
Լավ ուսուցիչը

Ծնողներն իրենց որդու համար լավ դպրոց ու ուսուցիչ էին փնտրում և վերջապես ամենալավ ուսուցչին ընտրեցին նրա համար: Առավոտյան պապիկը թոռնիկին դպրոց տարավ: Երբ մտան դպրոցի բակ, երեխաները շրջապատեցին նրանց:
«Ի՜նչ ծիծաղելի ծերուկ է»,- ծիծաղեց մի տղա:
«Հե՜յ, հաստլիկ»,- ծաղրեց մեկ ուրիշը: Այդ պահին ուսուցիչը երեխաներին դասի կանչեց:
Պապիկը վճռականորեն բռնեց թոռնիկի ձեռքն ու դուրս ելավ փողոց:
«Իսկ ես դպրոց չե՞մ գնալու»,- հարցրեց տղան:
«Կգնաս, բայց ոչ այս մեկը,- բարկացած պատասխանեց պապիկը:- Ինքս դպրոց կգտնեմ քեզ համար»: Նա շատ դպրոցներում եղավ: Սպասում էր մինչև երեխաները դասամիջոցին բակ դուրս գան և հետևում, թե ինչպես են իրենց դրսևորում:
Ոմանք ծամածռություններ էին անում իրեն, ոմանք ուշադրություն չէին դարձնում: Վերջապես մի փոքրիկ դպրոցի բակ մտավ և հոգնած հենվեց ցանկապատին:
Զանգը հնչեց, և երեխաները դուրս վազեցին:
«Պապի՛կ, ձեզ վա՞տ եք զգում, ջուր բերե՞մ»,- լսվեց մանկական մի ձայն:
«Բակում նստարան կա, նստեք խնդրեմ»,- առաջարկեց մի տղա:
«Ուզո՞ւմ եք ուսուցչին կանչեմ»,- հարցրեց մեկ այլ երեխա: Շուտով բակ դուրս եկավ երիտասարդ ուսուցիչը:
Պապիկը ողջունեց նրան ու ասաց. «Վերջապես իմ թոռնիկի համար գտա ամենալավ դպրոցը»:
«Սխալվում եք, պապիկ, մեր դպրոցն ամենալավը չէ: Այն չափազանց փոքր է ու անհարմարավետ»:
Ծերունին չվիճեց նրա հետ, այլ պայմանավորվեց թոռնիկի ուսման համար ու հեռացավ:
Երեկոյան հարսն ասաց. «Հայրի՛կ, դուք կրթություն չեք ստացել, ինչո՞ւ եք կարծում, որ գտել եք ամենալավ ուսուցչին»:
«Որովհետև աշակերտներով են ուսուցչին ճանաչում»,- պատասխանեց պապիկը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի