«Պատկերացրեք, ամբողջ օրը տանջվել, տորթ եք սարքել, մեկ էլ մի չարաճճի երեխա գալիս է և ձեռքով տալիս փչացնում ամբողջ արածդ». սպան՝ Քարվաճառը կորցնելու մասին

ՀՀ պետական սահմանի պահպանություն, երբ  15-20 մետր հեռավորության վրա ծածանվում է ադրբեջանական դրոշը

Նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո, անվտանգային բոլորովին նոր  իրավիճակ ունենք. մոտ 500 կմ-ով երկարած սահման, ինչի արդյունքում լրացուցիչ կահավորման, անձնակազմի ավելացման և ինժեներական  աշխատանքների հետ կապված խնդիրներ են առաջ եկել:

Իսկ մայիսի 12-ից, երբ  ադրբեջանցիները ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք, որտեղ են մինչև օրս, ունենք նաև անորոշ իրավիճակ: Խոսքը, մասնավորապես, Գեղարքունիքի մարզի մասին է, այս հատվածում, 168.am-ի տեղեկություններով, մոտ 400 ադրբեջանցի կա:

168.am-ն այցելել էր Սոթքի հատվածում տեղակայված հենակետեր:

Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը պետք է վերադարձներ Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, այնուհետև 10 օրով ժամկետը հետաձգվեց՝ ապահովելու համար այդ տարածքից քաղաքացիական բնակչության և զորքերի դուրսբերումը:

Նոյեմբերի վերջին ադրբեջանական կողմը հայտարարեց Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման իր իրավունքների մասին, ադրբեջանական զինվորները մտել  էին Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար:

Նույնը օրը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հայտարարել էր, թե հանքը կիսով չափ՝ մեր, կիսով չափ՝ ադրբեջանական կողմում է: Իրականում, սակայն, հանքը բաժանվեց այսկերպ. հանքի 70 տոկոսն անցավ Ադրբեջանին, 30 տոկոսը՝ հայկական կողմին,  ավելի ճիշտ՝ ռուսական «GeoProMining Gold»  ընկերությանը:

Հանքի տարածքում այսօր և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմերը հենակետեր են դրել: 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը վստահեցնում է՝ հենակետը գտնվում է պետական ​​սահմանին, մենք սահմանից ոչ մի մետր չենք նահանջել:  ՀՀ պետական սահմանի վրա տեղակայված մեր դիրքերն  ադրբեջանական զինված ուժերից 15-20 մետր հեռավորության վրա են:

«Հենց  մեր պետական սահմանի վրա են գտնվում մեր դիրքապահ զինծառայողները, որոնք ներկա պահին իրականացնում են պետական սահմանի պահպանություն: Նշված հատվածում մենք այս պահին պաշտպանական խնդիրներ չենք իրականացնում, քանի որ հակառակորդի կողմից որևէ սադրանք այս հատվածում չկա և չի էլ եղել: Այս բնագիծը, որ դուք հիմա կանգնած եք, սա մեր ՀՀ պետական սահմանն է, դուք տեսնում եք մեր և իրենց պետական դրոշները: Մեր պետական դրոշը մեր պետական սահմանի վրա է, իրենցը՝ իրենց»,- մանրամասնեց գնդապետ Պետրոսյանը՝ հավելելով, որ Սոթքի հանքավայրի հատվածում հակառակորդի կողմից որևէ շարժ չի նկատվել, հիմնական խնդիրը եղել է Ներքին և Վերին Շորժայի մոտ գտնվող հատվածներում, այդ հարցի շուրջ հակառակորդի հետ բանակցություններ են ընթանում։

«Զինծառայողներն ադրբեջանցիների հետ որևէ շփում չեն ունենում, միայն հրամանատարական կազմն է կապվում նրանց հետ, եթե հանձնարարական են ստանում՝ ինչ-որ հարցերի շուրջ բանակցել։ Այսինքն՝ լինում է միայն  2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը»,- ասաց գնդապետ Պետրոսյանը՝  ընդգծելով, որ ռուս զինծառայողներ հայկական պաշտպանական գոտում չկան, իսկ զինծառայողների հագի   ռուսական զրահաբաճկոնները ՊՆ պահեստներից են ստանում:

Ըստ Պետրոսյանի, ինժեներական կահավորումը ենթադրում է կացարանների, ճանապարհների, խրամատների, խրամուղիների, կրակակետերի կառուցում: Այսինքն, «պաշտպանական կառույցների կահավորման աշխատանքների ավարտ» հասկացություն զինված ուժերում չկա, բնագիծը միշտ կահավորվում է և ինժեներական աշխատանքներն ինտենսիվ ընթանում են, կառուցվում են նոր բնագծեր:

«ՀՀ պետական սահմանի երկայնքով ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում, թվեր պետք չի հրապարակել, քանի որ տեմպն ամեն վայրկյան ավելացնում ենք, ինժեներական տեխնիկայի քանակը՝ ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության»,- նշեց գնդապետ Պետրոսյանը:

Զինծառայողները զուսպ էին, բայց  մարտական ոգին բարձր էր, և հարկ եղած դեպքում պատրաստ են հուժկու հարված տալ հակառակորդին։ Իսկ քանի դեռ նման խնդիր չկա, հասցնում են անգամ գիրք կարդալ՝  Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ»:

Հաջորդ՝ հարևան հենակետը գտնվում է հենց Քարվաճառի շրջան տանող ճանապարհի վրա,  այն Քարվաճառից մոտ 45 կմ հեռավորության վրա է:

Ճանապարհն այժմ արգելափակված է բետոնե բլոկով: Այս հատվածում  ևս, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանի հավաստմամբ, սադրանքներ կամ խախտումներ չեն եղել: Կողմերը կահավորում են սահմանը, իրականացնում ինժեներական աշխատանքներ: Անձնակազմի համար տներ են տեղակայվել, էլեկտրականություն է մատակարարվում, սառնարանի ու սննդի պահարանների պարունակությունը համապատասխանում է բոլոր պահանջներին:

                                          «Արգելված» Կութը

Պատերազմից հետո Վարդենիսի տարածաշրջանի Կութ համայնքը դարձավ սահմանամերձ բնակավայր: Իսկ մայիսի 12-ից, ինչպես վերևում նշեցինք, օպերատիվ-մարտավարական իրադրությունն արևելյան և հյուսիսարևելյան սահմաններում փոփոխությունների  է ենթարկվել՝ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժման պատճառով:

Մասնավորապես,  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանը մայիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում ասել էր, որ այդ օրվա առավոտյան ժամը հինգին Կութ-Նորաբակ (Դամիրդագ-Կութ-Նորաբակ) հատվածում, Հայաստանի տարածքում 1,5 կմ և  2,5 կմ խորությամբ առաջ ընկած ադրբեջանական երկու ստորաբաժանումների կողմից միավորվելու փորձ է գրանցվել՝ իրենց համար առավել բարենպաստ իրավիճակ ստեղծելու համար: Ըստ այդմ՝ հայկական կողմը որոշել է մեկ նոր հենակետ ստեղծել՝ կանխելու համար հակառակորդի գործողությունները:

Այդ գործողությունների ընթացքում թշնամին օդային հետախուզության միջոցով բացահայտել է հայկական կողմին, շրջափակել ու գերեվարել 6 զինծառայողի: Գերիները մինչ օրս չեն վերադարձվել: Իսկ ադրբեջանական կողմը պարբերաբար ինժեներական աշխատանքներ իրականացնելու փորձեր է կատարում,  հունիսի 11-ին կանխվել է նման հերթական փորձը:

«Իշխող բարձունքների գերակշիռ  մասը գտնվում է մեր ձեռքում: Կան բարձունքներ, որ հիմնականում իրանք են տեղակայված, նաև դրան զուգահեռ՝ նստած է մեր զորքը, ոնց որ դուք տեսաք մյուս հատվածներում, որ դեմ առ դեմ նստած են, նույն հաջողությամբ մեր զորքերը դեմ առ դեմ հակառակորդին նստած են՝ մեր պետական դրոշով, մեր սպառազինությամբ: Այստեղ մեր զինծառայողներն իրականացնում են պաշտպանողական գործողություններ»,- վստահեցնում է գնդապետ  Պետրոսյանը և հավելում, որ Կութ գյուղը ոչ մի անգամ թիրախավորված չի եղել, գյուղացիները ահաբեկված չեն:

«Կրակոցները զուտ ինժեներական տեխնիկաների հետ կապված կրակոցներ են, մենք արգելում ենք, երբեմն թիրախավորված կրակոցներով, որ հակառակորդը չամրապնդվի Հայաստանի ինքնիշխան տարածքում: Մեր ստորաբաժանումներին դա հաջողվում է:  Գյուղից մինչև ադրբեջանական դիրքեր 3.5-4 կիլոմետր է»,- նշեց գնդապետը:

Թե քանի կիլոմետր է առաջ անցել թշնամին դեպի գյուղ, Պետրոսյանը հղում կատարեց ՊՆ-ի տրամադրած տվյալներին (այս հարցի վերաբերյալ վերջին տվյալները հրապարակվել են մայիսի 27-ին):

«Հատված կլինի, որ տված կլինեն 300 մետր,  հատված կլինի՝ 200, հիմա ես թվեր չեմ կարող հրապարակել: Վերցրեք այն տեղեկատվությունը, որ հրապարակել են ԳՇ-ն և ՊՆ-ն, դրանք հարյուր տոկոս համապատասխանում են իրականությանը»,- ընդգծեց զինվորականը:

Պաշտպանության նախարարության կազմակերպած լրագրողական այցի շրջանակներում  Կութ  գյուղի ղեկավար Սիմա Չիտչյանն իր հերթին հավելեց, թե կատարվող դեպքերի առնչությամբ գյուղացիներն անհանգստացած են, բայց խուճապ չկա.

«Գյուղը լքածներ էլ չկան, մենք վստահ ենք մեր զինվորների վրա»,- պնդեց նա՝ հավելելով, որ թշնամին հենց  արոտավայրերի վրա է «նստել»:

«Վարելահողերը գտնվում են ներքևում՝ հակառակորդի դիրքերից զգալի հեռավորության վրա։ Բայց արոտավայրերի խնդիրը մնում է։ Թշնամին փաստացի մեր արոտավայրերի վրա է նստել։ Խոտհունձը դեռ չի սկսվել, ու դեռ չգիտենք՝ ինչ ենք անելու»,- նշեց Չիտչյանը և անդրադառնալով հունիսի 5-ին տեղի ունեցած միջադեպին, երբ հակառակորդը  խոշոր եղջերավոր անասունների մի ամբողջ նախիր էր առևանգել, տեղեկացրեց. «Թշնամին 81 կով էր քշել-տարել, հաջորդ օրը մի կով փախել ու վերադարձել էր «տուն»»:

 

Գյուղապետը հույս ունի, որ եթե չհաջողվի վերադարձնել կենդանիներին, կառավարությունը կփոխհատուցի գյուղացիների անասունների կորուստը։

2-րդ բանակային կորպուսը 44-օրյա պատերազմում. ամբողջ Քարվաճառի բնագիծը կարողացել են պաշտպանել

2-րդ բանակային կորպուսը 44-օրյա պատերազմի ընթացքում իր մարտական խնդիրը լիարժեք կատարել է՝ նվազագույն  կորուստներով և վիրավորներով: Այլ կերպ՝ ամբողջ Քարվաճառի բնագիծը պաշտպանել են, ոչ մի սանտիմետր չեն նահանջել: Մեր տեղեկություններով, զորամիավորման զինծառայողների, պատերազմի օրերին զորամիավորման ենթակայության տակ գտնված մոբ ուժերի և կամավորականների շրջանում զոհերի թիվը մոտ 140 է, փոխարենը՝ զորամիավորման մարտական խնդիրների տիրույթում գտնված հատվածներում հակառակորդը մի քանի հարյուր մարդկային կորուստ է ունեցել: Սպան, որն  իր ենթակայության տակ գտնված Քարվաճառի դիրքերը մինչև վերջ պահել է, չցանկացավ ներկայանալ, ոչ էլ պատմել այդ օրերից՝ հուզմունքը մի կերպ  խեղդում էր կոկորդում: Նա ընդամենը մեկ օրինակով ներկայացրեց այն, ինչ մտածում է. «Պատկերացրեք, ամբողջ օրը տանջվել, տորթ եք սարքել, մեկ էլ մի չարաճճի երեխա գալիս է և ձեռքով տալիս փչացնում ամբողջ արածդ: Ես 7 տարի այդտեղ խրամաբջիջ առ խրամաբջիջ կառուցելով, արյուն, քրտինք եմ դրել, իսկ հիմա դրանք չկան: Բայց ոչինչ, մի օր սաղ հետ ենք բերելու»:

Ժամկետային Ստեփանյան Գևորգն էլ ծառայել է Հադրութում, պատերազմի օրերին այնտեղ  է եղել, հետո հոկտեմբերի 21-ին վիրավորվել է և տեղափոխվել ՀՀ, հիմա ծառայությունը շարունակում է Գեղարքունիքի մարզի հատվածում: Ասում է՝ Հադրութը շատ է կարոտել:

«Իմ հայրենիքն է, իմ հողն եմ կորցրել: Կարոտում եմ տարածքը, բնությունը, Հադրութը շատ թանկ տեղ էր ինձ համար, շատ էի կապվել: Մարտական գործողությունների ժամանակ ամեն կերպ մեզ ներշնչում էինք, որ չկորցնենք մեր հողերը, ինչ էլ ունենք, կարողանանք ավելացնել: Բայց ափսոս, որ կորցրեցինք այդ թանկ հողերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Ստեփանյանը:

Ներկա սպաներից մեկը մասնակցել էր Շուշիի մարտական գործողություններին: 168.am-ի հարցին, թե ինչպես եղավ, որ Շուշին կորցրեցինք, արձագանքեց. «Մասնակցել ենք մարտական գործողություններին ամենաբարձր մակարդակով: Մեր առաջ դրված խնդիրները կատարել ենք, մնացած հարցերն իմ պատասխանելունը չի»:

 

Տեսանյութեր

Լրահոս