Բաժիններ՝

Աստված չանի, եթե սահմանները փակվեն, ցորեն չլինի, ի՞նչ պետք է անենք. հաստատ սա Սնուփ Դոգի համերգից շատ ավելի անհրաժեշտ գործ է. Հարություն Մնացականյան

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ Հայաստանն իր ցորենի 90 տոկոսը ներկրում է Ռուսաստանից, և հարցին՝ հնարավո՞ր է՝ ՌԴ-ն արգելի ցորենի ներկրումը, պատասխանել է՝ այդ հարցերը Կառավարության օրակարգում են։

«Պարենային անվտանգության հարցը մեզ համար միշտ էլ կարևոր հարց է եղել, մշտապես այդ և տարբեր հարցերի շրջանակում քննարկում ենք ունենում։ Ես ԱԺ-ում էլ եմ ասել, որ իմ վերջին պաշտոնական հեռախոսազանգը եղել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի հետ։ Հիմա դուք ուղղակի ուզում եք սենսացիա փնտրել»,- խոսքը կրկին ուղղելով լրագրողներին՝ նշել է Գ. Պապոյանը։

Խոսելով Կառավարության կողմից աշնանացան ցորենի սուբսիդիան դադարեցնելուց, Էկոնոմիկայի նախարարն ասել է.

«Կառավարությունը ծախսում է ՀՀ քաղաքացիների փողը։ Հայաստանում մենք հաշվարկներ ենք անում և տնտեսապես նպատակահարմար ծրագրերն ենք իրականացնում, եթե որևէ ծրագիր տնտեսապես ոչ նպատակահարմար է, մենք չենք իրականացնում։ Դրա փոխարեն՝ այլ նպատակահարմար ծրագիր ենք իրականացնում։ ՀՀ-ում ցորենի արտադրությունը տնտեսապես ոչ ձեռնտու գործընթաց է։ Մեկ հեկտար ջրովի տարածքից ստացվում է 450.000 դրամի ցորեն, բայց ծախսվում է 420.000 դրամ»։

Կարդացեք նաև

Գործարար, գյուղատնտես Հարություն Մնացականյանի համար հետաքրքիր է իմանալ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի պատասխանը հետևյալ հարցի վերաբերյալ՝ ինչպե՞ս անջրդի հողերում զարգացնել ինտենսիվ այգեգործությունը։

«Անջրդի հողում միայն հացահատիկային ու հատիկաընդեղենային մշակաբույս է հնարավոր աճեցնել, ուրիշ ոչինչ։

Հացահատիկային ու հատիկաընդեղենային մշակաբույսերի աճեցման համար էլ, եթե նորմալ պետական ճիշտ քաղաքականություն վարվի, թեկուզ ձեռնտու էլ չլինի, դա պարենային անվտանգության խնդիրն է՝ թիվ մեկ։ Ենթադրենք, եթե պետք է լինի 10-15 մլն դոլար սուբսիդավորում, որպեսզի այդ ապրանքի գինը մրցունակ դառնա, դա պարտադիր պետք է պետությունն անի։ Սա հաստատ Սնուփ Դոգի համերգից շատ ավելի անհրաժեշտ գործ է»,- 168.amի հետ զրույցում ասաց Հարություն Մնացականյանը։

Հարցին՝ եթե Կառավարությունը որդեգրել է նման պետական քաղաքականություն՝ ցորենի մշակումը փոխարինել ինտենսիվ այգիների մշակմամբ, սա Հայաստանի համար պարենային անվտանգության խնդիր չի՞ ստեղծում, Հարություն Մնացականյանը պատասխանեց.

«2022 թվականին մի նման դեպք եղավ, երբ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց, խոսակցություններ եղան, որ Ռուսաստանից հացահատիկն արգելվում է, մեզ մոտ միանգամից ցորենի գինը հասավ 300 դրամի։ Հիմա ենթադրենք՝ ցորենի ինքնարժեքը լինի 90 կամ 100 դրամ, ու Աստված չանի, եթե սահմանները փակվի, ի՞նչ պետք է անենք, եթե ցորեն չունենանք։

Ինքս ուզում եմ ինձ համոզել, որ մեր պատկան մարմիններն այսպես են վարվում՝ չհասկանալով։

Լավ, եթե ասում են՝ ցորենի արտադրությունը մրցունակ չէ, ի՞նչ են անում մրցունակ դարձնելու համար, Կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, վերջին անգամ ցորենի նորմալ սելեկցիա ե՞րբ են արել, ի՞նչ գիտափորձ են արել։ Հողերի դեգրադացիայի դեմ ինչպիսի՞ պայքար են մղում։ Կամ՝ գյուղատնտեսական տեխնիկայի թարմացման համար ի՞նչ են անում, որպեսզի 40 տարվա գյուղատնտեսական տեխնիկայով աշխատանքներ չիրականացնեն, որպեսզի կորուստները մինչև 30-40 տոկոս չհասնի։ Ի՞նչ են անում, թող քայլերի այս հաջորդականությունը պահեն, հետո կհասկանան՝ ցորենի արտադրությունը շահավե՞տ, թե՞ վնասակար է»։

Տեսանյութեր

Լրահոս