
ՇՊՀ-ում սկանդալների պակաս չկա. հերթական ծեծկռտուքը՝ պրոռեկտորի մասնակցությամբ

Այսօր Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) դիպլոմների հանձնման արարողություն է: Գյումրեցի լրագրող Հրաչ Սահակյանը դեռ օրեր առաջ էր անդրադարձել ՇՊՀ ղեկավարության՝ դիպլոմների հանձնման խտրական քաղաքականությանը, ուսանողների արյունը կարմիր ու կապույտի, այն է՝ կարմիր ու սովորական դիպլոմ ստացողների համար առանձին արարողություն կազմակերպելու խայտառակ փաստին:
Բարձրացված աղմուկից հետո այդ սցենարը չեղարկվեց, գրառումը հանվեց ՇՊՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջից, նոր հայտարարություն տեղադրվեց, որ դիպլոմների հանձնման միասնական արարողություն են անելու:
Պարզվում է՝ արարողությանը պետք է ներկա լինի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Բնականաբար, դահլիճը պետք է լիքը լինի, Հրաչ Սահակյանի խոսքով՝ հրահանգել են ներկայանալ նաև 2-րդ և 3-րդ կուրսեցիներին, սակայն վերջիններս հրաժարվել են գալ: Այս մասին էլ էր գրել մեր գործընկերն իր ֆեյսբուքյան էջում:
Ժաննա Անդրեասյանը ՇՊՀ, ի վերջո, եկել է, ՇՊՀ հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ մեդալները վերջապես տվել են 2 հոգու: Ի դեպ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) թղթակից անդամ, պրոֆեսոր Սամվել Սարգսյանին կրկին պարգևատրել են «Մեսրոպ Մաշտոց» մեդալով, որից մի հատ նա արդեն ունի. ստացել է 10 տարի առաջ:
Դիպլոմների հանձնման հետ կապված պատմությունը, սակայն, վերջին օրերի միակ սկանդալը չէ ՇՊՀ-ում:
168.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՇՊՀ պրոռեկտոր Գագիկ Նիկողոսյանը հերթական անգամ ծեծկռտուքի մեջ է ընկել, այս անգամ՝ ԲՈՒՀ-ի բաժնի պետերից մեկի՝ Վ. Է.-ի հետ: Պատճառը եղել է այն, որ բաժնի պետն աշխատանքի ուշ է ներկայացել, որի արդյունքում երկու պաշտոնյաները ԲՈՒՀ-ի դիմացի այգում մեծ սկանդալ են սարքել, գոռգռացել ու հարվածներ հասցրել իրար:
Ականատեսների պակաս, բնականաբար, չի եղել: Բայց դա էլ վերջը չէ: Պարզվում է՝ Գագիկ Նիկողոսյանը նախորդ տարի աշնանը ևս մեկ կոնֆլիկտ է ունեցել, այս անգամ՝ Ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոսներից մեկի ամուսնու հետ, ու կրկին դիմել բռունցքների օգնությանը:
Ի դեպ, սա Գագիկ Նիկողոսյանի մասնակցությամբ ծեծկռտուքի ամենևին առաջին դեպքը չէ, որի մասին տեղեկություն է ստանում 168.am-ը: Այդ ծեծկռտուքի պատճառը ևս ներբուհական խնդիրներն էին, և թե՛ 3 տարի առաջ, թե՛ հիմա փաստորեն ՇՊՀ-ում մթնոլորտը խիստ անառողջ է:
Հիշեցնենք՝ ևս մեկ խայտառակ, ԲՈՒՀ-ի համար ամոթալի միջադեպի մասին գրել էինք այս տարվա ապրիլին, երբ ՇՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը, ով, ի դեպ, մեղադրյալ էր կաշառքի վերաբերյալ քրեական վարույթով, նոր սկանդալի կիզակետում էր հայտնվել ամբիոնի վարիչի ընտրություններից հետո, երբ հայտնաբերել էր, որ ինքը չի ընտրվել:
Գիտխորհրդի նիստի մոտ 50 ներկաների ներկայությամբ, որոնց թվում են եղել ռեկտորը, պրոռեկտորը, ֆակուլտետների դեկանները, բազմաթիվ ուսանողներ ու ԲՈՒՀ-ի աշխատակիցներ, Արթուր Մկրտչյանը, մեր տեղեկությամբ, ամենավերջին հայհոյանքներն է տվել ռեկտորին՝ նրան մեղադրելով իր չընտրվելու մեջ, հարձակվել նրա վրա, փորձել հարվածներ տեղալ:
Հատկանշական է, որ այդ գործով արդեն մեղադրական վճիռ կա, որով արգելվում է, որ վերջինս որոշակի ժամկետներով պաշտոններ զբաղեցնի, բայց Արթուր Մկրտչյանը դեռ ամբիոնի վարիչի ժ/պ է:
Ի դեպ՝ ՇՊՀ գիտաուսումնական գծով պրոռեկտոր Նազելի Ավետիսյանը, ըստ մեր տեղեկությունների, հրաժարականի դիմում է գրել, ինչի պատճառը ռեկտոր Երվանդ Սերոբյանի հետ ունեցած լարված հարաբերություններն են: