Այսուհետ Սահմանադրությունը կմեկնաբանվի այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ուզում. Արման Դիլանյանն անոնսեց. «Կարեն Անդրեասյան փրոդաքշըն» представляет
Փետրվարի 9-ին Սահմանադրական դատարանում (ՍԴ) տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կազմավորման 28-րդ տարեդարձին և դատական տարվա խորհրդանշական բացմանը նվիրված պաշտոնական միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Այդ օրը Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, որը բավական վտանգավոր տողատակեր է պարունակում իր մեջ: Այդ ուղերձն ինստիտուցիոնալ արդարադատության և արդարության վերաբերյալ հանրության սպասելիքների վերաբերյալ վստահաբար ունենալու է նույն հետևանքները, ինչ որ կառավարության հայտնի նիստում կոռուպցիոն գործերով դատավճիռներ չլինելու վերաբերյալ հայտնի դժգոհությունը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի` արդարադատության մեր ինստիտուտները դեռևս արդարության զգացում չեն սերմանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ, և դրա պատճառն այն է, որ արդարության մասին ինստիտուտների և հանրության պատկերացումները չեն համընկնում:
Առավել վտանգավոր էր, սակայն, Սահմանադրական դատարանի նախագահի արձագանքը Նիկոլ Փաշինյանի ելույթին: Արման Դիլանյանն արդեն իսկ իր ելույթում նշեց, թե ինչպես պետք է մեկնաբանեն սահմանադրությունն ու սահմանադրական նորմերը: Տպավորություն էր, որ երկու ելույթները նախապես համաձայնեցված են:
«Սահմանադրությունը կիրառելիս և մեկնաբանելիս չհենվել միայն դրա ձևական կամ տառացի բովանդակության վրա:
Հանդիսանալով պետականության անբաժանելի հատկանիշ՝ Սահմանադրությունն օժտված է տվյալ պետության ու ժողովրդի հետ անհատականացվող, Սահմանադրության մեջ ուղիղ չարտացոլվող մի շարք բաղադրիչներով, որպիսիք են մշակութային, պատմական, բարոյական, արժեբանական և այլ բաղադրիչներ, և միայն դրանց հաշվառմամբ իրականացված մեկնաբանությունն ու կիրառումն են ապահովում Սահմանադրության, այսպես ասած, իմունիտետը, ապահովում դրա ճկունությունն ու կենսունակությունը»,- մասնավորապես ասել է նա:
Այսինքն՝ ՍԴ նախագահն ուղիղ տեքստով ասում է՝ կապ չունի՝ ինչ է գրված Սահմանադրության մեջ, կմեկնաբանենք այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ուզում:
Դրանից հետո ՍԴ նախագահը նշել է, որ «Սահմանադրական դատարանը միշտ ունեցել է Սահմանադրությունն այդ գաղափարական ընդհանրության գիտակցմամբ մեկնաբանելու վճռականությունը»:
Նախ նշենք, որ Սահմանադրական դատարանի գործունեությունը ու հատկապես դրա արդյունքները երբեք միանշանակ չեն եղել, բայց ամեն դեպքում Սահմանադրական դատարանում Նիկոլ Փաշինյանի դիտարկումները չնայած որևէ տեսանելի կապ չունեին ՍԴ հերթական տարեդարձի հետ, բայց փաստորեն բավականին ոգևորել էին Սահմանադրական դատարանի նախագահին, քանի որ Փաշինյանի ելույթը «դաբրո» էր Սահմանադրության հետ անսահման մանիպուլյացիաներ անելու համար:
Եթե հաշվի առնենք, որ տվյալ դատարանի նախագահի տեղակալը մտածում է, որ Սահմանադրությունը պետք է մեկնաբանվի օրվա քաղաքական իշխանության նպատակներից ու ծրագրերից ելնելով, ապա կարող ենք արձանագրել, որ նոր Սահմանադրության գաղափարն ավելորդ ծախս է, որովհետև Սահմանադրությունը ոնց պետք է, այդպես էլ կմեկնաբանվի:
Ինչևիցե, երկրի քաղաքական ղեկավարի ուղերձն ուղղակի իրավական անարխիայի և քաոսի տանող ճանապարհ է՝ բնականաբար, հեռուն գնացող նպատակներով: Սակայն արդարադատության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դոկտրինն առավել վտանգավոր է դառնում քրեական դատավարության և քրեական օրենսգրքերի կիրառման համատեքստում:
Առանց այդ էլ քրեական արդարադատությունը Հայաստանի դատաիրավական համակարգի աքիլեսյան գարշապարն է և միջազգային աղբյուրներից ստացված վարկերի ու դրամաշնորհների անիմաստ ու անարդյունավետ ծախսի հիմնական լվացքատունը, որովհետև քաղաքական դատավարություններն ու պատվերով կալանքները ոչ թե գիտելիքների ու հմտությունների պակասի արդյունք են, այլ արժեհամակարգի ու բարոյականության կոորդինատային համակարգում զբաղեցրած դիրքի:
Այնպես որ, սպասվում է դատական շոուների քանակի ավելացում, որոնք «կհամապատասխանեն հանրության սպասումներին», իսկ դատական համակարգի շոումենները ստացան անպատժելիության ակնհայտ երաշխիքներ արդարադատությանը չմիջամտող քաղաքական իշխանությունից:
Սպասենք «Կարեն Անդրեասյան փրոդաքշըն» ստուդիայի հերթական ֆիլմին ու որպես հետևանք՝ դրա հետ կապված՝ մամլո խոսնակների թիկունքում թաքնված նրա պարզաբանմանը՝ իր իսկ ընտրած քրեական գործերով ու կոռուպցիոն բացահայտումներով: