Քաղաքակա՞ն, թե՞ պատմական տերմին․ «բռնակցում» բառի կիրարկումը՝ 8-րդ դասարանի պատմության դասագրքի հերթական մանվածապատ դրվագը

«Հայաստանի պատմություն»-«Հայոց պատմություն» արհեստական բանավեճը ստեղծած իշխանությունները շարունակում են իրենց թավշյա խմբագրումները նաև դպրոցական դասագրքերում և հատկապես «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերում։

Անցած տարի մեծ աղմուկ հանած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն այս տարի արդեն ստանձնել է 8-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հեղինակությունը, որը, ըստ մասնագիտական շրջանակների, պակաս վիճահարույց չէ։ Ավելին՝ պատմության ինստիտուտի գրախոսությունն էլ, մեր տեղեկություններով, ուղղակի հաշվի չի առնվել՝ պատճառաբանությամբ, թե չի համապատասխանում սահմանված ինչ-ինչ ձևաչափերին։

Մասնագիտական բազմաթիվ դիտարկումներից զատ՝ հանրային տարբեր շրջանակներ ևս արձանագրումներ են արել, և, օրինակ, քաղաքական հստակ ենթատեքստեր են նշմարել դասագրքում․ այս օրերին թելեգրամում տարածվում է վերոնշյալ դասագրքից մի հատված, որում 19-րդ դարին առնչվող իրողություններին անդրադարձում մասնավորապես առանձնացվել է վերնագիր՝ «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»։

Կարդացեք նաև

Արդյոք սա հայ-ռուսական, մեղմ ասած, ոչ բարվոք հարաբերությունների հերթական դրվա՞գն է․ քաղաքակա՞ն, թե՞ պատմական տերմին է «բռնակցում» բառը՝ 168am-ն այս հարցադրումների առնչությամբ լսել է պատմաբանների տեսակետները։

«Եթե 19-րդ դարի առաջին երեսնամյակին մենք չունեինք պետականություն, կարելի է գրել Արևելյան Հայաստանի միացումը Հայաստանին,- նշեց ԳԱԱ Պատմության Ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ պարզաբանմամբ,- Այսինքն՝ խոսքն ուղղակի միացման մասին է։ Օրինակ, Վրաստանի պարագայում՝ մինչև 1801 թվականը նրանք ունեցել են պետականություն․ Վրաստանի հետ կար համաձայնագիր՝ 1783 թվականի Գեորգիևյան դաշնագիրը, որով երկու պետությունները դառնում էին դաշնակիցներ, և Ռուսաստանի հովանավորությունն էր ընդունում Վրաստանը։ Ռուսները խաբեցին և սկզբում Պավել 1-ինի, ապա՝ Ալեքսանդր 1-ինի հրամանագրով թույլ չտվեցին, որպեսզի մահացած Գեորգի 12-րդ թագավորի որդին դառնա Վրաց թագավոր։

Դա արդեն բռնակցում էր, որի հետ հյուսիսային Հայաստանի մի շարք հատվածներ ևս միացվեցին Ռուսաստանին, բայց ինչ վերաբերում է Արևելյան Հայաստանի մյուս շրջաններին՝ Երևանի, Նախիջևանի խանություններին, մինչ այդ՝ Արցախի, Գանձակի շրջաններին, այդ առնչությամբ օգտագործել «բռնակցել» տերմինով, ճիշտ չէ։ Արդեն 200 տարի մենք գործածում ենք «Արևելյան Հայաստանի միացում»-ը ձևակերպումը՝ հաշվի առնելով, որ պետականություն չի եղել»:

ԿԳՄՍՆ-ի կողմից դասագրքի վերաբերյալ Պատմության ինստիտուտի կարծիքը մերժելու ոդիսականի վերաբերյալ էլ Աշոտ Մելքոնյանը հակիրճ նկատեց, թե ԿԳՄՍ նախարարությունը պատճառաբանել է, որ պահանջվող ձևաչափով չի ներկայացվել գրախոսությունը, ապա հավելեց՝ թեպետ կարող էին վերադարձնել այն ու ասել, որ պահանջված ձևաչափով ներկայացվի։

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ Միքայել Մալխասյանը, թեև նկատեց, որ դասագրքի առնչությամբ մասնագիտական դիտարկումներից առաջ կցանկանար սպասել հեղինակային խմբի կողմից պարզաբանումներին, որովհետև դեռ պարզ չէ, թե ինչ ընթացակարգերով է անցել դասագիրքը, սակայն մասնավորապես տարածվող վերնագրի մասին հարցադրմանն արձագանքելով՝ նկատեց․

«Կոնկրետ այդ ձևակերպումն անալոգային է Վրաստանի հետ, բայց եթե Վրաստանի պարագայում տրամաբանություն կա, այստեղ այն դժվար է տեսնել»։

Պատմաբանը հիշեցրեց, երբ Վրաստանում պատմության դասագրքերում փոխում էին ձևակերպումը՝ «միացումը» դարձնելով «բռնակցում», նկատի ունեին Վրացական թագավորության կարգավիճակը։

«Ու իրենք հիմնավորում էին, որ եթե Ռուսական կայսրությունը լուծարեց այդ թագավորությունը, դրա համար պետք է տերմինը փոխվի։ Մեր դեպքում հարց է առաջանում՝ մենք 1828 թվականին, օրինակ, ի՞նչ կարգավիճակ ենք ունեցել․ այսինքն, Երևանի ու Նախիջևանի խանությունների կարգավիճակի հա՞րցն ենք սկսում նայել խաների տեսանկյունից, երբ ասում ենք՝ «բռնակցում», թե՞ հայ ազատագրական շարժման այն կողմնորոշման տեսանկյունից, որ շարունակաբար դիմում էր Ռուսական կայսրությանը՝ խնդրելով, որ նրանք Արևելյան Հայաստան մտնեն»։

Միքայել Մալխասյանը նկատեց՝ հայկական էլիտաները 1827 թվականին են ներկայացրել նմանատիպ վերջին նախագիծ-առաջարկը։

«Սա կոնցեպտուալ փոփոխություն է․ մենք առաջ չեզոք տերմին էինք կիրառում՝ «միացում»։ Այսինքն, եթե խորհրդային տարիներին կիրառվում էր «ազատագրում» բառը, ապա հետխորհրդային շրջանում փոխվեց ձևակերպումը՝ «միացում» բառով։ Այդպիսով ծայրահեղությունների չենք գնացել, չենք քաղաքականացրել մեր պատմագիտական միտքը։

Ընդ որում, կարևոր է արձանագրել՝ եթե «միացում» բառը թարգմանում ենք ռուսերեն՝ «присоединения», որը միջազգային իրավական տերմին չէ։ Իսկ «բռնակցումը»՝ «անեքսիա»-ն միջազգային տերմին է, իսկ անեքսիայի ենթարկվում է ինքնիշխան պետությունը․ մենք այդ ժամանակ ինքնիշխան պետությո՞ւն էինք։

Դրա համար պատմաբանները 90-ական թվականներին բավականին ճիշտ մոտեցում են դրսևորել չեզոք տերմինի կիրառությամբ՝ խոցելի չդարձնելով մեր դիրքորոշումը»,- «բռնակցում» տերմինի կիրառության մասին իր դիտարկումներն այսպես ամփոփեց պատմաբանը։

Հիշեցնենք. դեռ 2020 թ. ԿԳՄՍՆ-ի կողմից գրված ու հանրային մեծ աղմուկ հանած հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որում ներառված էին նաև «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաները, քննադատության ենթարկվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի, ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի մի շարք ամբիոնների, ԳԱԱ պատմության ինստիտուտի, ինչպես նաև բազմաթիվ այլ անհատ պատմաբանների ու մտավոր շրջանակների կողմից։

Տեսանյութեր

Լրահոս