Թուրքիան շարունակում է Ադրբեջանին նուրբ ակնարկներ անել 44-օրյա պատերազմում իր ուղիղ մասնակցության մասին. համատեղ ռազմական նոր ծրագրեր են մշակվում
Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ խոսել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում իր բանակի զինվորականության հերոսություններից՝ նշելով, որ կարողացել են հաղթահարել և ճեղքել Արցախի օկուպացված պաշտպանական շրջանների աշխարհագրական բարդ տեղանքները և այլն:
Նույն օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Թուրքիայի Վետերանների օրվա առիթով, որտեղ մատնանշվել է «Ադրբեջանի զինված ուժերի հերոսությունը», հստակ շեշտվել, որ կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել «44-օրյա պատերազմի վետերաններ Ադրբեջանից», սակայն հետո շարունակվել է՝ «Գյուլերը հարգանքի տուրք է մատուցել Թուրքիայի և Ադրբեջանի շեհիդների հիշատակին»:
«Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին և՛ ցավի, և՛ ուրախության ժամանակ՝ առաջնորդվելով «մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտով: Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է լինելու»,- շեշտել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Հավելենք, որ օգոստոսի 29-ին թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն իր ղեկավարած գերատեսչության շենքում հանդիպում է ունեցել «Ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքների անդամների հետ»:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը:
Մի կողմից՝ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը փորձում է տպավորություն ստեղծել և հատկանշել 44-օրյայում Ադրբեջանի կատարածը և հաղթանակը, մյուս կողմից՝ տողատակում հասկացնում է, որ այն հնարավոր չէր առանց Թուրքիայի, ընդ որում՝ ուղիղ մասնակցության:
Նշենք, որ Թուրքիայի գլխավոր շտաբի պետ գեներալ Մեթին Գյուրաքը սեպտեմբերի 17-ին ընդունել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Նամիգ Իսլամզադեին:
Ավելին, Իսլամզադեն հանդիպումներ է ունեցել նաև Թուրքիայի պաշտպանության նախարարի, Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի, Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար Հալուք Գյորգյունիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը, մտքեր են փոխանակվել համատեղ նախագծերի իրականացման շուրջ:
Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի ԳՇ պետը ռազմական հանդիպումներ է ունեցել Իտալիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ:
168.am-ը գրել էր, որ Ադրբեջանի ռազմական ծախսերի կրճատման լուրը չպետք է մեծ ոգևորության առիթ տա:
Ի դեպ, սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Միլան Շինտային:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցության հեռանկարներն ու այն զարգացնելու պատրաստակամություն են հայտնել, անդրադարձել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։
Նշենք, որ Սլովակիան Ադրբեջանին զենք վաճառող երկրներից է: Այս տարվա հունիս ամսին Ադրբեջանը և Սլովակիան որոշել էին ուժեղացնել համագործակցությունը պաշտպանության բնագավառում՝ ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության ոլորտներում: Իսկ վերջերս հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի զինված ուժերը ստացել է Սլովակիայից պատվիրված L-45 DITA 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը։
Նշվում է, որ Ադրբեջանը ստացել է TATRA T815 8×8 հարթակի վրա տեղադրված հաուբիցների վերջին արդիականացված տարբերակը:
Զինատեսակը հագեցված է կրակի կառավարման ավտոմատ համակարգով, այս մոդելի կրակային հզորությունն ու մանևրելու ունակությունն ավելի բարձր են, քան նախորդ տարբերակներում: Հաուբիցի անձնակազմը բաղկացած է միայն վարորդից և հրամանատարից։ Բայց Ադրբեջանի և Սլովակիայի միջև «գազային հարաբերություններ» ևս կան: Կհաջողվի՞ Հայաստանին Սլովակիայից զենք ձեռք բերել, ժամանակը ցույց կտա:
Հավելենք, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բուլղարիայի և Սերբիայի հետ ևս պաշտպանական համագործակցության շուրջ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել։ Թե ինչ փուլում են դրանք, հայտնի չէ:
Չմոռանանք, որ այս երկրները շատ լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ՝ ոչ միայն պաշտպանական բնագավառում, այլև դարձյալ ադրբեջանական գազի հզոր գործոնն է առկա:
168.am-ը մանրամասն անդրադարձել է այս թեմային: