ՍԴ-ում խառն են. Վաղարշյանը հրաժարվել է, Շաթիրյանն ուսումնասիրում է. կոնսենսուս կա միայն Հայաստանի եվրաստրկացման շուրջ

2023թ. հուլիսի 28-ին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանը, ում լիազորությունները Կարեն Անդրեասյանի անվան Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ինկվիզիցիան՝ զուգորդված ԲԴԽ նախագահի քաղաքական տեքստերով, դադարեցրեց 2023թ. հունվարին, դիմել էր Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի և 144-րդ հոդվածի 1.1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար: Գործն ընդունվել էր քննության, որից հետո օգոստոսի 30-ին գործով զեկուցող էր նշանակվել ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը, և գործի դատաքննությունը նշանակվել էր 2023թ. հոկտեմբերի 24-ին: Հոկտեմբերի 24-ին Սուրեն Անտոնյանի գործի քննության ժամկետը երկարաձգվել էր, և հիմա էլ դատաքննությունը նշանակվել էր 2023թ. դեկտեմբերի 5-ին:

Բայց գործով սա վերջին հետաձգումը չէր, և դեկտեմբերի 5-ին այն ևս մեկ անգամ հետաձգվեց. այս անգամ փոխվել էր գործով զեկուցողը: Արթուր Վաղարշյանը 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ հրաժարվել էր այս գործի քննությունից, և գործող նոր զեկուցող էր նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը, իսկ գործի դատաքննությունը նշանակվել էր 2024թ. թվականի հունվարի 9-ին:

Եկավ հունվարի 9-ը, և մենք տեղեկացանք, որ Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը կրկին կասեցվել է. պարզվեց՝ Էդգար Շաթիրյանը Դատական դեպարտամենտից վարույթին առնչվող գործի նյութեր է պահանջել, որոնք արդեն ստացվել են և ուսումնասիրվում են:

Գործի վարույթը կասեցված է մինչև կասեցման հիմքերի վերանալը:

Կարդացեք նաև

168.amի հարցմանն ի պատասխան՝ երեկ ՍԴ-ից հայտնեցին, որ գործի վարույթը դեռ կասեցված է, ինչը նշանակում է, որ կասեցման հիմքերը չեն վերացել:

Այս գործի ելքից կախված են շատ ճակատագրեր, այդ թվում՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի և այն դատավորների ճակատագրերը, որոնք Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի՝ նախորդ տարվա հուլիսին լիազորությունները կասեցված դատավորների փոխարեն են նշանակվել:

Սուրեն Անտոնյանը նաև իր լիազորությունների կասեցման առնչությամբ տեղի ունեցած խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) էր դիմել: Անակնկալ կերպով վերջինիս ներկայացուցիչը նախորդ տարվա հուլիսին ՄԻԵԴ-ից նամակ էր ստացել, որ Սուրեն Անտոնյանի գանգատը մտել է կոմունիկացիայի փուլ:

«Դա անակնկալ էր և մեզ համար, և պետք է որ անակնկալ լինի՝ ինչպես ԲԴԽ-ի, այնպես էլ՝ կառավարության համար: Շատ տհաճ իրավիճակ է ստեղծվելու կառավարության համար այս հարցերին պատասխանելու առումով, որովհետև ընդունելու, իմ հանդեպ արված գործողություններին հավանություն տալու դեպքում կառավարությունը մեղսակից է դառնում Կարեն Անդրեասյանի և ԲԴԽ անդամների գործողություններին»,- այդ առիթով 168.am-ի հետ զրույցում ասել էր Սուրեն Անտոնյանը:

ՍԴ-ում, բնականաբար, հասկանում են՝ սա ինչ է նշանակում, հասկանում են նաև ԲԴԽ-ում և Կառավարությունում, բայց չեն հասկանում՝ ինչ անեն այս գործի հետ՝ բավարարել Անտոնյանի դիմումը չի լինի, չբավարարել՝ առավել ևս. երբևէ դրա տակից դուրս գալ է պետք: Եվ թերևս հենց այդ ամենը հաշվի առնելով էր բազմափորձ Արթուր Վաղարշյանը հրաժարվել  այս գործի քննությունից, իսկ Էդգար Շաթիրյանին չեն ասում՝ ինչ անի:

Զուգահեռ իրականությունում 2024թ. հունվարի 29-ին ՍԴ է մուտքագրվում 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ Կառավարության դիմումը:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝

մաքսային և հարկային հարցերում ՀԵՄԱ-ն դիտարկել որպես դիվանագիտական ներկայացուցչություն, դյուրացնել ՀԵՄԱ-ի անձնակազմի և ՀԵՄԱ-ի գույքի, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Հայաստանի Հանրապետության տարածք, ինչպես նաև ազատել ՀԵՄԱ-ի անձնակազմին մաքսային հսկողությունից և ընթացակարգերից, մուտքի վիզայի ու միգրացիոն պահանջներից և միգրացիոն հսկողության ցանկացած ձևից, ազատել ՀԵՄԱ-ի անձնակազմին՝ ՀՀ-ում գրանցմանը և օտարերկրացիների վերահսկողությանը վերաբերող կարգավորումներից, որով, սակայն, վերջինս ձեռք չի բերում Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության իրավունք կամ կացության կարգավիճակ, ՀԵՄԱ-ի գույքը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներն ազատել հայտարարագրումից կամ այլ մաքսային փաստաթղթեր ներկայացնելու պահանջից և ցանկացած ստուգումից՝ ՀՀ տարածք դրանց մուտք գործելիս, տարանցելիս և ՀՀ-ի տարածքից ելնելիս՝ ՀՀ-ի օրենքներին և կարգավորումներին համապատասխան, ապահովել, որ ՀԵՄԱ-ն և ՀԵՄԱ-ի անձնակազմն իրենց տրանսպորտային միջոցներով, սարքավորումներով և պարագաներով օգտվեն ՀՀ ամբողջ տարածքում ազատ և անսահմանափակ տեղաշարժից, այդ թվում՝ իր օդային տարածքում, երաշխավորել ՀԵՄԱ-ի օբյեկտների, դրանց կահավորանքի և դրանցում գտնվող գույքի, ինչպես նաև նրանց տրանսպորտային միջոցների անձեռնմխելիությունը, ապահովել, որ դրանք չենթարկվեն խուզարկության, առգրավման, չդրվեն կալանքի տակ կամ չլինեն կատարողական վարույթի օբյեկտ, ՀԵՄԱ-ին ազատել իր նպատակների իրագործման համար ձեռք բերվող և ներմուծվող ապրանքների, մատուցվող ծառայությունների և օգտագործվող օբյեկտների մասով բոլոր պետական, տեղական և համայնքային տուրքերից, հարկերից և վճարներից՝ ՀՀ օրենքներին և կարգավորումներին համապատասխան, թույլատրել ՀԵՄԱ-ի նպատակների իրագործման համար անհրաժեշտ ապրանքների մուտքը և երաշխավորել, որ այդ ապրանքները կազատվեն բոլոր մաքսատուրքերից, վճարներից, ճանապարհավճարներից, հարկերից և համանման վճարներից՝ բացառությամբ պահեստավորման, փոխադրման և պահանջվող ու մատուցվող այլ ծառայությունների մասով վճարների, երաշխավորել, որ ՀԵՄԱ-ի անձնակազմը որևէ կերպ չձերբակալվի կամ չկալանավորվի, երաշխավորել ՀԵՄԱ-ի անձնակազմի՝ բոլոր հանգամանքներում քրեական հետապնդումից անձեռնմխելիությունը, ապահովել, որ չհարուցվի ՀԵՄԱ-ի անձնակազմի հետ կապված կատարողական վարույթ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նրա դեմ քաղաքացիական վարույթ է հարուցվում, որը չի առնչվում նրա պաշտոնական գործառույթներին, ինչպես նաև երաշխավորել, որ ՀԵՄԱ-ի անձնակազմը քաղաքացիական վարույթի շրջանակներում չի ենթարկվի անձնական ազատության որևէ սահմանափակման կամ իրավունքների այլ սահմանափակման, ազատել ՀԵՄԱ-ի անձնակազմին ՀԵՄԱ-ի համար մատուցվող ծառայությունների նկատմամբ կիրառելի սոցիալական ապահովության վերաբերյալ կարգավորումներից, որոնք կարող են գործել ՀՀ-ում, ազատել ՀԵՄԱ-ի անձնակազմին ՀԵՄԱ-ի կամ ուղարկող պետությունների կողմից իրեն վճարվող աշխատավարձի և վարձատրությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ստացված այլ եկամտի հարկումից, ՀԵՄԱ-ի անձնակազմի կողմից ներքին շուկայում ապրանքների և ծառայությունների ձեռքբերումն ազատել ԱԱՀ-ից և հարկերից, ստանձնել ՀԵՄԱ-ի անձնակազմի անվտանգությունը սեփական միջոցներով ապահովելու ամբողջ պատասխանատվությունը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ՀԵՄԱ-ի և ՀԵՄԱ-ի անձնակազմի պաշտպանության, ապահովության և անվտանգության համար, ապահովել ՀԵՄԱ-ի անձնակազմին արդյունավետ հասանելիությունը, եթե պահանջվում է կամ անհրաժեշտ է ՀԵՄԱ-ի գործողությունների իրականացման համար՝

1) ՀՀ վերահսկողության տակ գտնվող օբյեկտներին, տարածքներին և ծառայողական մեքենաներին, որոնք առնչվում են ՀԵՄԱ-ի մանդատի իրականացմանը,

2) ՀՀ վերահսկողության ներքո գտնվող փաստաթղթերին, նյութերին և տեղեկություններին այնքանով, որքանով դա անհրաժեշտ է ՀԵՄԱ-ի մանդատի իրականացման համար:

Բացի դրանից, ՀՀ-ն պարտավորվում է տրամադրել օգնություն ու աջակցություն ՀԵՄԱ-ին առնվազն նույն պայմաններով, ինչ պայմաններով դրանք տրամադրվում են ՀՀ քաղաքացիներին, ապահովել, որ ՀԵՄԱ-ն ունենա անհրաժեշտ իրավունակություն իր առաքելությունն իրականացնելու համար, մասնավորապես, բանկային հաշիվներ բացելու և գույք ձեռք բերելու կամ այն տնօրինելու, ինչպես նաև իրավական վարույթում կողմ լինելու մասով, նպաստել ՀԵՄԱ-ի կողմից առևտրային կազմակերպությունների հետ առաքելության նպատակներով կնքված պայմանագրերի իրականացմանը, հնարավորություն տալ ՀԵՄԱ-ին անվճար օգտվելու հաճախականությունների տիրույթից:

Համաձայնագիրը ՍԴ -ն վարույթ է ընդունել փետրվարի 16-ին։

Սա Հայաստանի եվրաստրկացման համաձայնագիր է, և ՍԴ-ն իր պատմության մեջ թերևս ռեկորդային կարճ ժամկետում՝ փետրվարի 20-ին, ընդամենը 4 օրում որոշեց, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930