Աննա Հակոբյանը զվարճանում է Էրդողանի կնոջ հետ, որը Ալիևին խորհուրդ էր տալիս քարտեզներ ստանալ հայ գերիների դիմաց` նրանց մաս-մաս հանձնելով

Այսօր Նյու Յորքում մասնակցեցի ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի անունից ընդունելությանը. գրել է Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը և տեսանյութ հրապարակել:

Տեսանյութում գրկախառնվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին մասնակից երկրների ղեկավարների կանանց հետ: Հատկապես ընդգծել է Ջիլ Բայդենի հետ իր գրկախառնությունները և, իհարկե, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ`Էմինե Էրդողանի հետ իր ջերմ շփումները:

Հիշեցնենք ընթերցողին Էմինե Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներից մի դրվագ, որը 2021 թվականին հունիսին, 44-օրյա դաժան պարտությունից հետո տարածվել էր տեղական և միջազգային մամուլում:

Կարդացեք նաև

Համացանցում էր հայտնվել մի հատված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցից Շուշի մեկնելու ճանապարհին, որին միջամտել էր Էրդողանի կինը։ Նա հորդորել էր Ալիևին ականապատ տարածքների քարտեզներ ստանալ հայ գերիների դիմաց։

Տեսանյութում Ալիևն Էրդողանին ասում էր, որ եթե ականապատ տարածքների բոլոր քարտեզները ստանան, ապա դա մեծ առավելություն կտա նրանց, քանի որ հակառակ դեպքում դրա համար մոտ 10 տարի կպահանջվի։ Խոսակցությանը միջամտել էր Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը՝ հարցնելով, թե կա՞ն արդյոք էլի հայ գերիներ։ Դրական պատասխան ստանալով Ալիևից՝ նա խորհուրդ է տալիս` ուրեմն մաս-մաս տվեք։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը այդ օրերին Faecbook-ի իր էջում հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցը լրացուցիչ նամակներով ուղարկել էր Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը` մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպական հանձնաժողովի նախագահին, Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին:

Թաթոյանը հրապարակել էր այն տեսանյութը, որում զրուցում են Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կինը՝ Էմինե Էրդողանը։

«Տեսանյութն ապացույց է առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առևտրի համար: Հետևաբար, գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են, իսկ կալանավորումները` արգելված պատիժ: Նամակներում ցույց է տրված` ինչպես են ադրբեջանական իշխանությունները մոլորեցնում միջազգային հանրությանը, այդ թվում` ԵՄ-ին»,-գրել էր Թաթոյանը:

Նիկոլ Փաշինյանը և նրա կինը արդեն երկու օր է`շփվում են 5000-ից ավելի երիտասարդների կյանք խլած 44-օրյա պատերազմի նախաձեռնողների, գործուն աջակցողների հետ` Էրդողան ամուսինների, ովքեր հրապարակավ բազմիցս խոստովանել են և այսօր էլ հպարտանում են այն փաստով, որ եթե Թուրքիան չմասնակցեր, ռազմական և այլ օգնություն չցուցաբերեր, ապա Ադրբեջանը չէր կարող իր նպատակին հասնել: Նրանք հպարտանում են, որ Փաշինյանի իշխանության շնորհիվ իրենք Արցախը վերցրեցին, իրենց երազանքներն իրականացրեցին և պատրաստվում են նրա իսկ օգնությամբ ավարտին հասցնել իրենց գլոբալ ծրագիրը` Զանգեզուրի միջանցքը, որը նրանք անվանում են թուրանական ճանապարհ:

Սրբապղծության այս տեսարանները Փաշինյանը և նրա կինը լուսանկարներով և տեսանյութերով տարածում են` թքած ունենալով պատերազմի զոհվածների, Բաքվի բանտերում գերության մեջ գտնվողների ընտանիքների տանջանքների և ապրումների վրա:

Հետաքրքիր է, Էրդողանի կինը Փաշինյանի կնոջը ասաց` ի վերջո` ե՞րբ են ավարտին հասցնելու հայ ռազմագերիներով քաղաքական սակարկությունը:

Տեսանյութեր

Լրահոս