«Հայաստանում ցորենի արտադրությունը ձեռնտու չէ». Գևորգ Պապոյան

Այսօր Կառավարության հերթական նիստից հետո լրագրողներն Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են հայ-վրացական սահմանին հայկական բեռնատարները շարունակ սպասում, ի՞նչ խնդիր կա, որի մասին ահազանգում են բեռնատարների վարորդները։

Գևորգ Պապոյանը պատասխանեց, թե նման խնդիր չկա։

«Մենք էլ պարբերաբար նման հարցեր ստանում ենք, ուսումնասիրում ենք, մինչև հարցը ստանում ու ուսումնասիրում ենք, շատ հաճախ խնդիրներն արդեն լուծված են լինում։ Գիտեք, առևտրաշրջանառությունը մեծանում է, և ենթակառուցվածքները և հայ-վրացական, և վրաց-ռուսական սահմանին պետք է շարունակաբար մեծանան»,- նշեց Գևորգ Պապոյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանն այս պահին Լարսին այլընտրանք ունի՞, Գևորգ Պապոյանը պատասխանեց՝ իհարկե, կա։

Կարդացեք նաև

«Նույն լաստանավը Լարսին այլընտրանքային տարբերակ է, բայց այն չի աշխատում, որովհետև պետք չէ, ինչո՞ւ աշխատենք, անիմաստ փող ծախսենք»,- շեշտեց նա։

Դիտարկմանը, եթե լաստանավը պետք չէ, ուրեմն՝ այլընտրանք չէ, պետք չէ այն, Գևորգ Պապոյանը նկատեց՝ ունենք, եթե ուզենանք և կարիքը լինի, կգործարկենք։

«Այն պահին լաստանավը տնտեսապես օգտավետ էր, Կառավարությունն աջակցեց տնտեսվարողներին և այդ հնարավորությունը տվեց նրանց։

Լարսում այդ խնդիրներն առաջանում են տարբեր պատճառներով, կարող է երկու օր լինի վերանորոգման պատճառով, կամ մեկ օր՝ քարաթափման պատճառով, այսպիսի խնդիրներ կարող են լինել»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ Հայաստանն իր ցորենի 90 տոկոսը ներկրում է Ռուսաստանից, և հարցին՝ հնարավո՞ր է՝ ՌԴ-ն արգելի ցորենի ներկրումը, Գևորգ Պապոյանը պատասխանեց՝ այդ հարցերը Կառավարության օրակարգում են։

«Պարենային անվտանգության հարցը մեզ համար միշտ էլ կարևոր հարց է եղել, մշտապես այդ և տարբեր հարցերի շրջանակում քննարկում ենք ունենում։ Ես ԱԺ-ում էլ եմ ասել, որ իմ վերջին պաշտոնական հեռախոսազանգը եղել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի հետ։ Հիմա դուք ուղղակի ուզում եք սենսացիա փնտրել»,- խոսքը կրկին ուղղելով լրագրողներին՝ նշեց Գ. Պապոյանը։

Խոսելով Կառավարության կողմից աշնանացան ցորենի սուբսիդիան դադարեցնելուց, Էկոնոմիկայի նախարարն ասաց.

«Կառավարությունը ծախսում է ՀՀ քաղաքացիների փողը։ Հայաստանում մենք հաշվարկներ ենք անում և տնտեսապես նպատակահարմար ծրագրերն ենք իրականացնում, եթե որևէ ծրագիր տնտեսապես ոչ նպատակահարմար է, մենք չենք իրականացնում։ Դրա փոխարեն այլ նպատակահարմար ծրագիր ենք իրականացնում։ ՀՀ-ում ցորենի արտադրությունը տնտեսապես ոչ ձեռնտու գործընթաց է։ Մեկ հեկտար ջրովի տարածքից ստացվում է 450.000 դրամի ցորեն, բայց ծախսվում է 420.000 դրամ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս