Բաժիններ՝

«Խնդրի դեպքում ծնողը  չպետք է տագնապի, ամաչի, վախենա ու քողարկի»․ հոգեբանը՝ դեռահասների շրջանում թմրանյութերի օգտագործման դեպքերի մասին

Աշխարհում տարեցտարի աճում է թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր գործածող անձանց և թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը։ Այս վտանգավոր միտումը հատկապես վերջին տարիներին ահազանգող տեմպեր է գրանցում Հայաստանում։ Մտահոգիչ վիճակագրության մաս են կազմում նաև անչափահասները։

Երևացող վիճակագրությունը ցույց է տալիս միայն կենտրոններ դիմած, հաշվառված դեպքերը, ինչը, բնականաբար,  չի արտացոլում ողջ վիճակագրությունը։

«Հատկապես անչափահասների դեպքում ոչ բոլոր պարագաներում է, որ ծնողները դիմում են հիվանդանոց, կախվածության կենտրոններ հաճախ թաքցնում են, ամաչում են, վախենում են»,- 168am-ի հետ զրույցում նշում է նմանատիպ խնդիրների հետ առնչված հոգեբան Նարինե Աբրահամյան-Թովմասյանը։

Նա ցավով արձանագրեց՝  եթե նախկինում թմրանյութի օգտագործման առաջին փորձը վերաբերում էր չափահաս տարիքի անձանց, դպրոցն ավարտածներին, ապա վերջին տարիներին՝ արդեն նաև դպրոցահասակ տարիքի երեխաներին։

Կարդացեք նաև

Դեռահասներին դեպի թմրանյութերի օգտագործում ուղղորդող գործոնների,  պատճառների թվում Նարինե Աբրահամյան-Թովմասյանը շեշտում է հատկապես միջավայրի դերը։

«Սովորաբար չի լինում մի գործոն գործոն կարող է լինել դպրոցում մերժվածությունը, ընտանեկան խնդիրները, ծնողների ամուսնալուծություն, սոցիալ-հոգեբանական, տնտեսական դժվարություններ, ինչպես նաև՝ միջավայրը, որտեղ եղել է թմրանյութի օգտագործումը,- նշեց հոգեբանը, ապա իր մասնագիտական աջակցության շրջանակում իրեն առնչված մի քանի օրինակների մասին պատմեց,- Եթե մի դեռահասի դեպքում՝ գործոնների թվում էին միջավայրը, ընտանեկան ու դպրոցական խնդիրները, ապա մեկ այլ դեռահասի պարագայում՝ այդ միջավայրում խնդիրներ չեն եղել նա շատ լավ ընտանիքի դեռահաս է, նրան ուղղակի ծննդյան օրը  տելեգրամում «նվեր» է եկել, շատ չի հասկացել, չի գիտակցել։ Դեռահասը վերցրել է, օգտագործել, դրանից հետո նույն համարն առաջարկել է՝ «անհրաժեշտության դեպքում՝ դիմիր»»։

Ամեն դեպքում, մասնագետը կարևորում է միջավայրի աջակցության կարևորությունը՝ ինչպես նմանատիպ խնդիրները կանխարգելելու հարցում, այնպես էլ՝ արդեն խնդրին բախվելու դեպքում՝ ուղիներ գտնելու։

«Շատ հաճախ ոչ թե երեխայի հարցն է, թե ինչպե՞ս դուրս կգա խնդրից, այլ մեծահասակների, որովհետև նաև դպրոցներն են շահագրգռված ցույց տալու, թե իրենց մոտ խնդիր չկա միայն շատ գիտակից դասղեկը, ուսուցիչը, տնօրենն է պատրաստակամ՝ նմանատիպ իրավիճակների դեպքում բարձրաձայնել, փորձել գտնել լուծումներ։ Ու խնդրի բարձրաձայնումը թե՛ ընտանեկան միջավայրում, թե՛ դպրոցական միջավայրում լավագույնն է, ինչ կարող է անել մեծահասակը երեխաների համար»,- մանրամասնեց Նարինե Աբրահամյան-Թովմասյանը։

Հոգեբանը կարևորում է հատկապես ծնողի դերը՝ նկատելով, որ հաճախ ծնողների լարված գրաֆիկի պատճառով երեխաները մնում են ուշադրությունից դուրս, հետևաբար՝ ծնողը պետք է անգամ գերզբաղված վիճակում հետաքրքրվի երեխայի հույզերով, լսի նրան, փորձի խորհուրդներ տալ։

«Իսկ խնդրի դեպքում՝ ծնողը  չպետք է տագնապի, ամաչի, փակվի, վախենա ու քողարկի, որովհետև դրա  պատճառով զերծ կմնա համապատասխան ծառայությունից օգտվելուց։ Ընդհակառակը՝ երեխային պետք է ցույց տա, որ իր հետ է, իր կողքին։

Ծնողը նաև պետք է հասկանա, որ մեկ անգամվա փորձից հետո թմրանյութը փորձելու կրկնությունը գիտակցված ընտրություն չէ այսօր նյութերն այնպիսի հզորությամբ ու արագությամբ են առաջացնում ֆիզիկական ու հոգեկան բացասական տեղաշարժեր, որ դեռահասը կարող է ամեն ինչի  գնալ՝ հերթական չափաբաժինն ունենալու համար։ Երևույթը պետք է խորքային հասկանալ գիտակցել, որ դա ուղղակի վատ սովորություն չէ, գիտակցված ընտրություն չէ, որ դրա շարունակականությունը քմահաճույք չէ, այլ կախվածություն, որը բուժում է պահանջում։

Ի դեպ, կախվածություն ունեցող անձի կողքին ապրողները ևս ունեն հատուկ սոցիալ- հոգեբանական ու երբեմն նաև՝ բժշկական աջակցության կարիք»,- մանրամասնեց նա։

«Կախվածությունը դատավճիռ չէ, ամեն դեպքում»,- ամփոփեց Նարինե Աբրահամյան-Թովմասյանը։

Ո՞րն է պետության անելիքը՝ հարցին ի պատասխան՝ մասնագետն արձագանքեց՝  պետությունը չպետք է բավարարվի միայն իրազեկումով ու պատժի գործիքով։

«Պետք է երևի դեպքը բացահայտողներին խրախուսի, խնդիրը լուծողներին աջակցի»,- հակիրճ ամփոփեց նա։

Մասնագետները նշում են նաև՝ հատկապես դպրոցահասակների շրջանում թմրաշրջանառությունը կանխելու նպատակով հարկ է հանրակրթական դպրոցներում նաև ներդնել նոր մոտեցումներ՝ միջազգային ստանդարտներին համաձայն։

2024 թվականի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ավագ դպրոցների բարձր դասարաններում, միջին մասնագիտական կրթական հաստատություններում և բուհերում սովորողների շրջանում թմրամիջոցների գործածումից առաջացող վնասների վերաբերյալ իրազեկման միջոցառումներ են անցկացվել։

Նկատենք՝ իրավապահները հերքում են թմրամիջոցների շրջանառության մեջ անչափահասների մեծ մասնակցության մասին լուրերը։

Օրերս ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցության վարչության պետ Էդգար Պետրոսյանը տեղեկացրել էր՝  2024 թվականին հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության 3639 դեպք, ինչը 1400-ով պակաս է, քան 2023 թվականին։ Դրանցից 1910-ը բաժին է ընկնում իրացմանը, ինչը 892-ով պակաս է, քան 2023 թվականին։ 2024 թվականին պատասխանատվության է ենթարկվել 1228 քաղաքացի, որոնցից 7-ը՝ անչափահաս։ Ըստ Էդգար Պետրոսյանի՝ սա վկայում է այն մասին, որ թմրամիջոցների շրջանառության մեջ դեռահասների զանգվածային մասնակցության մասին լուրերը խիստ ուռճացված են։

Կանխարգելման նպատակով իրավապահները ծնողներին կոչ են անում հետևել երեխաների ֆինանսներին, քանի որ շատ դեռահասներ ներգրավվում են այս վտանգավոր ցիկլի մեջ՝ գումար վաստակելու նպատակով։

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի վերջին՝ 2024 թվականն ամփոփող տվյալների համաձայն՝ հաշվառված 7800 անձանց մեջ մոտ մեկ տասնյակի են հասնում անչափահասները։

Տեսանյութեր

Լրահոս