Լրագրողների եվրոպական ֆեդերացիան կոչ է անում ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ

Մինչ Ադրբեջանի կառավարությունը Բաքվում կայանալիք COP29 համաժողովից առաջ ուժեղացնում է լրագրողների նկատմամբ ճնշումները, Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) կոչ է անում միջազգային հանրությանը՝ ուժեղացնել ճնշումն իշխանությունների վրա՝ ազատ արձակելու Ադրբեջանում անարդարացիորեն բանտարկված 23 լրագրողներին և լրատվամիջոցների աշխատակիցներին:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսը, որն առավել հայտնի է՝ որպես COP29, անցկացվում է Ադրբեջանի կառավարության կողմից: Այն տեղի կունենա Բաքվում 2024 թվականի նոյեմբերի 11-22-ը: Այս միջազգային համաժողովից առաջ Լրագրողների եվրոպական ֆեդերացիան կոչ է անում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) քարտուղարությանը, որը տեղակայված է Բոննում (Գերմանիա), ապահովելու, որ COP-ի բոլոր հյուրընկալողները, ներառյալ՝ Ադրբեջանը, հետևի մարդու իրավունքներին և չօգտագործի COP29-ը որպես պատրվակ՝ գրաքննության ենթարկելու լրագրողներին և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին:

Եվրոպայի խորհրդի Լրագրության պաշտպանության պլատֆորմը փաստագրել է Ադրբեջանում լրագրողների ազատազրկման 23 դեպք՝ պարզապես իրենց աշխատանքը կատարելու համար։

Ադրբեջանի կառավարության ռեպրեսիվ զայրույթն արտահայտվում է նաև նրա սահմաններից դուրս, ինչի մասին վկայում է անկախ լրագրող Աֆղան Սադըգովի նկատմամբ Վրաստանում հարուցված արտահանձնման գործընթացը։

2024 թվականի ապրիլին Եվրախորհրդարանը հրատապ բանաձև է ընդունել, որը կոչ է անում «անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին» Ադրբեջանում և «ԵՄ պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմի ներքո Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր թույլ են տվել մարդու իրավունքների լուրջ խախտումներ»։ Լրագրողների եվրոպական ֆեդերացիան կարծում է, որ վաղուց ժամանակն է խոսքից գործի անցնելու։

 

 

Տեսանյութեր

Լրահոս