«Երեկվանից մարդիկ իրենց տեղը չեն գտնում, 180 աստիճանով փոխվել են, վստահ են, որ Նիկոլը թուրքի շպիոն է». Կարեն Ղազարյան

Երկու օր է՝ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը, միմյանց հերթ չտալով հանդիպում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ու նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ։

Տարածվող լուսանկարներից ու տեսանյութերից պարզ է դառնում, որ և Նիկոլ Փաշինյանը, և նրա կինը երջանիկ են այս հանդիպումներով։

Տավուշի սահմանամերձ Աճարկուտ և Կիրանց գյուղերում բնակիչների մոտ՝ երկրի ղեկավարի ու նրա կնոջ հանդիպումները և հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը ցասում են առաջացրել, քանի որ բոլորը լավ են հիշում, թե ինչպես էր 2021 թվականին օկուպացված Շուշիում Էրդողանի կինն Ալիևին խորհուրդ տալիս սակարկել Բաքվում գտնվող հայ գերիներին ու պատանդներին և նրանց վերադարձնել միայն քարտեզների ու զիջումների դիմաց։

Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանի խոսքով՝ երկու օր է՝ Կիրանցի ու Աճարկուտի բնակիչներն իրենց տեղը չեն գտնում այս հանդիպումների պատճառով, նրանց համար արդեն հստակ է, թե ինչ նպատակներ ունի Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանը դարձնել Թուրքիայի ու Ադրբեջանի վիլայեթ։

Կարդացեք նաև

«Երեկվանից սկսած մարդիկ ակտիվորեն, նաև հոգեբանորեն իրենց պատրաստում են պատերազմի, սպասվող կործանարար պատերազմի։

Դե, ես էլ այդ մարդկանց ասում եմ՝ եթե չեք ուզում կրկին ունենանք կործանարար պատերազմ, պետք է հեռացնեք այս իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Իմ շրջապատում էլ կային մարդիկ, ովքեր ասում էին՝ չէ, Նիկոլը լավ ղեկավար է, բայց երեկվանից հետո 180 աստիճանով փոխվել են, վստահ են, որ թուրքի շպիոն է։ Այդ մարդիկ, ովքեր ապրիլ-մայիս ամիսներին շարժման ժամանակ մեր դեմ էին գործում, երկու օր է՝ զանգում ասում են, որ ցանկացած պահի մեր կողքին են կանգնելու»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Կիրանցում ու Աճարկուտում տիրող տրամադրությունների մասին նշեց Կարեն Ղազարյանը։

Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հանդիպումն Էրդողանի ու նրա կնոջ հետ, նրանցով հիացած տեսանյութերի ու լուսանկարների հրապարակումը անարգանք է Բաքվի բանտում գտնվող գերիների, պատանդների հարազատների նկատմամբ։ Անարգանք է նաև 1915 թվականին ցեղասպանության զոհ գնացած 1,5 մլն հայերի հիշատակի նկատմամբ։

«Սա անարգանք է նաև մեր զոհերի, պետության, պետականության հանդեպ, նաև մեր Եռագույնի, որը Նիկոլը թիկունքով փակել էր։ Նա կրծքին էր սեղմել Էրդողանի հեղինակած գիրքը, բայց որպես առաջին քրիստոնյա երկրի ղեկավար՝ երբևէ Աստվածաշունչն այդպես կրծքին սեղմե՞լ է, իհարկե ոչ։

Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն իր հույսն ինչի վրա է դրել, երբ Ալիևը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել, բայց հստակ է՝ նա ուզում է թուրքերի ու ադրբեջանցիների հետ «քիրվայություն» անել, Հայաստանն էլ դարձնել թուրքական մի գավառ, դրա համար Հայաստանում ամեն ինչ փլուզել ու շարունակում է փլուզել։ Տավուշն ունեցել է ամենաամուր բնագիծը, դա էլ է փլուզել։ Ինքն ասում է՝ «իմ ամենամեծ սխալն այն է, որ հայրենասեր եմ», բայց արդյո՞ք իր հայրենիքը Հայաստանն է, սա լուրջ թեմա է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Կարեն Ղազարյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը և նրա կինն իրենց քայլերով տապանաքար են դնելու իրենց իշխանության վրա, քանի որ օրեցօր նրանց քայլերը ոտքի են հանում հանրության դժգոհ հատվածին, այդ թվում՝ իշխանության ընտրազանգվածին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյան-Էրդողան հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Նյու Յորքում գտնվող «Թուրքիայի տանը»։ Հանդիպման ընթացքում Էրդողանը Փաշինյանին նվիրել է իր հեղինակած գիրքը, որը Նիկոլ Փաշինյանը լուսանկարներում պահել է կրծքին սեղմած՝ ժպիտը դեմքին։

Իսկ Աննա Հակոբյանն Էրդողանի կնոջ հետ հանդիպել է ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի անունից կազմակերպված ընդունելության ժամանակ։ Այս հանդիպման մասին նա տեսանյութ էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։

Տեսանյութեր

Լրահոս