Թմրանյութի հսկայական դոզաներ՝ ընտրություններից առաջ

Ազգային ժողովում 2026թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները հերթական անգամ ցույց տվեցին իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի վտանգավոր, արկածախնդիր վերաբերմունքը պետության ու հասարակության, նրա միջոցների նկատմամբ:

Խնդիրը բյուջեի նախագիծը ներկայացնող նախարարների ու նրանց հարցեր ուղղողների չթաքցվող ծուլությունը չէ, ոչ էլ անգամ այն, որ միանձնյա իշխանության պայմաններում, առանց հակակշիռների ու զսպումների, բյուջեի քննարկումը սոսկ քաղաքացիների գումարները մեկ անձի կամքով ծախսելու մասին գյալաջի էր՝ փաթեթավորված «բյուջետավորմանը համապատասխանող» ձևակերպումներով:

Շատ ավելի վտանգավոր էր այն հայեցակարգային շեշտադրումը, որն արվում էր հաջորդ տարվա բյուջեի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե սա նորանկախ պատմության մեջ առաջին բյուջեի նախագիծն է, որը մշակվել է «խաղաղության պայմաններում» և իր վրա դրական իմաստով կրելու է այդ ազդեցությունը: Նույն միտքը, տարբեր ձևակերպումներով, կրկնում են գրեթե բոլոր ՔՊ-ականները՝ արդեն նաև պետական բյուջեն շաղկապելով «խաղաղության» հետ:

Այս մոտեցումը վտանգավոր է նրանով, որ պետության ու հասարակության կենսագործունեությունն ապահովող գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ուղղակի կախվածության մեջ է դրվում «խաղաղությունից», որն իր հերթին՝ նույնքան ուղղակիորեն կախված է Ադրբեջանից ու Իլհամ Ալիևից: Այն նույն Ալիևից, որն օրումեջ ամենավերջին ձևակերպումներով է խոսում Հայաստանի ու հայերի մասին՝ առանց այլևայլության հասկացնելով, որ խաղաղությունն իրեն հետաքրքիր չէ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանից չի ստացել պահանջած վերջին կտորը:

Կարդացեք նաև

Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ ամեն առիթով «ինքնիշխանության, անկախության, դիվերսիֆիկացիայի» մասին խոսող Նիկոլ Փաշինյանն այլևս ոչ միայն Հայաստանի անվտանգությունն է ուղղակի կախվածության մեջ դրել Ադրբեջանից ու Թուրքիայից, այլ նաև արդեն պետական բյուջեն, իմա՝ քաղաքացիների ամենօրյա կենսապահովումը:

Այսինքն, եթե, ասենք, հաջորդ տարի Ադրբեջանն այդպես էլ չստորագրեց խաղաղության պայմանագիրը կամ որևէ պատրվակով զրոյացրեց այն, առնվազն հայեցակարգային իմաստով կասկածի տակ կարող է հայտնվել նաև պետական բյուջեի կատարումը, եթե ոչ՝ հարկային, ապա առնվազն՝ ծախսային մասով:

Նիկոլ Փաշինյանը բյուջեի հետ կապված այսպիսի դիրքավորում է որդեգրել նաև այլ պատճառով: 2026 թվականը նախընտրական տարի է, արդեն իսկ ակնհայտ է, որ իշխանությունն ամեն ինչ անելու է քաղաքական օրակարգն ու մրցակցությունը «խաղաղություն կամ պատերազմ» երկընտրանքի վերածելու համար: Իսկ դա նշանակում է, որ քաղաքացիներին կարող են վախեցնել ոչ միայն պատերազմով, այլ նաև իրենց չընտրելու դեպքում «խաղաղության պայմաններում մշակված» բյուջեի տապալմամբ՝ կենսաթոշակների, նպաստների ու աշխատավարձերի չվճարմամբ:

Փաշինյանական խաղաղությունը, որը քիչ կապ ունի իրական խաղաղության հետ, վերածվել է յուրահատուկ թմրանյութի, որով գերդոզավորված իշխանությունը ցանկանում է դրա «ասեղի վրա նստեցնել» նաև հասարակությանը՝ դեռևս ոչ ուղղակիորեն սպառնալով, որ հակառակ դեպքում վերջինս կզրկվի հացից: Վերջին օրերի իրադարձությունների համատեքստում՝ անասնակերից:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս