Արդյո՞ք պետք է ոգևորվել Ադրբեջանի ռազմական ծախսերի կրճատման լուրից

Օգոստոսին ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից մեկը Հայաստանին մեղադրել էր պատերազմի պատրաստվելու մեջ՝ վկայակոչելով Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի զեկույցը, ըստ որի՝ ՀՀ տնտեսությունում ռազմական ծախսերը 4.2 տոկոս են, երբ Ադրբեջանինը 3.8 է:

Այս հրապարակումից մեկ ամիս հետո Ադրբեջանը հայտարարում է, որ Ադրբեջանը 2025թ. բյուջեում մոտ 7 տոկոսով կրճատում է պաշտպանության ու անվտանգության ծախսերը:

Եվ Ադրբեջանի 2025 թվականի պետական բյուջեի նախագծում այդ կարիքների համար նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 658,3 մլն մանաթ (ներկա փոխարժեքով՝ 3,9 մլրդ դոլար) կամ՝ բոլոր ծախսերի 16,8 տոկոսը։ Սա 6,6 տոկոսով պակաս է 2024 թվականի համեմատ։

Նշենք, որ 2024 թվականին 2023 թվականի համեմատ Ադրբեջանի պետական բյուջեից պաշտպանության և անվտանգության ոլորտի ֆինանսավորումն ավելացվել էր 6 տոկոսով, իսկ 2023 թվականին էլ 2022 թվականի համեմատ՝ 5 տոկոսով։ 

Կարդացեք նաև

Առհասարակ, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գրեթե ամեն տարի Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելացել է:

Իսկ այն, որ 2025 թվականի բյուջեում Ադրբեջանը 7 տոկոսով կրճատում է ռազմական ծախսերը, մեծ հաշվով, ոգևորվելու շատ պատճառ չկա:

Առաջին, Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո առանց դադարի զինվել է և մինչև 2024 թվականի ավարտը շարունակելու է: Գրեթե ամեն օր տարբեր երկրներից ադրբեջանական բեռնատար ինքնաթիռները ռազմական բեռ են տեղափոխում Բաքու:

Իսկ Ադրբեջանի ԳՇ պետն էլ մեկնել է Իտալիա, որի շրջանակում այցելելու է նաև իտալական ռազմարդյունաբերական ձեռնարկություններ: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն և Հռոմը «ռազմավարական գործընկերներ» են։

168.amգրել էր, որ Ադրբեջանը գնել է իտալական C-27J Spartan օդանավ:

C-27J NG բազմաֆունկցիոնալ տրանսպորտային ինքնաթիռը կարող է օգտագործվել տարատեսակ ռազմական խնդիրների և առաջադրանքների կատարման համար, ներառյալ՝ բեռների և զորքերի փոխադրում, դեսանտավորում, բժշկական տարհանում և այլն։
Ինքնաթիռը պատվիրատուի ցանկությամբ կարող է հագեցվել օպտիկաէլեկտրոնային հետախուզական սարքավորումներով, ռադիոլոկացիոն ցանցային ռադարով և այլ ժամանակակից համակարգերով։

Այսինքն, Ադրբեջանը բավարար զինված է և բավարար սպառազինություն է գնել տարբեր երկրներից, այդ թվում՝ նախորդ տարիներին ռազմական բյուջեի ավելացման շնորհիվ, և այս 7 տոկոս կրճատումը մեծ ոգևորության առիթ չպետք է տա: Այս մասին նույնպես 168.am-ը պարբերաբար գրել է։

Երկրորդ, այստեղ կարող է նաև քարոզչական տարր լինել: Այս համատեքստում հոդվածի ամենասկզբում բերված օրինակին հավելենք, որ օգոստոսին հրավիրած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի տնտեսությունում ռազմական ծախսերը 16-17 տոկոսն են կազմում, իսկ Հայաստանինը՝ 4-5 տոկոս:

Ադրբեջանը պաշտոնապես հերքել էր Փաշինյանի այս պնդումը: Այսինքն, Ադրբեջանը պետք է ցույց տա, որ գնում է խաղաղության, իսկ Հայաստանը՝ ոչ, և ոչինչ, որ, կրկնում ենք, Ադրբեջանի զինվածության մակարդակը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանին, Ադրբեջանն ունի նաև Թուրքիայի ռազմական աջակցությունը:

Երրորդ, Ադրբեջանի բյուջեի կրճատումից կարո՞ղ ենք ենթադրել, որ Հայաստանին առաջադրված բոլոր պահանջների իրականացմանը, այդ թվում՝ տարածքային, ադրբեջանական կողմում վստահ են, որ հասնելու են խաղաղ ճանապարհով, հատկապես Հայաստանին ճնշելու ռազմական, քաղաքական, դիվանագիտական բավարար լծակներ ունեն:

Չորրորդ, Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքները վերականգնելու և ականազերծման խնդիր ունի: 2025 թվականին նախատեսված է Արցախի օկուպացված տարածքներում և «Արևելյան Զանգեզուրում» շինարարական աշխատանքների վրա ծախսել 4 միլիարդ մանաթ:

Հավելենք, որ ադրբեջանական նավթի բյուջետային գինը հաջորդ տարի կհաստատվի 70 դոլար 1 բարելի դիմաց, ինչը ցածր է ընթացիկ 75 դոլարից, որը նախատեսված էր 2024 թվականի բյուջեում:

Ի դեպ, այս տարվա հունիսին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ SOCAR-ի եկամուտներն ընկնում են, և թեև 2024 թվականին ադրբեջանական նավթի գինը բարձրացվել էր, սակայն Ադրբեջանի բյուջեի դիվերսիֆիկացիայի հարցը դեռ սուր է մնում:

Վերադառնալով Ադրբեջանի զինվածությանը՝ նշենք, որ 2024 թվականին Ադրբեջանն ազդարարել էր սեփական զինված ուժերի գլոբալ արդիականացման նոր փուլի մասին, որտեղ մեծ դեր էր վերապահվել Թուրքիային, որի միջոցով Ադրբեջանը, օրինակ, արդիականացրել է իր զինանոցում եղած ռուսական Սու-25 գրոհիչները:

Ադրբեջանը հզորացնում է իր ռազմական արդյունաբերությունը, այդ թվում՝ համատեղ ձեռնարկություններ հիմնելու շուրջ ծրագրեր մշակելով Թուրքիայի, Պակիստանի և այլ երկրների հետ:

Կարճ ասած՝ Ադրբեջանը ռազմական բյուջեն կրճատելով՝ պակաս վտանգավոր չի դառնալու:

Տեսանյութեր

Լրահոս