
Արդյո՞ք Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը հանդիպել է 44-օրյային մասնակից թուրք շեհիդների ընտանիքների հետ

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և երկրի ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևը հանդիպել են «Թուրքիայի շեհիդների ընտանիքների հետ», որոնք Բաքվում են գտնվում YAŞAT հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ Զաքիր Հասանովը նշված հանդիպմանն ընդգծել է, որ Ադրբեջանը և Թուրքիան հարգում են շեհիդների հիշատակը, իսկ նրանց ընտանիքները շրջապատված են պետական հոգածությամբ և ուշադրությամբ:
Ի դեպ, հաղորդագրության մեջ չի նշվում, թե խոսքը մարտական կամ ռազմական որ գործողությունների մասնակից շեհիդների մասին է:
Եվ սա թույլ է տալիս ենթադրելու, որ, ըստ էության, կոնկրետ դեպքում խոսքը 44-օրյա պատերազմին մասնակցած թուրք զինծառայողների կամ շեհիդների մասին է, քանի որ Թուրքիան բոլոր ուղղություններով ուղիղ մասնակցություն է ունեցել 2020 թվականի պատերազմին:
Նշենք, որ 2024 թվականի օգոստոսի 29-ին, ինչպես հայտնել էին թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն իր ղեկավարած գերատեսչության շենքում հանդիպում էր ունեցել «Ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքների անդամների հետ»:
Իհարկե, Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը փորձել էր տպավորություն ստեղծել, թե նրանք ադրբեջանցի շեհիդների ընտանիքների անդամներն են եղել, բայց իրականությունն այլ է, հատկապես, երբ մի առիթով Նիկոլ Փաշինյանն ինքն էր խոսել 44-օրյայի ժամանակ թուրք զինվորների կռվելու փաստի մասին, որ պատերազմի ժամանակ բազմաթիվ տեղերում հայ զինվորականները, հայկական հետախուզությունը տեսել է թուրքական դրոշներ, թուրքական զինծառայողներ, Թուրքիայի հատուկ ջոկատային, բարձրաստիճան սպաներ, պատերազմի ողջ ընթացքում Թուրքիային պատկանող F-16 ինքնաթիռները, անօդաչու թռչող սարքերը եղել են օդում, սպասարկվել են թուրքական անձնակազմի կողմից:
Ավելին, մենք գրել ենք, որ 44-օրյա պատերազմի օրերին, օրինակ, Հաքան Ֆիդանն էր ղեկավարում Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT), ով այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է, և 44-օրյա պատերազմից ոչ անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից պարգևատրվել էր, ըստ էության, 2020թ. պատերազմում կատարած առաքելության համար:
Պարգևը վերցնելիս Հաքան Ֆիդանը հայտարարել էր, թե ընդունում է այն հանուն իրենց ընկերների կամ նրանց անունից, ովքեր Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում նահատակվել են Էրդողանի հրամանները կատարելիս: