Ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ սկզբունքների մասին դեկլարացիա. նոյեմբերի 10-ի եռակողմը քաղաքական փաստաթուղթ չէ. ադրբեջանական ազդակներ
168.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը, ըստ էության, հրադադարի փաստաթուղթ էր:
Սրա մասին հուշում է ոչ միայն եռակողմի առաջին կետը. «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», այլ նաև պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը՝ «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթն ավելի շատ ՌԴ խաղաղարար ուժերի տեղակայմանն էր վերաբերում»:
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը «Новости Кавказа GSAC» յութուբյան ալիքի հեղինակ, քաղաքական մեկնաբան Գելա Վասաձեի հետ հարցազրույցում, ըստ էության, հաստատել է մեր դիտարկումը, իհարկե, որոշակի վերապահումներով:
«Այսօրվա դրությամբ ունենք 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, որը ռազմաքաղաքական բնույթի է, որտեղ չկան քաղաքական էլեմենտներ: Կամ՝ եթե հայտարարության տեքստից որոշ հատվածներ հանենք, ապա այնտեղ մնում է՝ ադրբեջանցիները գալիս են այստեղ, հայերը դուրս են գալիս այսինչ տեղից, գալիս են խաղաղապահները, իրենց գործողությունների ավարտից հետո գնում են, և վերջ: Եվ, ըստ էության, իրավական հարթության մեջ առկա են ինչ-որ պարտավորություններ կրակի դադարեցման մասին: Ու հիմա հնարավորություն կա այս ամենը սկզբունքներով լրացնելու՝ խաղաղության ապագա գործընթացի համար»,- նշել է Զուլֆուգարովը՝ հավելելով, որ երկու կողմերն էլ ինչ-ինչ հարցերի շուրջ անհամաձայնություններ ունեն, ուստի «մաքրման» պրոցես է գնում:
Սակայն սա չի նշանակում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Զանգեզուրի միջանցքից» հրաժարվել է, ոչ: Բայց, ըստ Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարի, Խաղաղության պայմանագիր դեռ երկար ժամանակ չի կնքվելու, այն, ինչ ստորագրվի, իրենից ներկայացնելու է ընդամենը սկզբունքների մասին համաձայնագիր:
Ի դեպ, այս համատեքստում Զուլֆուգարովն ակնարկել է, որ հնարավոր է՝ ադրբեջանական կողմից մի հայտարարություն էլ լինի սահմանների հետ կապված:
«Օրինակ, որ սահմանները պետք է որոշվեն բոլոր քարտեզների հիման վրա՝ սկսած 1920 թվականից մինչև Խորհրդային Միության փլուզումը: Ալմա Աթայի հռչակագիրը կողմերից յուրաքանչյուրը փաստացի յուրովի է ընկալում, տարբեր կերպ,- շեշտել է ադրբեջանցի դիվանագետը և ընդգծել,- Մի օգտագործեք «խաղաղության պայմանագիր» ձևակերպումը, դա աշխատանքային անվանում է: Իրականում գործ ունենք սկզբունքների մասին համաձայնագրի կամ դեկլարացիայի հետ: Իսկ խաղաղության պայմանագրի կոմպոնենտները մշակման փուլում են դեռ, իհարկե, որոշ «տրեկեր» հայտնի են՝ փոխվարչապետերի մակարդակով խոսվում է կոմունիկացիաների վերականգնման մասին, սահմանների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով է ստեղծվել, ձևավորվում է ևս մեկ «տրեկ» հումանիտար հարցերով, օրինակ, եկեք հրաժարվենք միջազգային դատարաններում փոխադարձ պահանջներից: Սա նշանակում է՝ եկեք այս հարցերը բանակցային գործընթացի շրջանում իրար մեջ լուծենք: Ես այդպես եմ կարծում»:
Այս համատեքստում Զուլֆուգարովը նշել է, թե 30 տարի ԵԱՀԿ Մինսկը փորձում էր սկզբունքներ մշակել, որոնք հիմք էին ծառայելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Ի դեպ, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Երևանը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում:
«30 տարի ոչ թե պայմանագրի կամ համաձայնագրի մասին էր խոսքը գնում, այլ խաղաղ կարգավորման սկզբունքների»,- շեշտել է Զուլֆուգարովը՝ հիշեցնելով Կազանյան, Մադրիդյան և այլ սկզբունքների մասին:
«Այսօր մենք հնարավորություն ունենք արձանագրումներ անելու, և այս տեսանկյունից ստորագրվելիք փաստաթուղթը կարևոր է լինելու, բայց այն վերջնական ոչ մի բան չի որոշելու,- ընդգծել է ադրբեջանցի դիվանագետը և այս համատեքստում ուշադրություն հրավիրել մի կարևոր փաստի վրա,- Պետք է հաշտվեն ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, այլ հաշտություն պիտի լինի երկու երկրների հասարակությունների միջև: Եվ երկրների ղեկավարները պետք է հաշվի առնեն փաստը, որ հասարակությունները դեռ պատրաստ չեն շատ հարցերի կարգավորմանը»:
Այսինքն, ադրբեջանական կողմը, լինելով հաղթող կողմ, առավել իրատեսական է նայում այս հարցերին: Մյուս կողմից՝ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը դեռ երկար ժամանակ փորձելու է մանիպուլացնել հայ հասարակությանը, ինչը վաղուց սկսել է:
Այս համատեքստում Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարը նշել է, որ ԱՄՆ-ը փորձում է արագացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրումը, որ իրավական հարթությունում երկու երկրների միջև ինչ-որ դրական էլեմենտ լինի:
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, ըստ էության, հաստատել է Թոֆիկ Զուլֆուգարովի դիտարկումը, անդրադառնալով ապաշրջափակման մասին կետի դուրսմղմանը սեղանին դրված փաստաթղթից, և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի գաղտնազերծմանը նախորդել էին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի, իսկ դրանից առաջ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունները, որտեղ առաջ էր քաշվում «Զանգեզուրի միջանցքի» վրա միջազգային վերահսկողության կամ այդտեղ միջազգային երաշխիքների հարցը:
««Զանգեզուրի միջանցքի» վրա միջազգային վերահսկողության գաղափարը մշակվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից: Նպատակը՝ չթողնել այնտեղ Ռուսաստանին: Հենց սա է Երևանը ցանկանում: Կարելի է ենթադրել, որ արևմտյան գործընկերներին հաջողվել է Բաքվին համոզել՝ Ռուսաստանի ներկայությունը «Զանգեզուրի միջանցքում» ոչինչ չի տա Ադրբեջանին, ավելի լավ է այնտեղ միջազգային ուժեր լինեն՝ կոնկրետ կարգավիճակով: Հենց սա է Մոսկվային և Թեհրանին մտահոգում, որոնք փորձում են Հայաստանին համոզել կամ պարտադրել՝ չհամաձայնել դրան: Իր հերթին՝ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Բաքվի վրա՝ համոզելով ընդունել այդ տարբերակը և չսրել իրավիճակը սահմանին: Բաքվի և Երևանի միջև բանակցությունների ընթացքը ցույց կտա մոտ ժամանակներս՝ կհաջողվի՞ Արևմուտքին կյանքի կոչել իր այս գաղափարը»,- գրել է «Թուրանը»:
Ի դեպ, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը նշել է.
«Հավաքական Արևմուտքն ամեն ինչ անում է, որ այդ միջին միջանցքը գործի: Այսօր Նիկոլ Փաշինյանի սխալ և հանցավոր քաղաքականության արդյունքում արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ ծրագրերը և դրանց շահառուները՝ մի կողմից՝ Չինաստան, Իրան, ՌԴ, մյուս կողմից հավաքական Արևմուտքն ու Թուրքիան, եկել և բախվում են այստեղ: ԱՄՆ-ը՝ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի շուրթերով ուղիղ հայտարարել է, որ իրենց նպատակն է՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը, ունենալ միջին միջանցք Հայաստանով, Ադրբեջանով և Թուրքիայով»:
Նշենք, որ Ջեյմս Օ’Բրայենը, հունիսին ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, հայտարարել էր.
«Մենք շատ հստակ ենք խոսում նախագահ Ալիևի հետ. Խաղաղություն հաստատելու ժամանակն է։ Եվ դա ոչ միայն Ադրբեջանի հարցն է, դա ամբողջ տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի խնդիրն է։ Բոլոր այդ երկրներն այժմ արտահանում են իրականացնում միայն Չինաստանի կամ Ռուսաստանի միջոցով: Որպեսզի նրանք այլ ելք ունենան, նրանք պետք է աշխատեն Ադրբեջանով: Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մեկ այլ, հնարավոր շատ ավելի մեծ ճանապարհը կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով: Եվ այդ առումով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ վերջ դնելու պատերազմին և 90-ականներից ի վեր գոյություն ունեցող սարսափելի հակամարտությանը»:
Այդ օրերին 168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նկատել էր.
««Զանգեզուրի միջանցքի» բացումն ԱՄՆ դերակատարությամբ գերկարևոր նշանակություն ունի, քանի որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությամբ, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ առաջնահերթություն է դառնում Հայաստանով դեպի Եվրոպա, Արևմուտք կոմունիկացիաների վերահսկողության հաստատման հարցը: Այդ իսկ պատճառով անուղղակի և ուղղակի ճնշում կա նաև Ադրբեջանի վրա, որ քայլ առաջ անցնեն արևմտյան առաջարկների իրականացմանը: Իսկ Ադրբեջանն էլ փորձում է սակարկել, խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգել՝ փոխելով հռետորաբանությունը, նոր պայմաններ ու պահանջներ ներկայացնել, նոր պատերազմի շանտաժ է անում՝ նաև ապատեղեկատվություններ տարածելով, որ ժամանակ շահի՝ մինչև հասկանա, թե խոշոր խաղացողներն ինչ են իրեն առաջարկում: Խոշոր խաղացողներից, բնականաբար, ՌԴ-ն է առաջնահերթ, Իրանը և Թուրքիան»:
Խաչատրյանը շարունակել էր, որ, ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը խուսափում է ինչ-որ խոշոր խաղացողի հովանավորությամբ որևէ բան ամրագրել, ստորագրել՝ սպասելով հարմար պահի, որ իր նախաձեռնողականությամբ խառնի խաղաքարտերը, իհարկե, շատ բան ստանալու ակնկալիքով:
Գուցե ապաշրջափակման մասին հարցերի շուրջ ադրբեջանական այս ակտիվացումը, գաղտնազերծումներն ու դրանց մեկնաբանությունները հենց այս տրամաբանության մեջ են, մնում է հասկանալ, թե ինչ է ստանալու Ադրբեջանը, ինչ գին է վճարելու Հայաստանը, քանի որ մինչ այսօր ավելի շատ գին ենք վճարել, քան ստացել…