Դպրոցում ինչպիսի՞ երեխաներն են ենթարկվում բուլինգի, որքանո՞վ են մեղավոր ծնողներն ու ուսուցիչները
Աշխարհում դեռահասների կեսը հասակակիցների կողմից ենթարկվում է բռնության։ Տարածված այս երևույթը ստացել է «բուլինգ» անվանումը, որի մասին էլ զրուցել ենք հոգեբան Անի Ապիտոնյանի հետ։
– Ի՞նչ է բուլինգը և քանի՞ տեսակ է լինում։
– Բուլինգը բռնություն է, հիմնականում բաժանում են ֆիզիկական, հոգեբանական և կիբեր բուլինգի։ Վերջինը սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող բռնություն է, և երեխաների մոտ տարածված է նկարների միջոցով միմյանց ձեռք առնելը։ Հոգեբանական բռնություն է՝ ծաղրելը, անպատվելը, նսեմացնելը և այդ կերպ երեխային մեկուսացնելը։ Իսկ ֆիզիկական բռնությունը և՛ ծեծն է, և՛ քաշքշուկը, թեկուզև կսմթելու միջոցով երեխայի իրերը վերցնելը։
– Երևույթը ո՞ր տարիքի երեխաների շրջանում է տարածված։
-Հավանաբար դեռահասության շրջանում, որովհետև ես-ի ձևավորման վերջնական փուլն է տեղի ունենում, և յուրաքանչյուրը որոշում է իր դիրքը տվյալ սոցիումում։ Լինում է վերադասավորում, ձևավորվում են նույն հետաքրքրություններն ու մտքերն ունեցողների խմբեր, առաջանում է իշխելու ձգտումը, և ամեն մեկը փորձում է մյուսին կառավարել, իր ուժն ու հմտությունը փորձել, ճնշելու միջոցով բարձրացնել իր արժեքը։
– Ովքե՞ր են ենթարկվում բուլինգի և ովքե՞ր են դառնում բուլերներ։
– Կարծում եմ, բուլինգի բոլորս ինչ-որ չափով ենթարկվում ենք ու բոլորս ինչ-որ չափով բուլերներ ենք։ Բայց այն, ինչի մասին խոսում ենք, հիմնականում ենթարկվում են երեխաները, ովքեր տարբերվում են մեծամասնությունից․օրինակ, կապուտաչյա են կամ օտարազգի։ Կարող է՝ երեխան ակնոց է կրում, թույլ է մաթեմատիկայից, բայց շատ լավ է այլ առարկայից։ Այսինքն, բուլինգը ոչ միայն ուղղված է այն երեխային, ով խեղճ է, այլև նրան, ում նախանձում են։ Ճնշելու միջոցով փորձում են չեզոքացնել այն յուրահատկությունը, որն ունի երեխան, ու այդ ֆոնին շեշտեն իրենց առավելությունը։
Իսկ բուլերներ են այն երեխաները, ովքեր փորձում են վերադասավորման ընթացքում իշխանություն ձեռք բերել, որպեսզի ցույց տան իրենց ես-ի առավելությունը, և դա անում են ուրիշին ճնշելու միջոցով։ Ինչպե՞ս է սա տեղի ունենում․եթե գնանք առաջին դասարան, ապա նոր միջավայրում հավաքվում են երեխաներ, ովքեր ծանոթ չեն իրար, ունեն տարբեր առանձնահատկություններ. մեկը շփվող է, մյուսը՝ ոչ։ Մեկ ուրիշը զգուշավոր է։ Ընդհանուր առմամբ բոլորս ունենք արժեքային համակարգի հիմք, սակայն յուրաքանչյուր ընտանիք ունի իր յուրահատուկ արժեքային համակարգը և դպրոց ուղարկելիս՝ ծնողներն արդեն տագնապում են, թե ինչպե՞ս է երեխան հարմարվելու նոր միջավայրում, ու փորձում են խորհուրդ տալ։ Մեկն ասում է՝ կգնաս միանգամից կխփես, դու ուժեղ ես, մյուսն ասում է՝ որ բան ասեն՝ սուս մնա, քեզ կոնֆլիկտ պետք չէ։ Այսինքն, ամեն ծնող իր փորձառությունն է հաղորդում կամ ժառանգում իր երեխային, որի միջոցով էլ երեխան փորձում է ինքնադրսևորվել։ Հիմնականում ընդօրինակում են ծնողների վարքագիծը։
Ծնողն ինչ ասում է՝ փորձում են տեղավորվել դրա մեջ, որովհետև, եթե ծնողն ասել է՝ կոնֆլիկտից խուսափիր, ինքը գիտի, որ կոնֆլիկտի դեպքում ծնողն իրեն չի օգնելու, ուստի առաջանում է անօգնականության զգացում, և երեխան մեկուսանում է։ Այստեղ կարևոր է մանկավարժի դերը։ Նրանք հիմնականում ուշադրություն են դարձնում բուլերներին՝ ագրեսիվ երեխաներին, քանի որ նրանց մոտ ցայտուն են այդ դրսևորումները։ Իսկ այն երեխաները, որոնք, թվում է, որ խելոք են, հանգիստ, չունեն արտասովոր վարքագծային դրսևումներ, մանկավարժներն անտեսում են, բայց պետք է փորձեն օգնել, որպեսզի նա ադապտացվի։ Պետք է հիշենք, որ օգնության կարիք ունեն և՛ բուլերները, և՛ բուլինգի ենթարկվածը, քանի որ ագրեսիային ագրեսիայով պատասխանելով՝ մենք երեխային ապացուցում ենք, որ ինքը ճիշտ էր՝ պետք է հարձակվել, որովհետև ոչ ոք չհասկացավ, որ ինքը խնդիր ունի, վախենում է՝ դրա համար է հարձակվում, և այլն։
– Այսինքն, ամեն ինչ գալիս է դաստիարակությունից։
– Բնականաբար։ Այն շարունակվում է մանկապարտեզում, դպրոցում, ինչպես նաև փողոցում։ Ու թե ինչպե՞ս երեխայի մոտ այդ բոլոր շերտերը կդասավորվեն ու ինչպե՞ս երեխան կվերադասավորի, սա մեկ այլ թեմա է։
– Եթե ուսուցիչը զգում է, որ դասարանում լարված է, բայց փաստեր չունի, ինչպե՞ս կարող է պարզել, թե ո՞վ է ենթարկվում բուլինգի և ո՞ւմ կողմից։
– Հիմնականում բուլինգի ենթարկվում են ավելի զուսպ, զգուշավոր երեխաները, որոնք հետո կարող են ագրեսիվ դառնալ, քանի որ որպես ինքնապաշտպանական մեխանիզմ՝ կարող է ագրեսիան աշխատել։ Բուլերների մոտ ևս զարգացած չէ հաղորդակցության հմտություն, դրա համար, օրինակ, տղաները քաշում են աղջիկների մազերը, փոխանակ ասեն՝ արի խոսենք։ Մազերը քաշելը բռնություն է, բայց տվյալ երեխան ուզում է շփվել, ուղղակի չգիտի, թե ինչպես։
Ծնողների մոտ կարող է ահազանգ լինել այն, երբ երեխան չի ուզում դպրոց գնալ, սովորել, շուտ-շուտ «հիվանդանում» է, հաց չի ուտում, լաց է լինում, դարձել է ագրեսիվ, ինքնամփոփ։ Սա նշանակում է, որ երեխան սթրեսի մեջ է, ու պետք է պարզել սթրեսի աղբյուրը։
– Երեխան անձա՞մբ պետք է դատաստան տեսնի, իր հարցերը լուծի, որ հետագայում մի բան լինի՝ չասեն, թե մանկական տրավմա է։
– Կարևոր հարց է։ Կարծում եմ՝ ծնողների կարևոր խնդիրներից մեկը երեխային ինքնուրույն դարձնելն է, որ կարողանան հարցեր լուծել։ Բայց եթե երեխայի թիկունքում ոչ ոք չկա՝ ագրեսիվ է դառնում, ու սա կարող է ամբողջ կյանքում դրսևորվել։ Երեխան պետք է իմանա՝ ինչ էլ պատահի իր հետ՝ լավ, թե վատ բան, ծնողին կարող է ասել ու պաշտպանություն ստանալ։ Սա ամենակարևոր կետն է։ Պաշտպանությունն այն չէ, որ կարող ենք գնալ՝ հարձակվել այն երեխայի վրա, ով հարվածել է, որովհետև նա էլ չունի հմտություն, չգիտի՝ ինչպես խոսել, հարցեր լուծել։ Պետք չէ նաև միանգամից զանգել տվյալ երեխայի ծնողին ու կոնֆլիկտը սրել։ Առաջինը մանկավարժի հետ զրույցն է, հարցին եռակողմ լուծում տալը։ Երբեմն չի ստացվում, քանի որ մանկավարժը թողնում է մի ծնողին, պաշտպանում՝ մյուսին։ Այդպես չի կարելի, որովհետև մանկավարժի խնդիրը ոչ թե մեկին արդարացնելն է, այլ երկուսին աջակցելն ու հարցը լուծելն է։ Լինում են դեպքեր, երբ բուլինգի ենթարկվող երեխայի ծնողը խուսափում է բարձրաձայնել խնդիրը, ինչը սխալ է. ծնողն էլ պետք է տեսնի, որ խնդիրը հնարավոր է լուծել, ինքը զոհ չպետք է դառնա։
Դեպքեր են լինում, որ թեման քննարկում են դասարանում՝ երեխաների մոտ, ու բուլերը տեսնում է, որ ինքն ուժեղ է, քանի որ բոլորը խոսում են այդ մասին։ Խումբը մեծանում է, դրա համար պետք է երեխաների ականջը չսովորի, որ իրենք կարող են հարձակվել ու չպատժվել։
– Պատմություն եմ հիշում, որ մի աղջիկ բուլինգի է ենթարկվել ուսուցչի կողմից։ Պատմում է, որ երբ դասարանով տեղ են գնացել՝ մի քանի քայլ է մնացել, որ հասնի ավտոբուսին, բայց չեն սպասել, դասը 10 բալի պետք է պատասխաներ, որ 5 բալ հազիվ ստանար։ Պատճառն այն է եղել, որ ծնողը շոկոլադ չի տարել ուսուցչին, և այլն։ Կա՞ն դեպքեր, երբ ուսուցիչների կողմից են երեխաները բուլինգի ենթարկվում։
– Ցավոք, կան նման դեպքեր։ Չմոռանանք, որ մանկավարժն անձ է։ Կարող է երեխայի հետ խոսել քննադատող ծնողի դիրքից, ու նա ընկճվի։ Նա այլևս մանկավարժին չի դիտարկում՝ որպես ուսուցիչ, այլ դիտարկում է մարդու, ով փորձում է իրեն անընդհատ «հարվածել»։ Երեք էգո հոգեվիճակ ունենք․երեխա, մեծահասակ և ծնող։ Երբ այդ հոգեվիճակները ճանաչում ենք, ավելի հեշտ ենք դարձնում մեր արձագանքը։ Օրինակ, երեխան մոռացել է տետրը, մանկավարժի մոտ առաջանում է երեխա հոգեվիճակը ու կարող է հումորով մոտենալ կամ կարող է վիրավորվել երեխայից, որովհետև մեր միջի երեխան է վիրավորվում։ Կասի՝ արհամարհում ես ինձ, դասը, որ տետրը մոռանում ես։ Երեխան չէր մտածել, որ արհամարհում է, ու սկսում է բացասաբար վերաբերվել ուսուցչին։
Մյուսը՝ քննադատող ծնողի հոգեվիճակն է։ Կարող է ասել՝ այդպես էլ պատասխանատու մարդ չի դառնա, իրենից ոչինչ դուրս չի գա։ Կոտրվե՞ց երեխան։ Սա քննադատող ծնողն է։
Պետք է ասել՝ վստահ եմ, այս հարցը կարող ես լուծել։ Երեխայի մոտ առաջանում է դրական տրամադրվածություն։
– Մեզ մոտ ընդունվա՞ծ է բուլինգի դեպքում դիմել հոգեբանի։
– Այո։ Ավելի շատ դիմում են զոհի կարգավիճակ ունեցող երեխաների համար։ Դիմում են, երբ երեխաները տագնապային նշաններ են ունենում, չեն ուզում դպրոց գնալ։ Հիմնականում տղաներն են դիմում։
– Դպրոցներում աշխատող հոգեբաններն ի՞նչ աշխատանք պետք է տանեն և տարվո՞ւմ է այդ աշխատանքը։
– Կարծում եմ, գերծանրաբեռնված են և՛ մանկավարժները, և՛ հոգեբանները։ Ավելի շատ օրվա ընթացքում հոգեբանները թղթային հարցերով են զբաղվում, քան հասցնում են աշխատել, այնինչ հակառակը պետք է լինի։ Տարբեր թեմաներով պետք է հանդիպեն, խոսեն յուրաքանչյուր դասարանում։ Անհրաժեշտ է հանդիպել նաև ուսուցիչներին, զրուցել։
Մանրամասները՝ տեսանյութում.