Պառակտվել և հաճույք ստանալու «հացակարգը»

Հայաստանի հանրային-քաղաքական, ընդհուպ՝ կենցաղային համակեցության ճգմաժամով մտահոգ բոլոր շերտերը միանգամայն արդարացիորեն արձանագրում են, որ այս իրավիճակի հիմնարար պատճառը հասարակության պառակտումն ու տարանջատումն է, որը համարվում է գործող իշխանության ինքնապահպանության հիմնական գործիքը։

Որպես այդ արատավոր գործելակերպի օրինակներ՝ նշվում են նախկիններ-ներկաներ, թալանչիներ-հեղափոխականներ, նախկինում լատենտ կերպով կիրառվող, հիմա արդեն բացահայտորեն իշխանության կողմից խրախուսվող արցախցիներ-հայաստանցիներ երկբևեռ կաղապարները։ Սակայն իրենց ողջ արատավորությամբ հանդերձ, այդ կաղապարներն առավելապես քարոզչական հարթության գործիքներ են, որոնք կարելի է համարել իշխանության պառակտիչ քաղաքականության օպերատիվ, ընթացիկ սպասարկման միջոցներ։

Իշխանությունը, սակայն, չի բավարարվում միայն պայմանականորեն ասած պիտակավորող տարանջատմամբ, հանրային պառակտումը հիմա դրվել է ինստիտուցիոնալ, գաղափարական, աշխարհայացքային հիմքերի վրա։ Այն, ինչ հետևողականորեն քարոզում է Նիկոլ Փաշինյանը՝ «իրական Հայաստան», «լավ ապրուստ», «անհոգ կյանք» և այլն, իրականում ուղղված է հանրային, սոցիալական համերաշխության հիմնահատակ ավերմանը։ «Այստեղ հաց, այստեղ կաց» խորագրով ներկայացվող ընդհանուր առմամբ նյութականի պաշտամունքը կյանքի անհատականացման, ինդիվիդուալիզմի քարոզ է։ Այն դեպքում, երբ հանրային համերաշխության, պառակտվածության հաղթահարման համար կենսականորեն անհրաժեշտ են համահասարակական, վերանհատական բարիքներ, որոնք, չժխտելով ու չնսեմացնելով անհատի կյանքն ու նրա բարեկեցությունը, այդուհանդերձ ստեղծում են այնպիսի խմբային, հավաքական արժեքներ, որոնք անառարկելի, անբեկանելի են հասարակության բոլոր անդամների համար։

Մարդկությունը դեռևս չի գտել այդպիսի համահասարակական, վերանձնային բարիքի ավելի լավ օրինակ, քան պետությունն է։ Այս համատեքստում պետությունը՝ որպես հանրության բոլոր անդամների կոնսենսուսի ու քաղաքացիական պայմանագրի (ոչ ՔՊ-ի) արտահայտություն, միավորող, համերաշխություն ստեղծող գործառույթ ունի, մինչդեռ տվյալ դեպքում «հացը»՝ փաշինյանական քարոզչության մոտիվներով ներկայացվող հացը, ամբողջությամբ տարանջատող, պառակտող նշանակություն է ստանում։

Կարդացեք նաև

Իշխանության կողմից սրբացվող հացը հաց է՝ ի հաշիվ պետության, այսինքն՝ այն անհատական հաց է՝ այլոց հացի հաշվին հաց է, այն դեպքում, երբ պետությունը, պատկերավոր ասած, բոլորի ներդրած հացն է՝ հանուն՝ ինչպես հավաքական, այնպես էլ՝ անհատական ավելի շատ հացի։ Քարոզելով ահա «լավ ապրուստը»՝ այդ հասկացության ամենագռեհիկ պարզունակությամբ, իշխանությունը համահասարակականը, համընդհանուրը հակադրում է անհատականին՝ գերապատվություն տալով վերջինիս։ Հենց դա է նրա «իրական Հայաստանի» հայեցակարգը, որի անվանումն անգամ խաբեություն է։

Հայեցակարգը ենթադրում է մտավոր հայացք, գաղափար, միտք, ներհայեցում և բազմաթիվ այլ՝ վերնյութական բաղադրիչներ, մինչդեռ այսօր քարոզվողն իր գերնյութապաշտությամբ՝ ոչ այլ ինչ է, քան նյութակարգ կամ հենց հացակարգ։

Այսօրվա իրականության անտեսանելի առանձնահատկությունն այն է, որ ոչ թե Հայաստանն այսքան աղետալի վիճակում է, որովհետև հանրությունը պառակտված է, այլ հակառակը՝ հանրությունը պառակտվում է, որպեսզի Հայաստանը լինի հենց այսպիսի իրավիճակում։ Բայց այդ առանձնահատկությունը գոյություն ունի մեկ այլ իրավիճակային առանձնահատկության պատճառով կամ շնորհիվ պառակտված ու ավելի պառակտվող հանրությանը չի առաջարկվում պետությունը պահպանելու բովանդակային, իմաստային այնպիսի այլընտրանք, որը ոչ միայն հասանելի, այլ նաև գրավիչ կլինի մարդկանց համար։ Այլընտրանք առաջարկողները լավագույն դեպքում ներկայացնում են պառակտումը սպասարկող կաղապարային, մակերեսային հակադարձումներ, բայց ոչ՝ բովանդակություն։ Նաև այդ պատճառով հանրությունը դեռևս պառակտվում և հաճույք է ստանում։

 Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս