Ռուսական «տնտեսական հրաշքն» ավարտվեց. ՀՀ տնտեսության աճի տեմպը կդանդաղի. կան անորոշություններ
ՀՀ կառավարությունն ահազանգում է՝ 2025 թվականին Հայաստանի տնտեսությունն այլևս չի ունենալու այն ֆինանսական հոսքերը, որոնք ուղղվում էին Հայաստան՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և դեպի Հայաստան վերաարտահանումների աճով։
Նման կանխատեսում Փաշինյանի կառավարությունն արել է 2025 թվականի բյուջեի նախագծում, որն արդեն ուղարկվել է Ազգային ժողով՝ մշտական հանձնաժողովներում քննարկվելու համար։
Ըստ կառավարության կանխատեսման՝ 2025 թվականի տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղման և վերաարտահանման դերի նվազման պայմաններում սպասվում է արտահանման և ներմուծման աճի տեմպերի զգալի դանդաղում:
Արդյունքում՝ ծառայությունների դրական հաշվեկշի վատթարացմամբ և դրամական փոխանցումների դերի նվազմամբ պայմանավորված՝ 2024թ. բյուջեի պակասուրդը կշարունակի խորանալ՝ հասնելով ՀՆԱ-ում 5%-ի:
Դրանից բացի, ըստ ՀՀ Կառավարության, ռուս-ուկրաինական շարունակվող հակամարտությունը և Ռուսաստանի դեմ կիրառվող աննախադեպ պատժամիջոցներն աշխարհում ստեղծել են նոր իրականություն, որի պայմաններում ՀՀ տնտեսական աճի կանխատեսումներն իրենց մեջ կրում են մեծ անորոշություն, ինչով պայմանավորված՝ ՀՀ տնտեսական աճի կանխատեսումների համար առկա են երկկողմանի ռիսկեր։