«Դուք ընդհանրապես գժվե՞լ եք. կրակի հետ եք խաղում. կոչնչացնեն, ու չեք էլ զգա». Աբրահամ Գասպարյան

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի կարծիքով՝ Նյու Յորքում գտնվող «Թուրքական տուն»-ը մեծ հաշվով համարվում է թուրքական պետության տարածք, և հակահայկական, հակահունական, ինչ-որ տեղ՝ նաև հակաամերիկյան լոբբինգը հենց այդ շենքում է մշակվում:

«Էրդողանն անձամբ ներկա է եղել այդ շենքի բացման արարողությանը: Եթե դու Նյու Յորք ես գնում՝ ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովին մասնակցելու, բայց գնում ես թուրքական ներկայացուցչություն՝ հանդիպման, նշանակում է, որ դու խնդիր ես դրել բացառապես իրենց դաշտում խաղալ: Ինչո՞ւ չեզոք գոտում չես հանդիպում: Սա ունի մեկ գլխավոր մեսիջ. Ես շարունակում եմ պնդել, որ իր արտաքին լեգիտիմության միակ երաշխավորը եղել և շարունակում է մնալ Թուրքիան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա հիշեցրեց Փաշինյանի հայտարարությունը, թե եթե սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքները կարգավորող կանոնակարգի տակ կա Հայաստանի և Ադրբեջանի ստորագրությունը, ապա դա նշանակում է, թե երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, և նկատեց. «Սա կամ մեզ է գժի տեղ դրել, կամ միջազգային հանրությանն է հիմարացնում: Աշխարհն իրեն ինչպե՞ս պետք է լուրջ ընդունի, երբ կանգնում-ասում է՝ եթե հանկարծ խաղաղության պայմանագիրը հակասի ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ սահմանադրությունը պետք է փոխենք: Միջազգային հանրությունը չի՞ ասի՝ այ հիմար, միջազգային պայմանագրերի վավերացման հարցում ներպետական օրենսդրությունը, այսինքն՝ Մայր օրենքը՝ Սահմանադրությունը, ունի գերակայություն: Այս ամբողջ պայմաններում ո՞վ պետք է նրան տեր կանգնի՝ Թուրքիան: Թուրքիայի նման պետությանն է միայն ձեռնտու նման իշխանության գոյությունը Հայաստանում»:

Կարդացեք նաև

Աբրահամ Գասպարյանը մանրամասն ներկայացրեց թուրքական ուղեղային կենտրոնների մշակած ծրագիրը. «Մի գաղտնիք բացեմ՝ այսպես կոչված, հայկական տնտեսական էլիտաների մտածողության վերաբերյալ: Այդ էլիտաներն 90-ականների սկզբի Ռաֆայել Իշխանյանի երրորդ ուժի բացառման տեսության կողմնակիցներն են, որոնք երկար ժամանակ պետական բյուրոկրատական ապարատում և դրանից դուրս տնտեսական դաշտում մնացին թաքուն, կուտակեցին կապիտալ, և իրենց համար հիմա լավագույն հնարավորությունն է դեպի Թուրքիայի շուկա դուրս գալու:

Այդ մարդիկ քրոնիկ ատելություն ունեն ռուսական գործոնի նկատմամբ՝ ինչ-ինչ պատճառներով, շղարշը կարող է լինել «Կոլցո օպերացիա»-ի ժամանակ Սովետական Միության Օմոնի մասնակցությունը, բայց իրենք համարում են, որ Սովետմիություն  թե Ռուսաստան՝ միևնույն է, ոչ մի տարբերություն, կարծում եմ՝ դա բավականին խոցելի է դարձնում ընդհանրապես ՀՀ դիրքերը, եթե այդ նարատիվով ենք առաջնորդվում: Մի մասն էլ, այդ շղարշից բացի, համարում է, որ ռուսը սպիտակ թուրքն է, ոչ մի տարբերություն, դրա համար վաղ թե ուշ պետք է Թուրքիայի հետ լեզու գտնել, և ավելի լավ է հիմա բացել շուկաները՝ հայկական կապիտալը գնա Թուրքիա, թուրքականը գա այստեղ:

Կա ևս մեկ շերտ, որը զգուշավոր է այդ հարցում, որովհետև շատ լավ հասկանում է, որ թուրքական տնտեսական կապիտալի տրանսֆորմացիան անվտանգային գործոնի՝ Հայաստանում շատ հեշտ է լինելու ժամանակի ընթացքում: Նմանատիպ փորձեր նույն թուրքական ուղեղային կենտրոններում տասնյակ տարիներ առաջ քննարկում էին, ասում էին, որ հետանկախական շրջանում Թուրքիան ավելի լուրջ հնարավորություններ ուներ մտնելու հայաստանյան շուկա և այդ կապիտալով խժռել այդ պետությունը, խոսքը մոտ 1.5 մլրդ դոլարի ներդրումների մասին էր: Հիմա այդ հարցը նորից առաջացել է Թուրքիայում, և իրենք հորդորում են չկրկնել նախորդ վարչապետների սխալը և տալ այդ հնարավորությունը բացելու սահմանը Հայաստանի հետ, և թուրքական կապիտալը հանգիստ մտնի Հայաստան, հայկականն էլ թող գնա Թուրքիա, մեկ է՝ շատ փոքր է տնտեսական ներուժի իմաստով, որ կարողանա ազդել»:

Նա ընդգծեց՝ Արցախի հարցը չի փակվել. «ԵԱՀԿ ՄԽ երկու պետության ներկայացուցիչ խոսում է այն մասին, որ հայերի արժանապատվությունը գետնով է տրվել, այսինքն՝ սրանք՝ այս խեղկատակները, որ իրենց զոմբիլենդին կերակրում են, թե Արցախի հարցը փակ է, Հարիսը, որը Սպիտակ տան ղեկավարի ամենալուրջ հավակնորդներից մեկն է, ասում է՝ հայերի ազգային արժանապատվությունը տրորվել է, պետք է վերականգնել, իսկ դա նշանակում է արցախահայերի վերադարձ: Կանադայի ԱԳ նախարարն ասում է՝ արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցը չի կարող քննարկման ենթարկվել: Ֆրանսիան ասում է, որ չեն մոռացել ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը, քրիստոնեական ժառանգության նկատմամբ այն ամենը, ինչ տեղի է ունենում: Հիմա ես Նիկոլ լսե՞մ, թե՞ այս լուրջ պետություններին: Սրանք փակում են Արցախի հարցը Թուրքիայի հետ համատեղ, սրանք ոչ թե միջազգային հանրության հետ են ուզում սինքրոնացնել իրենց մոտեցումները, որովհետև միջազգային հանրությունը լավ հասկանում է՝ խաղաղության պատուհան էր բացվել, բայց միջնաժամկետ և երկարաժամկետ առումով թուրքական գործոնի գերակտիվացումն այս տարածաշրջանում չի բխում որևէ պետության շահերից: Այդ պետությունները սրանց նման հիմար չեն, որ ասեն՝ Արցախի հարցը փակվեց:

Արցախի հարցի վերաբերյալ լինելու են առաջիկայում շատ լուրջ խմորումներ, հիմա էլ շատ լուրջ խաղադրույքներ են կատարվում: Տարբեր երկրներում բանակցություններ են ընթանում, հայկական լոբբին է Սփյուռքում շատ ակտիվ աշխատում, արցախցիներն են ակտիվ: Բացի Հայաստանի իշխանություններից՝ բոլորը շահագրգռված են»:

Գասպարյանի խոսքով՝ Թուրքիայում շատ լավ հաշվարկում են՝ ի՞նչ անել, որպեսզի Փաշինյանի իշխանության երկարակեցությունը կարողանան ապահովել. «Փաշինյանը միակ անձն է, որն այսօրվա Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների համար ջոկեր է, ցանկացած պահի կարող են ավելացնել երկարակեցության ժամանակահատվածը, ցանկացած պահի կարող են նվազեցնել: Ալիևն ու Էրդողանը Փաշինյանի բաղձալի խաղաղության թուղթն ի վերջո տարբեր ձևակերպումներով կստորագրեն: Նա այն կարգի քաղաքական անբարոյականության մաստեր կլասներ է ցույց տալիս, չգիտեմ՝ որ մեկին անդրադառնամ: Անցյալ օրն իրենց ՔՊ նիստի ժամանակ ասել է՝ պատրաստվեք 2031-ի ընտրություններին. Այսինքն՝ գիտի, որ 2026-ին վերընտրվելու է: Թուրքերն ու ադրբեջանցիները շատ լավ հասկացել են՝ սրա ուզածն ինչ է: Եթե 2021 թվականի փետրվարին կար իրական վտանգ, որ, այո, Թուրքիան հատուկ ստորաբաժանումներ կարող է ուղարկել Հայաստան, որպեսզի պահի կոլաբորացիոնիստի իշխանությունը, հիմա նույն «Թուրքական տուն» գնալով՝ փորձում է կարգավորել այդ հարցը, որ՝ պետք չէ զորք մտցնել, պետք չէ գնալ ագրեսիվ հռետորաբանության՝ լարելով նաև միջազգային հանրությանը մեր դեմ, մենք այս գործընթացը կտանենք շատ հանգիստ, դուք Բաքվի վրա լրացուցիչ ճնշումներ գործադրեք, մի քանի բանտարկյալ բաց թողեք՝ որպես բարի կամքի դրսևորում, թող ստորագրեն այդ փաստաթուղթը, 2026-ին վերընտրվեմ՝ 2027-ին տեղի ունենա սահմանադրական փոփոխություն: Իրենք, բնականաբար, թուրքերի աջակցությունն են ապահովում»:

Նա շեշտեց՝ հոկտեմբերի 2-ին Բագրատ Սրբազանը շատ կարևոր ուղերձներ է փոխանցելու՝ հստակ գործողությունների և առաջիկա անցնելիք ճանապարհի վերաբերյալ. «Խնդիր է դրված օր առաջ այս չարիքից ազատվել, հնարավորինս շատ մարդկանց մոբիլիզացնել այս գործին հաջողություն բերելու համար»:

Աբրահամ Գասպարյանը նկատեց՝ չի կարելի մի պետության հետ հարաբերությունները վատացնելու հաշվին՝ մյուսի հետ դրանք լավացնել. «Կամ, որ ասում են՝ կողմնորոշվեք՝ որ պետության հետ եք: Ինչի՞ն կողմնորոշվենք: Դու, ուրեմն, այնքան կաս, որ Ամերիկայի, Ֆրանսիայի կամ Ռուսաստանի նման պետությանն ասես՝ վա՞տն ես: Դուք ընդհանրապես գժվե՞լ եք: Կրակի հետ եք խաղում: Ես հազար անգամ ասել եմ՝ ՌԴ նման բարեկամ պետություն ունենալը գուցե շահեկան չէ, բայց ՌԴ նման թշնամի ունենալը կործանարար է: Քեզ ինչպե՞ս կարող ես թույլ տալ՝ Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի նման պետությունների հետ ոտք գցել, ասել՝ սա վատն է, սա լավն է, ո՞վ ես առհասարակ, կոչնչացնեն քեզ, ու չես էլ զգա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս