Բաժիններ՝

«Համլետն» այն ներկայացումն է, որն արտահայտում է հայրենիքի հետ կապված մեր ամբողջ մտահոգությունը. Գրիգոր Խաչատրյան

Անգլիացի մեծանուն գրող և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի հայտնի ողբերգությունը՝ «Համլետը», բեմադրվել է աշխարհի տարբեր բեմերում,  նկարահանվել են ֆիլմեր, տրվել են ժամանակին համահունչ շեշտադրումներ ու լուծումներ: Երևանի պետական դրամատիկական թատրոնի խաղացանկն էլ վերջերս համալրեց «Համլետի» բեմադրությունը՝  բոլորովին այլ դիտանկյունից ու այլ լուծումներով։

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանն իր բեմադրած «Համլետին» այլ կերպ է տեսել ու ներկայացրել հանդիսատեսին՝ ինտրիգային ու անհավանական, շեքսպիրյան բոլոր «Համլետ»-ներից տարբերվող։

Հայտնի փաստ է գրեթե բոլոր դերասանների երազանքն է Համլետի դերը կատարել, իսկ ռեժիսորներինը՝ Շեքսպիր  և, մասնավորապես, «Համլետ» բեմադրել:

168.am-ի հետ զրույցում Գրիգոր Խաչատրյանն էլ ասաց՝ եթե ռեժիսուրան դառնում է մարդու մասնագիտությունը, ապա նա չի կարող չանդրադառնալ «Համլետին»։

Կարդացեք նաև

«Եթե հիմա ասենք, որ սա համամարդկային, ամենաարժեքավոր գրական ստեղծագործություններից մեկն է, ապա նշանակում է՝ ոչինչ չասել։ Այս գործի մեջ ամեն ինչ կա, ուստի ռեժիսորն այս ստեղծագործությունը չի կարող չնայել այսօրվա կոնտեքստի մեջ։ Ցավոք, այս ստեղծագործությունը միշտ ժամանակակից է, մենք կուզեիք, որ «Համլետում» արծարծվող խնդիրներն այդքան ժամանակակից չլինեին»,- նշեց Գրիգոր Խաչատրյանը։

Նրա համոզմամբ՝ «Համլետ» կարող է խաղալ միայն այն կոլեկտիվը, որը 15-20 տարի միասին քայլում է, ուստի հավաքական խմբերով հնարավոր չէ բեմադրել «Համլետ»։

«Այսօր բեմում տեսած դերասանների հետ, բացի Լուիզա Ղամբարյանից, ես եմ աշխատել, այսպես ասած՝ պատրաստել, այս ամենը շատ մեծ աշխատանք է։ Այսինքն՝ «Համլետը» ցույց է տալիս մեր այսօրվա կոլեկտիվի չափահաս դառնալը, որովհետև այն դերասանական կազմն է չափահաս, որը կարողանում է բեմում նման գործ ներկայացնել։

Շատ մտահոգված լինելով մեր հայրենիքով և մեր պետությունով, հասկանում ենք, որ ճիշտ ժամանակն է, որ մենք էլ մեր դիրքորոշումն ունենանք։ Սա այն գործն է, որով մենք կարողանում ենք լիարժեք ներկայանալ, կա մեր դիրքորոշումը։ Մենք սիրում ենք այս երկիրը և ուզում ենք լինել օրինապաշտ քաղաքացի, մտահոգված ենք։ «Համլետն» այն ներկայացումն է, որն արտահայտում է մեր ամբողջ մտահոգությունը։

Այս պիեսը ողբերգություն է՝ և՛ նեղ ընտանեկան և՛ համամարդկային, այսօր մեր խնդիրը՝ կապված երկրի հետ, և աշխարհում տեղի ունեցողը, երբ փլուզվում են գրեթե բոլոր համակարգերը՝ ամբողջովին այս ներկայացման բաղկացուցիչ մասն են։ Ներկայացման մեջ ասվում է. «նախախնամություն կա նույնիսկ ճնճղուկի մահվան մեջ», սա արդեն ամեն ինչ բացատրում է»,- հավելեց ռեժիսորը։

2.5 ժամ տևողությամբ «Համլետ» ներկայացումը մոտ 5 տարվա նախապատրաստական աշխատանքի արդյունք է։

Գրիգոր Խաչատրյանը չի թաքցնում, ներկայացումը դրական գնահատականներին զուգահեռ՝  արժանացել է նաև քննադատությունների, որոնց դրդապատճառն էլ գիտի։

«Գուցե մեծամիտ հնչի, բայց մեր ստեղծագործական խումբը  բազմաթիվ ուսումնասիրություններից հետո հասկացել է, որ Համլետի մասին մեր պատկերացումները տաբուներ են, որոշակի նախապաշարմունքներ։ Ունենք Համլետի մասին որոշակիորեն պատկերացումներ, ոչ մեկը չգիտի, թե այդ պատկերացումները որտեղից են գալիս, ինչ-որ զորավոր պատկերացում կա, որ Համլետն ունի 2,5 մետր հասակ, սուր է և լուծում է համաշխարհային հարցեր։ Բայց Շեքսպիրը սրա մասին չի գրել, բնականաբար: Այսօրվա մեր «Համլետում»  մենք դուրս ենք եկել այդ տաբուներից։ Համլետի, առհասարակ Շեքսպիրի մասին չես կարող հանպատրաստից խոսել, տեսնում ենք, թե հանպատրաստից խոսողների հետ ինչ է կատարվում։ Ասելիքը, որը մենք ենք նախապատրաստում, նախապատրաստում ենք 7-8 ամսվա ընթացքում՝ ստորագրելով մեր յուրաքանչյուր արածի ու ասածի համար։

Օրինակ, թատերական ինստիտուտում իմ կուրսի հետ Օթելլո էի բեմադրել, դասախոսներից մեկը հարցրեց՝ ինչո՞ւ է Օթելլոն զինվորական շորերով, պատասխանեցի՝ ախր Օթելլոն զինվորական է»,- ընդգծեց Գրիգոր Խաչատրյանը։

Ռեժիսորը հաշտ է բոլոր քննադատությունների հետ, սիրում է կարծիքներ լսել՝ նույնիսկ բացասական, քանի որ ներկայացումն ինքնին վեճ է, ուստի ուզում է, որ իր հետ վիճեն։ Եթե ներկայացումը բոլորը հավանում են, ուրեմն՝  ինչ-որ տեղ ռեժիսորը սխալ է։

Գրիգոր Խաչատրյանի բերմադրած «Համլետում» հնչում է Ճապոնիայի ազգային կոտո գործիքով երաժշտություն  քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի կատարմամբ։ Ճապոնական ազգային երաժշտական գործիքը ու քանոնահարուհուն ներկայացման մեջ ներգրավելը Գրիգոր Խաչատրյանը համարում է նախախնամություն։

Շեքսպրի պիեսում գլխավոր հերոսը՝ Համլետը, թափառական արտիստների մի խմբի խնդրում է բեմադրել  «Գոնզագոյի սպանությունը»:

Երևանյան թատրոնի գլխավոր ռեժիսորի փոխանցմամբ.

«Շեքսպիրն այն ժամանակ ասել է, որ նախատեսվել է «Գոնզագոյի սպանությունը» բեմադրել միայն այն պատճառով, որ  այն ծանոթ է հանրությանը, քանի որ պարզվում է, որ Համլետը նաև համալսարանական է, և եթե նա է պատվիրում ներկայացումը, պետք է մի այնպիսի գործ, որը գոնե ծանոթ լինի ընթերցասեր հանրությանը։ Եթե ինքը համալսարանական է և լավ է սովորում, երևի պետք է պատվիրեր Յուկիո Միսիմայի գործերից։ Մենք մտածեցինք «Գոնզագոյի սպանությունը» փոխել Միսիմայի «Հայրենասիրություն»  վիպակով, որն ուղիղ մեր ասելիքի ու Համլետի արժեհամակարգի հետ կապ ունի։ Այդ պատճառով ուզեցինք, որ կոտո գործիքը նվագվի, մտածում էինք, եթե գործիքը ձեռք բերենք, ո՞վ է նվագելու։ Ծանոթացանք Մարիաննայի հետ, ով մեկ շաբաթ հետո պետք է ճապոնացի երաժշտի հետ կոտո նվագեր։ Սա նախախնամության ուժն էր»,- ընդգծեց ռեժիսորը։

Գրիգոր Խաչատրյանի նպատակներից մեկն էլ «Համլետի» իր բեմադրության հյուրախաղերի գնալն է, մասնավորապես  շատ կցանկանար մասնակցել Դանիայում Համլետների փառատոնին, նաև Շեքսպիրյան փառատոնին։

«Կարծում եմ՝ Դրամատիկական թատրոնի ներկայացումը մեծ շրջագայություններ է  ունենալու»,- եզրափակեց Գրիգոր Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս