Մինսկում ՀՀ դեսպանին 1 տարի առաջ Երևան են կանչել. ԱԳՆ–ն նոր նշանակման հարցը չի մեկնաբանում. Sputnik Արմենիա

Ռազմիկ Խումարյանը շարունակում է զբաղեցնել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնը, չնայած նրան Երևան՝ խորհրդակցությունների կանչելուց հետո անցել է ավելի քան մեկ տարի։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

2024 թվականի դեկտեմբերի վերջին մենք գրել էինք, որ Երևանը մտադիր չէ Մինսկ վերադարձնել նույն տարվա հունիսին Հայաստան կանչված իր դեսպանին։

«Ռազմիկ Խումարյանը շարունակում է հանդիսանալ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան», – մեր հարցմանն ի պատասխան ասել են ԱԳՆ-ից:

Մենք նախարարությանը նաև հարցրել էինք` ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է արդյոք նոր դեսպաններ ուղարկել Մինսկ և Կիև (որտեղ դեսպանի պաշտոնը թափուր է): Այդ հարցին ԱԳՆ-ն չի պատասխանել։

«Հայաստանի Հանրապետության դեսպանների նշանակման և հետկանչման մասին հանրությունը պատշաճ կարգով տեղեկացվում է», – պատասխանել են ԱԳՆ-ից:

Երևանի և Մինսկի հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն սառել են։ Երկու երկրների պաշտոնատար անձանց միջև լարվածությունն առաջացավ Բելառուսի նախագահի կողմից ղարաբաղյան պատերազմի արդյունքների վերաբերյալ հնչեցրած գնահատականներից հետո: Փաշինյանն ավելի ուշ հայտարարեց, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին, և ՀՀ պաշտոնյաներին արգելեց մեկնել Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահ է մնում Ալեքսանդր Լուկաշենկոն:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները հունիսին նույնիսկ նոտաներ են փոխանակել։ Օգոստոսին, Լուկաշենկոյի հերթական հայտարարությունից հետո, Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի վրա լոլիկ և կարտոֆիլ էին նետել:

Հայաստան–Բելառուս հարաբերությունների սառեցումը հերթական անգամ երևաց դեկտեմբերի 26–ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի (վերջինս Սանկտ Պետերբուրգում անցկացվող նիստին մասնակցում էր տեսակապի միջոցով) և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև փոխադարձ խայթոցներ եղան։

Տեսանյութեր

Լրահոս