց տալ, որով անկլավներ կան Հայաստանի տարածքում։ Դրանով ԱՄՆ-ն քծնում է Ադրբեջանին, որն իր ռազմավարական գծի մեջ է՝ կռիվ տալ ՌԴ-ի և Իրանի դեմ։ Սրանք ռուսներին ռազմավարական դաշնակցից դարձրել են ոչ ոք, ռուսներն էլ ի պատասխան որոշել են անցնել թուրանական առանցքի կողմը։ Նիկոլը դեռևս 2023-ին Բաքվի հետ գաղտնի պայմանագիր է կնքել և հանձնել միջանցքը»,- ամփոփեց Հրանտ Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում