«Ռոբերտ Քոչարյանը մի փոքր բարձր կարծիք ունի իր թիմի մասին. նա թիմ չունի. այդ հարցում ձախողել է». Գագիկ Համբարյան

ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից ավելին էր սպասում, մասնավորապես՝ հանրության կոնսոլիդացիայի վերաբերյալ անդրադարձի առումով:

«Նա քիչ անդրադարձավ այդ թեմային, չնայած՝ նշեց, որ այնպես չէ՝ պետք է սպասենք 2026-ի ընտրություններին, ընտրություններն, այսպես թե այնպես, լինելու են, բայց խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է ձերբազատվի Նիկոլի իշխանությունից: Թե դա ինչպես պետք է լինի, արդեն ժամանակի և տեխնոլոգիաների հարց է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Գագիկ Համբարյանը համաձայն չէ Ռոբերտ Քոչարյանի այն ձևակերպման հետ, թե «Հայաստան» դաշինքն ու Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվող ուժն ընդդիմադիր երկու մեծ բևեռներն են:

«Ես չգիտեմ՝ ինչ հաշվարկների հիման վրա է արվել այդ հայտարարությունը: Ինքս 2021թ. առանց որևէ սպասելիքի ողջունել եմ Երկրորդ նախագահի մասնակցությունը ԱԺ ընտրություններին, չնայած՝ բազմաթիվ հարցերում բացարձակ համաձայն չեմ եղել և, ցավոք, իմ բոլոր վատ կանխատեսումները Ռոբերտ Քոչարյանի թիմի և նրա որոշ ներկայացուցիչների նկատմամբ իրականացան: Ռոբերտ Քոչարյանը թիմ չունի՝ որպես այդպիսին: Եկեք՝ դա մեկընդմիշտ ճշտենք: Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ Հայաստանի ամենահին համարվող կուսակցությունը՝ Դաշնակցությունը, երբեք այսքան ներկայացված չի եղել ԱԺ-ում: Դաշնակներն ԱԺ-ում հայտնվել են Ռոբերտ Քոչարյանի ուսերին նստած:

Սյունեցիները դուրս եկան, այնտեղ ընդամենը Աննա Գրիգորյանն է մնացել՝ որպես այդ քաղաքական ուժի ներկայացուցիչ, իսկ Ռոբերտ Քոչարյանի տասնյակ թիմակիցներ, ովքեր զուտ Քոչարյան անձի հետ համագործակցելով են մտել ԱԺ, հիմա այնտեղ չեն՝ բազմաթիվ պատճառաբանություններով: Այնպես որ, հայտարարել, որ «Հայաստան» խմբակցությունն ամենաուժեղն է, այդպես չէ: Ռոբերտ Քոչարյանը մի փոքր մեծ կարծիք ունի իր թիմի մասին. իրականում, ինքը թիմ չունի: Այդտեղ թիմ են դաշնակները, ովքեր, իհարկե, հաշվի են նստում Ռոբերտ Քոչարյանի հետ: Իսկ թիմ ձևավորելու առումով Ռոբերտ Քոչարյանը, ցավոք, ձախողեց: 2021թ. այդ անձինք, ովքեր մտել էին «Հայաստան» դաշինքի մեջ, չգիտեմ՝ ինչ շահերի հիման վրա, ինչ նպատակներով էին մտել… Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա այո, ճիշտ է, նա դեռ նոր է սկսել իր քաղաքական թիմի ձևավորումը, բայց խնդիրն այն է, որ Սամվել Կարապետյանն արդեն իսկ բավականին ռեյտինգ ունի»,- ասաց նա:

Նա համաձայն չէ նաև Ռոբերտ Քոչարյանի՝ աղանդավորներին, և մասնավորապես՝ Ավետարանական եկեղեցուն վերաբերող հայտարարության հետ. «Պարոն նախագահը գուցե շատ խորը չգիտի այս խնդիրները, բայց այն, ինչ Նիկոլն անում է, ընդունված է այդ նույն բողոքական եկեղեցիների մոտ: Քաղաքացիական անձը, որը կապ չունի եկեղեցու հետ, միջամտում է եկեղեցու գործերին: Լավ կլինի, որ պարոն Ռոբերտ Քոչարյանի շրջապատում ակտիվություն դրսևորող հոգևորականները կամ, եթե ինքը մտերիմներ ունի, իրեն բացատրեն, որ նույն բողոքական եկեղեցիները, նույն ավետարանչական եկեղեցիները հեչ էլ մեր եկեղեցին քույր եկեղեցի չեն համարում և ակտիվորեն զբաղվում են հոգևորսությամբ: Այնպես որ, նույն հարթակում դնել և համեմատելը շատ սխալ է: Նիկոլը հենց աղանդավոր է, և այս պարագայում էլ է ստում, որ ինքը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է»:

Իր հարցազրույցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այնպես չէ՝ աղանդավորներն ատելությամբ են լցված Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, ուղղակի անտարբեր են. «Եթե մտածում եք՝ Նիկոլ Փաշինյանը կարող է կոչով հավաքել աղանդավորներին, չի լինելու: Այդ աղանդավորները ո՛չ Նիկոլ Փաշինյան են ընդունում, ո՛չ Վեհափառ են ընդունում, ո՛չ Հայ Առաքելական եկեղեցի են ընդունում: Ի դեպ, աղանդավորների տակ Հայաստանում ընկալվում է նաև ավետարանական եկեղեցին, ինչն այդպես չէ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս