«Ռուսաստանի համար դա ցավոտ, բայց ոչ մահացու կլինի. Իրանը համոզում է չգնալ այդ ճանապարհով». Հայկ Խալաթյան

Վերջին շրջանում Ռուսաստանն ակտիվ հղում է անում նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, որն ասում է. «…Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

Թերևս, սա նորություն չէ, բայց նույն Իրանից անհանգստություններ են հնչում այս առումով: Ինչո՞վ է սա պայմանավորված, ինչո՞ւ է Իրանն այսքան անհանգիստ, արդյո՞ք որևէ բան է փոխվել:

«VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն այն կարծիքին է, որ Իրանը գուցե ռուսական կողմի դիրքորոշման փոփոխություն տեսնում է, այսպես կոչված, միջանցքի հետ:

«Ի՞նչն է պատճառը, որ մի քանի տարի ՌԴ-ն մի դիրքորոշում է ունեցել, բայց այս տարի, ենթադրում ենք իրանական կողմի արձագանքից, որ փոփոխություն կա: Իրանի ԱԳՆ հրավիրված ՌԴ դեսպանի հետ քննարկել են տարբեր հարցեր, մինչդեռ եթե կանչում են բողոքի նոտա հղելու, այլ հարցեր չեն քննարկվում, բայց մենք տեսնում ենք, որ իրանական լրատվամիջոցներում, որոշ պատգամավորների ելույթներում դժգոհություն կա: Դա խոսում է այն մասին, որ մի կողմից՝ դժգոհ են, մյուս կողմից էլ՝ չեն ուզում պաշտոնական մակարդակի հանել այդ անհամաձայնությունը ՌԴ-ի հետ: Տեսնում ենք, որ Իրանն ու ՌԴ-ն շատ սերտ ռազմատեխնիկական համագործակցության մեջ են»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանը փորձում է օգտվել Հայաստանի իշխանությունների պրոարևմտյան քաղաքականությունից և ինտենսիվ աշխատել Իրանի և Ռուսաստանի հետ:

Կարդացեք նաև

«Ես չեմ կարող բացառել, որ ռուսական կողմի դեպքում Ադրբեջանը որոշակի հաջողության հասել է, մանավանդ, տեսնելով այն աննախադեպ ճգնաժամը, որ կա հայ-ռուսական հարաբերություններում»,- շեշտեց նա:

Դիտարկմանը՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը տեսնելով և աչքի առաջ ունենալով փաստը, թե ինչպես ՌԴ-ին դուրս մղեցին Արցախից, նույնը կարող է տեղի ունենալ նաև «Զանգեզուրի միջանցք»-ի պարագայում, եթե այն իրականանա, Հայկ Խալաթյանն այսպես արձագանքեց.

«Այո, չի բացառվում, որ Հայաստանին պատժելու գործողության արդյունքում Ռուսաստանը էլի պարտված դուրս գա այս իրավիճակից, իսկ պատժել, ես չեմ ասում, որ Ռուսաստանն Ադրբեջանին դրդում է հարձակվել Հայաստանի վրա, ինչպես դա ներկայացնում են հայաստանյան պրոիշխանական և պրոարևմտյան ուժերը: Ռուսաստանը հերիք է չխանգարի, Բաքվում վստահ լինեն, որ Ռուսաստանն իրենց չի խոչընդոտելու: Հայաստանը սերտ համագործակցում է Արևմուտքի հետ, որի դիմաց պահանջներ են դրվում ՀՀ իշխանությունների դիմաց՝ նվազեցնել հարաբերությունները ՌԴ-ի հետ, ինչի վկայությունն է Ջեյմս Օ՛ Բրայենի հայտարարությունը:

Արևմուտքն այս իրավիճակը պատմական հնարավորություն է համարում, ինչը նշանակում է, որ Արցախի կործանումը, էթնիկ զտումը ստեղծել է այդ «պատմական հնարավորությունը», որպեսզի այդ ճանապարհը գործի: Այս ֆոնին, չեմ բացառում, որ ռուսական որոշ շրջանակների մոտ կա գայթակղություն ասելու՝ դե, հույսներդ դրե՞լ եք Արևմուտքի վրա, Թուրքիան և Ադրբեջանը ձեզ որպես թշնամի են դիտարկում, մենք թույլ չենք տալիս իրենց կտրուկ գործողությունների գնալ, դե հիմա թող Արևմուտքը կանգնեցնի թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային, եթե այդքան վստահ եք, որ օգնելու են: Իրանական կողմից հնչող հայտարարությունները միտված են նրան, որ Մոսկվային համոզեն՝ չարժե այդ ուղիով գնալ, որովհետև այո, կարող է նույն Արցախի սցենարը կրկնվել»:

Նա նկատեց՝ Հայաստանի հետ սահմանի կորուստն Իրանի համար ռազմավարական մեծ խնդիրներ է ստեղծելու, իսկ ՌԴ-ի համար դա կարող է ցավոտ լինի, բայց ոչ մահացու. «Ռուսական կողմը վստահ է, որ նույնիսկ, եթե հիմա աշխարհաքաղաքական պարտություն կրեն տարածաշրջանում, ապա մի քանի տարի հետո հնարավորություն կունենան վերանայելու ներկայիս ուժերի դասավորվածությունը, վերականգնելու իրենց դիրքերը տարածաշրջանում: Բայց Արևմուտքի մոտեցումն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի ուժեղացումը տարածաշրջանում նշանակում է Արևմուտքի երկու գլխավոր հակառակորդների դիրքերի թուլացում՝ ՌԴ-ի և Իրանի: Ռուսաստանը պետք է դա հասկանա, բայց ռուսական ղեկավարության մեջ տարբեր մոտեցումների պայքար է գնում:

Կան ուժեր, որոնք ավելի ռազմավարական են մտածում, գտնում են, որ այսպիսի խաղերը կարող են բերել Թուրքիայի և Արևմուտքի ուժեղացման և թույլ չտալ, որ հետո նորից, ցանկության դեպքում ՌԴ-ն վերադառնա տարածաշրջան: Բայց կարծիք կա, որ եթե Ուկրաինայում հաղթեն, ապա դրանից հետո ՌԴ-ն այլ դիրքերից է հանդես գալու և նոր խաղի կանոններ է ստեղծելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս