Մենք այսօր անբովանդակ և անիմաստ պետություն ենք՝ ոչ մի բանի մասին, մեր թշնամիները մեզ դա չեն ների․ Վահե Հովհաննիսյան

Իշխանությունն ասում է՝ հեծանիվ, խաշլամա, ֆեստիվառ, դիմացն ունենք այդ ամենի ծաղր, բայց մեծ հաշվով՝ երկիրը դրանից ոչինչ չի շահում։ Լայն հասարակության 90 տոկոսը չի հասկանում՝ ինչ է կատարվում, մարդիկ կենցաղայնացված վիճակում են։ Սա մի հասարակություն է, որը շոկերից դուրս չի գալիս, բայց և անտեր է մնացել։ Կա այդպիսի գաղափար՝ անտեր մնացած հասարակություն և պետություն, և երբ մի կարճ փուլ անտեր ես մնում, ունենում ես լուրջ աղետներ։ Մենք այսօր այդ վիճակում ենք։ Մեր մեծագույն խնդիրն այն չէ, որ ունենք մի իշխանություն, որին կարելի է հանգիստ տալ այն որակումները, որոնք տրվում են արդեն հինգ-վեց տարի՝ մեկը մեկից ճիշտ և դիպուկ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը:

«Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ձևավորված չէ այն բովանդակային այլընտրանքը, որը պիտի գա և խոսի իր հասարակության հետ, առաջարկի ինչ-որ բան։ Խաշլամայի և հեծանվի այլընտրանքն այդ խաշլաման և հեծանիվը ծաղրելը չէ։ Միջին կրթական ցենզ ունեցող ցանկացած մարդ հասկանում է, որ սա տրագիկոմեդիա է։ Բայց այլընտրանքային քաղաքական ընտրանիների խնդիրը բովանդակություն առաջարկելն է։ Մենք շատ հաճախ մոռանում ենք, և դա մեր ազգային հատկանիշներից է, որ Հայաստանը Լուսնի վրա չէ՝ ունի կոնկրետ հարևաններ, տարածաշրջան, ապրում է մարդկության պատմության կոնկրետ ժամանակահատվածում։ Մերձավոր Արևելքը մեծ պայթյունի շեմին է, Եվրոպայի մեջտեղում ընթանում է ծանր պատերազմ, իսկ մենք մեր երկու դաշնակիցների հետ սուր հակամարտության մեջ ենք, մեզ սպառնում են նոր պատերազմով, որը մեզ մի անգամ արդեն ջարդել է»,- ասաց ընդդիմադիր գործիչը:

«Ի՞նչ բովանդակություն է այսօր առաջարկվում՝ զրոյական։ Եթե պարզ խոսենք, մենք այսօր անբովանդակ պետություն ենք՝ ոչ մի բանի մասին։ Կարելի է մեղադրել իշխանություններին, և համար մեկ մեղավորն իրենք են։ Ստացվել է այնպես, որ 2018-ին փողոցից իշխանության են եկել մի խումբ պատահական մարդիկ, իսկ թե ինչ է կատարվել հետո, պատմությունը կբացահայտի։ Այս իշխանությունը երկրին բերել է պատմական աղետներ։ Ունենք հանրություն, որը մոլորված է, չգիտե՝ ինչպես դուրս գալ այս վիճակից, և ելքեր է փնտրում մի գռեհիկ ձևակերպման մեջ՝ մեզ պետություն պետք չէ, թողեք հանգիստ ապրենք։ Մեր հակառակորդներն այս ուղերձը շատ ուղիղ և պարզ են հասկանում, այն է՝ կարծես թե այս ժողովուրդը դեմ չէ պետություն չունենալուն»,- նշեց հանրային գործիչը:

Կարդացեք նաև

Վահե Հովհաննիսյանի կարծիքով՝ ամենամեծ ողբերգությունն այն է, որ մենք չենք կարողանում այս անիմաստ վիճակի փոխարեն՝ բովանդակություն ձևավորել. «Մենք այսօր անիմաստ պետություն ենք, և մեզ չեն դա ների, կօգտվեն այդ անիմաստությունից։ Իհարկե, սա ժամանակավոր վիճակ է, բայց պետք է հասկանալ՝ ինչ անել, ինչից սկսել։ Լուրջ անհատներից պետք է ձևավորվեն քաղաքական միավորներ, հին միավորները պետք է գնան բարեփոխումների՝ այն աստիճանի, որ պարզճակատ դուրս գան և ժողովրդին ինչ-որ բան առաջարկեն։ Պիտի ասեն՝ հեծանվից դուրս, խաշլամայից վեր կյանք կա, և հանգիստ ու խաղաղ ապրելու միակ ձևը լուրջ պետություն ունենալն է։ Հանգիստ ու խաղաղ ապրելը վատ գաղափար չէ, բայց առանց պետության այդպես ապրելն ուղիղ ճանապարհ է դեպի աղետ»:

«Վախենալու է արձանագրելը, որ մեր երկրում, մեր հասարակության մեջ կան հանրային տրամադրություններ, թե կարող է նաև պետականություն չունենանք, բայց վայելենք, դա նշանակում է, որ այդ վիճակին կարող ենք հանգել։ Նայենք, թե արտաքին աշխարհը՝ անմիջական հարևանները, հակառակորդները, թշնամիները, պոտենցիալ դաշնակիցները, մեզ նայելիս՝ ի՞նչ իրականություն են տեսնում։ Փորձենք մեզ կողքից նայել։ Պատերազմից հետո այս ժողովուրդը չի կարողանում ոտքի կանգնել, 44-օրյա պատերազմից անցել է չորս տարի, իսկ այս ժողովրդի ընտրանիները չեն կարողանում հետպատերազմյան վերականգնման նախագիծ մշակել իրենց ազգի համար»,- ամփոփեց Վահե Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս