Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փոխհատուցում վճարել կամ փողով, կամ տարածքով, իսկ Փաշինյանը ներում է թուրքական պարտքերը
Երկու օր հետո 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է: 2020 թվականի պատերազմին Թուրքիայի անմիջական մասնակցության մասին 168.am-ը բազմիցս մանրամասն անդրադարձել է, ապացույցներ ներկայացրել։
Ավելին, այս մասին հստակ փաստերի հիման վրա նաև գրել էինք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնավարած ռազմական ղեկավարությունը, մասնավորապես, Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ 2020 թվականի պատերազմին Թուրքիայի մասնակցությունը եղել է անմիջական, ոչ պրոքսի:
«Երրորդ կողմի անմիջական ներգրավվածություն, որը մեզ համար անմիջական տեսանելի էր: Երրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»,- նշել էր Տոնոյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Թուրքիայի ներգրավվածությունն իրականացվում էր ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե Հայաստանի սահմանի ուղղությամբ, այլ, այսպես ասած, ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում:
«Այսպիսի հաշվարկ մեր կողմից թերի է եղել, մենք չէինք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի ԶՈւ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45 կմ, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»,- շարունակել էր Տոնոյանը՝ միաժամանակ նշելով, որ պատերազմին նախորդած նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։
«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ, գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- նշել էր նա և ուշադրություն հրավիրել, որ Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին:
168.am-ը գրել էր, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դեռ հուլիսյան մարտերից առաջ էր զգուշացրել, որ Հայաստանը ստիպված է կռվելու Թուրքիայի հետ, ինչը և տեղի ունեցավ, որից հետո ռազմական շրջանակները սկսեցին ասել, որ, եթե Թուրքիան չլիներ, Ադրբեջանին հնարավոր էր հաղթել: Այսինքն, մասնավորապես, Թուրքիայի անմիջական մասնակցության պատճառով հայկական ուժերին բավական ծանր է եղել մարտ վարելն ու կռվելը:
44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Թուրքիայի անմիջական մասնակցության մասին էր խոսում նաև Նիկոլ Փաշինյանը՝ դրանում տեսնելով նաև ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը:
Ըստ էության, վերջին անգամ նա այս թեմային անդրադարձել էր օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսի ժամանակ՝ նշելով 44-օրյայի ժամանակ թուրք զինվորների կռվելու փաստը, որ պատերազմի ժամանակ բազմաթիվ տեղերում հայ զինվորականները, հայկական հետախուզությունը տեսել է թուրքական դրոշներ, թուրքական զինծառայողներ, Թուրքիայի հատուկ ջոկատային, բարձրաստիճան սպաներ, պատերազմի ողջ ընթացքում Թուրքիային պատկանող F-16 ինքնաթիռները, անօդաչու թռչող սարքերը եղել են օդում, սպասարկվել են թուրքական անձնակազմի կողմից: Բայց նույն ասուլիսի ժամանակ հորդորել էր չշեշտադրել կամ մոռացության տալ թուրքական այս գործողությունները, քանի որ Հայաստանը փորձում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել:
Եվ ահա, 2020 թվականին Արցախում տեղի ունեցած պատերազմի 4-րդ տարելիցի նախօրեին՝ սեպտեմբերի 24-ին, Նիկոլ Փաշինյանը գնացել էր Էրդողանի մոտ, ընդ որում՝ հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության նախկին և ներկա ղեկավարները՝ Հաքան Ֆիդանը և Իբրահիմ Քալընը:
Հավելենք, որ 4 տարի առաջ այս օրը՝ 2020 թ. սեպտեմբերի 25-ին, ռադիոկլանման միջոցով հենց թուրքական F-16-ի օդաչուների խոսակցությունից էին ՀՀ իշխանությունները հասկացել, որ պատերազմ է սկսվելու, և դրա հիման վրա էին ՀՀ ԶՈւ-երը 0046 դիրեկտիվի համաձայն՝ մաս-մաս բերվել առաջին աստիճանի պատրաստականության:
Նշենք, որ 2020-ի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժություններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում:
Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայացել էին օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։
Ի դեպ, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսված զորավարժությունները փաստացի երկարաձգվել էին, և օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:
Իսկ 2020-ի հուլիսին razm.info-ն գրել էր, որ Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում:
«Բայրաքթարների՝ մեզ հայտնի մշտական տեղակայման վայրերից առաջինը Եվլախի օդանավակայանն է, որտեղ տեղակայված է նաև Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկը»,- հայտնել էր մասնագիտացված կայքը:
Բայց այս ամենը Նիկոլ Փաշինյանը որոշել է մոռացության տալ, այն դեպքում, երբ «Զանգեզուրի միջանցքը» թուրքական ծրագիր է, որի համար Հայաստանը դեռ գին պետք է վճարի: Ավելին, Պակիստանը 44-օրյա պատերազմին ներգրավվել էր առաջին հերթին՝ հանուն Թուրքիայի հետ ամուր հարաբերությունների, իսկ 44-օրյայում դրվեց Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը:
Այս համատեքստում հարկ է նշել, որ այս օրերին Բաքվում անցկացվում է ադրբեջանական «ԱԴԵՔՍ» պաշտպանական 5-րդ հոբելյանական ցուցահանդեսը, որի շրջանակում Թուրքիան ու Ադրբեջանը ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրեր են ստորագրել:
Մասնավորապես, ըստ ադրբեջանական աղբյուրների, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոր համաձայնագիր է կնքել «Բայրաքթար» արտադրող թուրքական ընկերության հետ:
Բացի այս, հայտնի դարձել, որ ավարտվել է Սու-25 ռուսական գրոհիչների արդիականացման ծրագրի առաջին փուլը:
168.am-ը գրել էր, որ Ադրբեջանի զինանոցում առկա խորհրդային Սու-25 գրոհիչների արդիականացումն իրականացվում է թուրքական TUSAŞ-ի մասնակցությամբ, ինչը շարունակվելու է: Այս համատեքստում հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսի 24-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՀ ՊՆ-ի և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր, որի ճակատագիրը Պաշտպանության նախարարությունը գաղտնի է պահում:
Իսկ Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում թուրքական 5-րդ սերնդի TAI Kaan կործանիչների մատակարարման շուրջ և ոչ միայն:
Իսկ մինչ այդ Ադրբեջանն արդեն ստացել է JF-17C Block-III կործանիչները:
Մենք դեռ փետրվարին էինք գրել, որ Պակիստանի և Ադրբեջանի միջև կնքվել է 1,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիր՝ JF-17C Block-III կործանիչների մատակարարման համար, և, որ գործարքը ներառում է ինքնաթիռներ, զինամթերք և ուսուցում:
Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, Ադրբեջանը Պակիստանից գնել է 5 էսկադրիլ՝ բաղկացած 60 JF-17C Block-III կործանիչներից:
Նշվում է, որ այն իր տեխնիկական բնութագրով գերազանցում է Սու-25-ին և ՄիԳ 29-ին և կարող է դիմակայել Ս-300 ՀՕՊ համակարգին:
Վերադառնանք Էրդողան-Փաշինյան «թուրքական տարածքում» հանդիպմանը և հավելենք, որ Էրդողանը Փաշինյանին նվիրել է իր հեղինակած «Հնարավոր է ավելի արդար աշխարհ» գիրքը, որում Թուրքիայի նախագահը հատուկ ուշադրություն է դարձնում ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների անհրաժեշտությանը:
Մասնավորապես, թուրքական աղբյուրների փոխանցմամբ, Էրդողանն առաջարկում է վետոյի իրավունքի վերացման վրա կենտրոնացած օրակարգ ձևավորել: Այսինքն, Թուրքիայի ղեկավարը գտնում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիազորությունները պետք է ընդլայնել, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիազորությունները կրճատել, Անվտանգության խորհրդի հաշվետվողականություն Գլխավոր ասամբլեային, Գլխավոր ասամբլեայի կողմից Անվտանգության խորհրդի 20 մշտական անդամների ընտրություն անցկացնել՝ ներկայիս հինգի փոխարեն:
Էրդողանն այստեղ խոսում է, թե ժամանակակից աշխարհում արդարադատության պակաս կա, քանի որ գործ են ունենում երկակի ստանդարտների հետ, միջազգային ահաբեկչության, իսլամաֆոբիայի և այլն: Եվ սա ասում է մի երկրի ղեկավար, որն իր վրա կրում է ցեղասպանի կնիքը, որն աջակցել և մասնակցել է Ադրբեջանի բոլոր ռազմական հանցագործություններին Արցախում, Էրդողանն է հայտարարել, որ մտել են Լիբիա և Արցախ:
Հիմա Նիկոլ Փաշինյանն Էրդողանի գիրքը գրկած ի՞նչ է ուզում ասել՝ համաձա՞յն է, որ Թուրքիան նման պահանջ դնելու բարոյական իրավունք ունի, թե՞, որ աշխարհն Արցախի և Հայաստանի դեպքում արդար չի եղել և երկակի ստանդարտներ են եղել:
Հաշվի առնելով Փաշինյանի հրճվանքը և վարած քաղաքականությունը սեփական երկրի հանդեպ, ինչո՞ւ չէ՝ ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթը, հնարավոր է՝ առաջին տարբերակը: Կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանը ևս կասկածում է ՄԱԿ-ի լեգիտիմության և արդյունավետության վրա:
Ի դեպ, սեպտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը: Իսկ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում Կիպրոսի և Հայաստանի պաշտպանության նախարարները մամուլի համար հայտարարություն են արել։
Սուրեն Պապիկյանը, մաասնավորապես, հայտարարել է, որ հայ-կիպրական համագործակցությունն ուղղված է երկու երկրների անվտանգության և ինքնիշխանության ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կայունությանը նպաստելուն:
«Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերի հանրահայտ սկզբունքները»,- շեշտել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Իր հերթին՝ Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը հավելել է, որ փոքր պետությունները վճռական են պաշտպանելու իրենց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
Այնուհետև նա ներկայացրել է Կիպրոսում առկա անվտանգային վիճակը և Թուրքիայի ջանքերը:
«Թուրքիան փորձում է ապօրինի ներգաղթն օգտագործել՝ որպես ճնշման գործիք: Վերջին տարիներին Թուրքիան ռևիզիոնիստական արտաքին քաղաքականություն է վարում և ունի հարձակողական հռետորաբանություն, սպառնում է փաստացի կայունությանը և անվտանգությանը Կիպրոսում և Արևելյան Միջերկրականի ողջ տարածաշրջանում»,- շարունակել է Կիպրոսի պաշտպանության նախարարը:
Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ամեն պատեհ առիթով իր աջակցությունն է հայտնում Կիպրոսում երկու պետությունների ձևավորմանը՝ նշելով, որ «արևելյան միջերկրածովյան կղզում իրողությունների անտեսումը ոչ մի բանի չի հանգեցնի», և, որ Հյուսիսային Կիպրոսը «Թուրքիայի աչքի լույսն է»:
Նիկոլ Փաշինյանը, ով 44-օրյայում պարտվել է առաջին հերթին Թուրքիային, արդյո՞ք կիսում է նրա այս «արդար» դիրքորոշումը…
Ի դեպ, Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը հայտարարել է, որ եթե Հայաստանը չի կարողանա Ադրբեջանին նյութական փոխհատուցում տալ, ապա դա կարող է փոխարինել «տարածքային վճարով», իսկ Փաշինյանը ներում է Թուրքիայի պարտքերը…