ՀՀ իշխանությունների ժամանակավոր խորամանկությունը Ռուսաստանի հարցում․ ինչի՞ վրա է խաղադրույք արվում
Մոսկվային վրդովվեցնում են ՀՀ իշխանությունների՝ ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը միմյանցից էապես տարանջատելու փորձերը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած բրիֆինգի ժամանակ ասաց, որ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում նույն գործընկերներն են, նույն երկրները, սակայն պաշտոնական Երևանը հայտարարում է, որ չունի մտադրություն դուրս գալ ԵԱՏՄ-ից և նվազեցնել առևտրատնտեսական կապերը Ռուսաստանի հետ, սակայն «սառեցրել» է մասնակցությունը ՀԱՊԿ-ում։
Սա ռուս դիվանագետին տարօրինակ է թվում, քանի որ ՀԱՊԿ-ը մշտապես պատրաստակամ է եղել լսել ՀՀ խնդիրները, արձագանքել դրանց։
Նա նշեց, որ սրանք մանիպուլյացիաներ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ռուսական կողմը բազմիցս հանգամանորեն խոսել է ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի ջանքերի մասին, կիսվել իրենց գնահատականներով Հայաստանի իշխանությունների ընդունած որոշումների վերաբերյալ։
«Մենք կարծում ենք, որ Երևանից պարբերաբար հնչող պնդումները չեն համապատասխանում փաստերին»,- ասաց Զախարովան։
Նա նշեց, որ Հայաստանը սկսել է նվազեցնել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը և միջգերատեսչական համագործակցությունը։
«Նրանք անընդհատ խոսում են ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման մասին, իսկ ի հակադրություն՝ սկսել են արագացված տեմպերով մոտենալ Արևմուտքին։ Սրանում որոշակի մանիպուլյատիվ մոտեցում կա։ Տնտեսական ցուցանիշները խոսում են մեկ բանի մասին՝ կա մարդկանց, ընկերությունների և բիզնեսի շահագրգռություն կապերի սերտացման և ամրապնդման հարցում, իսկ քաղաքական վերնախավը հակառակն է գործում։ Սա կարող է վատ ավարտ ունենալ»,- զգուշացրեց Զախարովան։
Նա նաև նշեց, որ պատմությանը հայտնի են բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են նման մանիպուլյացիաներն օգտագործվել սեփական սխալները կոծկելու համար։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ-Սփյուռք գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ Նա նշել էր նաև, որ հայկական հայրենասիրության ներկայիս մոդելը կայսերական արմատներ ունի և ներդրվել է կայսրության կողմից, ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով Ռուսաստանին։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ առևտրատնտեսական կապերը փոփոխելու որևէ ծրագիր չունեն։
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն անդրադառնալով տվյալ թեմային՝ ասաց, որ ռուսական կողմին չի կարող չմտահոգել բարձրացվող հարցի բնույթը, թե ՀԱՊԿ-ը սպառնալիք է և ՀԱՊԿ-ը սպառնում է ՀՀ գոյությանը։
Նրա խոսքով, որքան ասես կարելի է քննարկել ՀԱՊԿ կառույցի արդյունավետությունը, միասնականությունը, սակայն պետք է արձանագրել, որ այն ոչ առանձնահատուկ դրական արդյունքներ է ապահովում, ոչ էլ՝ հակառակը։
«ՀԱՊԿ-ը Հայաստանին խանգարել է կապեր հաստատել Արևմուտքի հետ։ Ակնհայտ է, որ ՀՀ արևմտյան ինտեգրացիոն քաղաքականության ճանապարհին ՀԱՊԿ-ը լքելը եղել է պայման, առանց դրա, առանց ՀԱՊԿ անդամակցության սառեցման՝ ՀՀ-ն չէր կարողանա նույնիսկ քիչ աջակցություն ստանալ Արևմուտքից՝ ԵՄ-ից ու ԱՄՆ-ից։ ՀՀ-ն ընդհանուր առմամբ պահպանում է Ռուսաստանին քննադատելու ռեժիմը, դեմ է ռուսական միջնորդությանը Երևան-Բաքու գործընթացում, սակայն ԵԱՏՄ-ից ստացած օգուտները ՀՀ-ի համար այնքան շատ են, որ այս հարցը պարզապես ՀՀ իշխանությունների ընդհանուր ռուսական գծից տարանջատվել է։
Հիշեցնեմ այն հայտարարությունները, որոնք ԵԱՏՄ հարթակում հնչեցվում էին, թե սա աշխարհաքաղաքական բնույթի կառույց չէ, այլ զուտ տնտեսական, դրանք հայտարարություններ էին Արևմուտքի համար, որ ՀՀ ԵԱՏՄ անդամակցությունը կրում է զուտ տնտեսական բնույթ, որ այդ կառույցից ՀՀ-ն պարզապես դիվիդենտներ է ստանում, որոնք այդքան կարևոր են հետպատերազմյան Հայաստանի համար։ Սա է ողջ իրավիճակը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբանը։
Նրա խոսքով, Ռուսաստանում վաղուց են հասկանում այս ամենը, գիտակցում են, թե ինչ քաղաքականություն է որդեգրել Երևանը, սակայն ՌԴ արձագանքման հնարավորությունները սուղ են։
«Դա Երևանը ևս հասկանում է, ուստի հարաբերությունների այս մոդելը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմն ավարտված չէ և հայտնի չէ, թե ինչպես կզարգանան ռեգիոնալ քաղաքական պրոյեկտները։ Սա խորամանկություն է, որը, իհարկե, միայն ժամանակավոր արդյունք կարող է ունենալ, և սա հենց ժամանակավոր միջոց է՝ մինչ նոր աշխարհակարգի հաստատումը։ Սակայն այս քաղաքականությունն արդեն իր հետքն է թողնում հարաբերությունների վրա և էականորեն իջեցնում վստահության մակարդակը»,- ասաց նա։