Ադրբեջանն օդային հարձակման նախազգուշացման թուրքական համակարգ է տեղադրել օկուպացված Քարվաճառում. ինչ է մշակել Թուրքիան 44-օրյայի օրերին կանադական և ֆրանսիական արգելքների արդյունքում

Ադրբեջանը բանակցություններ է վարում թուրքական ASELSAN ընկերության հետ օդային հարձակման նախազգուշացման «Herikks» համակարգերի ձեռքբերման շուրջ:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ներկա դրությամբ համակարգը փորձարկման նպատակով տեղադրված է օկուպացված Քարվաճառի շրջանում կամ բարձունքներում՝ ավելի քան 3000 մետր բարձրության վրա:

Թուրքական ընկերության ներկայացուցիչը Բաքվում անցկացվող ադրբեջանական «ԱԴԵՔՍ» պաշտպանական 5-րդ հոբելյանական ցուցահանդեսի շրջանակում հայտնել է, որ նախազգուշացման համակարգը կարող է թիրախները հայտնաբերել՝ ինչպես ավտոմատ, այնպես էլ՝ ոչ ավտոմատ, և, որ այն կարող է գործել նաև շարժման ժամանակ:

Կարդացեք նաև

Նշենք, որ մի առիթով Ադրբեջանի նախագահը խոստովանել էր, որ Քարվաճառը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն առանց կրակոցի հանձնեց, ուժով ազատագրելը բարդ և ինչ-որ տեղ անհնարին էր լինելու, հատկապես՝ ցուրտ կամ ձմեռային եղանակային պայմաններում:

«Իհարկե, մենք դա կանեինք, բայց մեր կորուստները կարող էին շատ մեծ լինել։ Նույնիսկ բազմապատիկ ավելի, քան պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում։ Եվ մենք բոլորս լավ գիտեինք սա։ Անգամ հիմա բոլորը, ովքեր այցելում են այս շրջանները, տեսնում են՝ որքան բարդ է այնտեղ ռելիեֆը»,- այս տարեսկզբին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել էր նա:

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Քարվաճառի հատվածում հայկական բանակը ոչ մի սանտիմետր տարածք, դիրք չի կորցրել, իսկ Ադրբեջանը բավականին մեծ կորուստներ է տվել:

Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը պետք է վերադարձներ Քարվաճառի շրջանը մինչև 2020թ. նոյեմբերի 15-ը, այնուհետև 10 օրով ժամկետը հետաձգվեց՝ ապահովելու համար այդ տարածքից քաղաքացիական բնակչության և զորքերի դուրսբերումը:

Իսկ 168.am-ը Քարվաճառի ուղղությանն անդրադարձել էր նաև այլ առիթով:

Մասնավորապես, մենք ուշադրություն էին հրավիրել այն փաստի վրա, որ 2020 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել էր 2-րդ բանակային զորամիավորում՝ սահմանի տվյալ ուղղությամբ առկա մարտավարական իրադրությանը ծանոթանալու նպատակով, և հանդիպել 44-օրյա պատերազմից վերադարձած ու Քարվաճառը պահած ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի մարտիկներին, շնորհակալություն հայտնել նրանց իրենց վստահված առաջնագիծն անսասան պահելու համար: Երկրորդ զորամիավորման յուրաքանչյուր զինծառայողի կենսագրությունում մի հերոսական դրվագ կա:

«Զինուժի» պատրաստած տեսանյութում խոսվում է, որ բանակային զորամիավորումն անմիջապես անցել է զորքի վերախմբավորման, և վերաբաշխման աշխատանքներով է զբաղված, այնուհետև այդ ժամանակ ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Արայիկ Հարությունյանը որոշակի մանրամասներ է հայտնում և ներկայացնում այն փոփոխությունները, որոնք փուլային տարբերակով նախատեսված էր իրականացնել նախքան պատերազմը զբաղեցրած բնագծերում, նաև լինելու էին միջոցառումներ, որոնք պիտի ապահովեին պետական սահմանի անձեռնմխելիությունը և անառիկությունը:

«Նախարարին ներկայացվեցին այն բնագծերը, որոնք զբաղեցրած ենք եղել մինչև այս պահը, և, թե ինչ է նախատեսվում՝ համաձայն ԳՇ պետի (Օնիկ Գասպարյանի) կողմից հաստատված դիրեկտիվայի: Այսինքն, ըստ մարտական խնդիրների, կիրականացվեն միջոցառումները: Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, տղերքն ուժեղ են, որևէ խնդիր չկա»,- հրապարակված տեսանյութում շարունակել էր գեներալ Հարությունյանը, ով այսօր մեղադրվում է 2021 թվականի մայիսին ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժումների գործով, այդ ժամանակ նա 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր:

Բայց սրանից 3 օր հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին, Դավիթ Տոնոյանը որոշում է հեռանալ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից:

Արդյո՞ք Տոնոյանի հեռանալը կապ ունեցել է նաև Քարվաճառի ուղղությամբ ինչ-ինչ պայմանավորվածությունների և դրանց խախտման հետ, ժամանակը ցույց կտա:

Օրինակ, հնարավո՞ր է՝ Դավիթ Տոնոյանն իր ռուս գործընկերոջ հետ քննարկած լինի 2020 թվականի նոյեմբերի 15-ի փոխարեն՝ ոչ թե նոյեմբերի 25-ին Քարվաճառն անկրակոց հանձնել Ադրբեջանին, այլ շատ ավելի ուշ, որպեսզի հայկական կողմը հասցներ այդ ուղղությամբ ՀՀ բնագծերն ու դիրքերն ամրացնել, իսկ Փաշինյանը կուլ է գնացել Ալիևի ճնշմանը, որի հետևանքով Գեղարքունիքի մարզի հատվածում հետո՝ 2021 թվականի մայիսին, ադրբեջանական կողմը կարողացավ առաջխաղացում ապահովել և չի պատրաստվում դուրս գալ:

Բայց, ինչպես երևում է` որոշակի վախեր ունեն և ամենայն լրջությամբ մտածում են օդային հարձակման կանխման մասին:

Ի դեպ, 2021 թվականի հունիսին ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մատնանշել էր հայկական կողմի ռադիոէլեկտրոնային հզոր պայքարը (ՌԷՊ), ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել ադրբեջանական կողմի համար, երբ գործի են դրվել համապատասխան համակարգերը:

«Խնդիր դրված չէ՝ ինչ-որ տեխնիկայից հրաժարվել, այլ հարց է ծագել, որ տվյալ սպառազինության տեխնիկական ինչ-որ բաղադրիչ չի կարողացել դիմադրել հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարին, որովհետև հակառակորդը շատ հզոր ռադիոէլեկտրոնային դաշտ էր ստեղծել, նրանք ունեին ամենաժամանակակից ռուսական արտադրության ՌԷՊ համակարգերը»,- ասել էր նա:

Իսկ Ադրբեջանը ձեռք է բերել դարձյալ թուրքական ASELSAN ընկերության ASELFLIR-500 օպտիկական համակարգը։

Նշենք, որ այդ համակարգը փորձարկում է անցել արդեն Bayraktar TB3 հարվածային անօդաչու սարքի միջոցով:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, Թուրքիան որոշեց մշակել ASELFLIR-500 օպտիկական համակարգն այն բանից հետո, երբ 2020 թվականի պատերազմի ընթացքում էմբարգո կիրառվեց:

Ինչի՞ մասին է խոսքը: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի ՊԲ-ին հաջողվել էր խոցել թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ։

Ավելի ուշ Արցախի ՊԲ-ն տեսանյութ էր հրապարակել, և կադրերից մեկում երևում էր կանադական արտադրության CMX 15D օպտիկա, որից կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա:

Այս օպտիկայով զինված են եղել նաև թուրքական արտադրության մեկ այլ` Anka ԱԹՍ-ները:

Շարունակելով թուրք-ադրբեջանական ռազմական պայմանագրերի թեման, նշենք, որ թուրքական ROKETSAN ընկերությունն էլ Ադրբեջանին պատրաստվում է մատակարարել օդ-երկիր դասի թևավոր հրթիռ՝ SOM:

Այս առնչությամբ պայմանավորվածություններն Ադրբեջանի և Թուրքիայի միջև վաղուց էին հաստատվել, սակայն գործարքը կյանքի չէր կոչվել, քանի որ Ֆրանսիան արգելք էր դրել:

Նշենք, որ թուրքական SOM թևավոր հրթիռներն ունեն ֆրանսիական Microturbo ընկերության «Microturbo TRI 40» տուրբոռեակտիվ շարժիչներ: Այսինքն, ֆրանսիական շարժիչներով այս թևավոր հրթիռների հնարավոր վաճառքի հարցը քննության էր դրվել: Բայց թուրքական Kale Arge ընկերությունը մշակեց KTJ-3200 ռեակտիվ շարժիչ՝ SOM թևավոր հրթիռների կիրառման համար:

Այսինքն, Ադրբեջանի և Թուրքիայի պլաններում ոչինչ չի փոխվում, ռազմական համագործակցությունն ընդլայնվում է: Իսկ Ադրբեջանն ակտիվ կերպով իր ռազմական տեխնիկայի արդիականացում է իրականացնում և ոչ միայն՝ Թուրքիայի հետ համագործակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս