Ինչի՞ են նախապատրաստվում Ռուսաստանն ու Արևմուտքը․ պատերազմի նոր սրացո՞ւմ

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանցքային հայտարարություն արեց՝ հաղորդելով ՝ «Օրեշնիկ» առաջին սերիական համալիրն արտադրվել է և փոխանցվել է Ռուսաստանի բանակին։

Պուտինի այս հայտարարությունը վերջին ժամերին ակտիվորեն քննարկվում է մամուլում և համացանցում՝ Ուկրաինայի շուրջ պատերազմում նոր էսկալացիայի կասկածների տեղիք տալով։

Կարելիայում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները խոսել են «Օրեշնիկ»-ի՝ Բելառուսում տեղակայման ծրագրերի մասին։ Ինչպես նշել է Լուկաշենկոն, զինվորականները ցանկանում էին համալիրն այս տարի տեղակայել հանրապետությունում։

Միաժամանակ, Վլադիմիր Պուտինի խոսքով, ռուս և բելառուս զինվորական մասնագետներն ընտրել են դիրքերն «Օրեշնիկ» հրթիռային համակարգի տեղակայման համար, և այժմ ընթանում են այդ վայրերի նախապատրաստման աշխատանքները։

Կարդացեք նաև

«Այսպիսով, մեծ հավանականությամբ, այս հարցը կփակենք տարվա վերջում։ Մեզ մոտ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի»,- նշել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, թե սերիական հրթիռային համակարգն արդեն մտել է արտադրություն։

Ռուսաստանի առաջնորդը նաև հայտարարել է, որ «Օրեշնիկ» հրթիռների զանգվածային օգտագործման դեպքում դրանց հզորությունը համեմատելի է մեկ հարվածով իրականացված միջուկային զենքի հզորության հետ։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ այս համալիրը զանգվածային ոչնչացման զենք չի համարվում, քանի որ այն շատ ճշգրիտ է և միջուկային մարտագլխիկ չի կրում։ Նոր զինատեսակի բոլոր մանրամասները պաշտոնապես չեն բացահայտվում, սակայն Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Շվիտկին նախկինում նշել էր, որ «Օրեշնիկ»-ի զանգվածային արտադրությունը կբարձրացնի երկրի ռազմական ներուժը և «կսթափեցնի ՆԱՏՕ-ին»։ Այս համալիրի ընդունումը զինուժի տրամադրության տակ դիտարկվում է՝ որպես մի նոր քայլ Ռուսաստանի պաշտպանական տեխնոլոգիաների ամրապնդման ուղղությամբ։

Անցած տարվա նոյեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր «Օրեշնիկ» նորագույն միջին հեռահարության հրթիռի հաջող փորձարկման մասին։ Ամերիկյան և բրիտանական զենքի օգտագործմանն ի պատասխան՝ Ռուսաստանը հարված էր հասցրել Ուկրաինայի ռազմական-արդյունաբերական համալիրի օբյեկտին։

Պուտինի այս հայտարարությունը հնչում է արևմտյան պատժամիջոցի նոր փաթեթի, Թրամփի ավելի սուր հայտարարությունների, Թրամփի ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի ՌԴ այցին ընդառաջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմին առնչվող սադրիչ սպառնալիքներից հետո երկու միջուկային սուզանավ է տեղակայվել Ռուսաստանի մերձակայքում։

«Ես հրահանգել եմ երկու միջուկային սուզանավեր տեղակայել համապատասխան տարածաշրջաններում»,- գրել է Թրամփը Truth Social հարթակում՝ հավելելով, որ այս քայլն իրականացվում է որպես նախազգուշական միջոց՝ Մեդվեդևի «հիմար և սադրիչ» արտահայտությունների լրջության դեպքում։

Հուլիսի 28-ին էլ Թրամփը հայտարարել էր, թե հիասթափված է Ռուսաստանի նախագահից և կրճատում է 50-օրյա ժամկետը, որ Վլադիմիր Պուտինին տվել էր Ուկրաինայում խաղաղության հասնելու շուրջ գործարք կնքելու համար, դարձնում է 10-12 օր: Շոտլանդիա այցի ժամանակ Դոնալդ Թրամփն ասել է, որ ամեն անգամ, երբ Պուտինի հետ հեռախոսազրույց է ունենում, թվում է՝ ամեն ինչ կարգին է, սակայն հետո Ռուսաստանը շարունակում է հարվածել Ուկրաինային:

«Շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից, շատ … Եվ կրճատելու եմ նրան տված 50 օրը… քանզի արդեն գիտեմ հարցի պատասխանը, թե ինչ է տեղի ունենալու»,-  նշել էր Թրամփը:

Ռուսաստանում հուլիսին մեծ աղմուկ բարձրացրեց ամերիկացի գեներալ Քրիստոֆեր Դոնահյուի հայտարարությունն այն մասին, թե դաշինքը պլանավորել է Կալինինգրադի մարզում ռուսական ուժերի պաշտպանական ներուժի օպերատիվ ճնշում: Գեներալը նշել էր, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրականացնում են «արևելյան թևում զսպման գիծ» ծրագիրը, որը ներառում է դաշինքի ցամաքային ներուժի ամրապնդումը և ռազմական ու արդյունաբերության միջև համագործակցության բարելավումը: Ռուսաստանի նախագահի օգնական, Ռազմածովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ընդգծել էր, որ տարածաշրջանի նկատմամբ ցանկացած ռազմական ոտնձգություն կարժանանա անհապաղ և ջախջախիչ պատասխանի՝ օգտագործելով երկրին հասանելի բոլոր ուժերն ու միջոցները, ինչպես նախատեսված է ռազմական դոկտրինայով և Ռուսաստանի պետական քաղաքականության սկզբունքներով միջուկային զսպման ոլորտում:

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում փորձեց պարզաբանել, թե ինչ կարելի է ակնկալել այս զարգացումների ֆոնին։

Նրա խոսքով, չնայած ՌԴ-ԱՄՆ բանակցություններն ավարտված չեն, սակայն Թրամփի ակնկալիքները, իր խոսքով, չեն բավարարվել, որը հանգեցրել է Թրամփի հռետորաբանության փոփոխությանը։

«Նրա հիմնական արձանագրումն այն է, որ ՌԴ ղեկավարությունից կա հիասթափություն։ Սակայն քաղաքականությունը նման կատեգորիաներով չէ, սա բարդ հակամարտություն է, Եվրոպան՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ընթանում են Ուկրաինային աջակցելու ճանապարհով, բանակցում էին, որ այդ գործին միանա նաև Թրամփը, պատժամիջոցների փաթեթն ընդլայնեցին՝ հնչեցնելով վերջնագրեր Ռուսաստանին։ Ռուսաստանում կա ընկալում, որ արևմտյան գեներալները պատահական չեն նման սցենարներ դնում շրջանառության մեջ, ինչը նշանակում է, որ կան նման ծրագրեր ինչ-ինչ զարգացումների դեպքում։ Հատկապես Կալինինգրադի վերաբերյալ Արևմուտքից արվել են մի քանի հայտարարություններ, որը չի կարող չմտահոգել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հարևանությամբ Լեհաստանն է։ Ռուսաստանն էլ իր հերթին՝ քայլերի է դիմում, որոնք պետք է զսպող դերակատարություն ունենան։

«Օրեշնիկի» տեղակայումը Բելառուսում՝ Լեհաստանի հարևանությամբ, կարծում եմ՝ արդեն իսկ խոսուն քայլ է։ Պատերազմը կարող է հետագա էսկալացիայի հանգել, թեև դա ՌԴ-ում չեն ցանկանում»,- նկատեց Ալեքսանդր Խրամչիխինը։

Ըստ նրա, Օրեշնիկի արտադրության մասին հայտարարությունը նման քայլերից է, որն ուղղված է սթափեցնելու ՆԱՏՕ-ին և ցույց տալու, որ Ռուսաստանը պատրաստ է վճռական հարվածների։

«Բացի այդ, հայտարարությունն արվեց Ուիտքոֆի այցին ու ամերիկյան բանակցություններին ընդառաջ, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն փորձում է իր դիրքն ամրապնդած խոսել ԱՄՆ-ի հետ ամերիկյան կողմի վերջին մի շարք ոչ այնքան բարյացակամ հայտարարություններից հետո։ Այս ամենը ցույց է տալիս, որ հակամարտությունը, ցավոք, մոտ չէ կարգավորմանը, ՌԴ-ի ճնշման քաղաքականությունը հանգեցնելու է վճռական որոշումների, կարծում եմ, այս հայտարարությունները նախազգուշացնող, զսպող նպատակ ունեն»,- ասաց Ալեքսանդր Խրամչիխինը։

Տեսանյութեր

Լրահոս