«Երբ կա սեր, նվիրում ու պրոֆեսիոնալիզմ՝ ամեն ինչ հաղթահարելի է». Ճապոնական էլեգանտ արվեստը` Մարիաննա Գևորգյանի մատուցմամբ
Երևանի պետական դրամատիկական թատրոնի խաղացանկը համալրել է թատրոնի գլխավոր ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի յուրահատուկ մեկնաբանությամբ բեմադրված Շեքսպիրի «Համլետ»-ը։
Ռեժիսորի բեմադրության մեջ հնչում է ճապոնական երաժշտություն, ճապոնական ազգային նվագարան՝ կոտոյով, որ կատարում է «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի երաժիշտ և միջազգային մրցանակների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը։ Սա առաջին դեպքն է, երբ ճապոնական ազգային նվագարանը հանդիսատեսին ներկայացվում է հենց հայուհու մատուցմամբ։ Գրիգոր Խաչատրյանի և Մարիաննայի համագործակցությունը տվել է հիանալի արդյունք, այս ամենը ոչ միայն հայ հանդիսատեսի, այլև ներկայացմանը ներկա՝ ՀՀ-ում Ճապոնիայի փոխդեսպանի կարծիքն է։
168.am-ը թատրոնի հետ համագործակցության և ճապոնական ազգային նվագարանի գաղտնիքներին տիրապետելու դժվարությունների վերաբերյալ զրուցել է Մարիաննա Գևորգյանի հետ։
– Մարիաննա, Ձեր ներգրավումը «Համլետ» ներկայացման մեջ, ինչպե՞ս է տեղի ունեցել, միանգամի՞ց ընդունեցիք հրավերը:
– Շատ պատահական ու անսպասելի Գրիգոր Խաչատրյանից զանգ ստացա, ներկայացրեց իր ֆենոմենալ գաղափարը: Քանի որ ես ճանաչում էի Գրիգոր Խաչատրյան վաստակավոր գործչին՝ արվեստում իր յուրահատուկ ձեռագրով ու մարդկային բացառիկ կերպարով, որը մեր օրերում հաճախ չես հանդիպի, սիրով համաձայնեցի մասնակիցը լինել նման գլուխգործոցի կյանքի կոչմանը: Ինձ շատ հետաքրքրեց ճապոնական կոտո նվագարանի գաղափարը, հատկապես որ, հատուկ այս ներկայացման համար պետք է ձեռք բերվեր և Հայաստանում լիներ միակը: Շատ հաճելի էր, որ գլխավոր բեմադրող ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը հենց ինձ էր վստահել այդ պատասխանատու պահը: Մոտավորապես մեկ տարի տևեց գործիքի ձեռքբերումը ու շատ բարդություններով:
Ինձ համար շատ գեղեցիկ քայլ ու անակնկալ էր, երբ թատրոնից զանգ ստացա, Գրիգորն էր, ասաց՝ հենց հիմա արի թատրոն` կոտոն թատրոնում է, բոլորս քեզ ենք սպասում, որ բացենք ու շնորհավորենք: Ես չգիտեմ, թե ինչպես եմ հասել թատրոն, ու իմ հուզմունքն այդ պահին բառերով նկարագրելու չի, երբ թատրոնի տնօրեն Արտաշես Մխիթարյանն ասաց, թե ինչպես է անձամբ գործիքը բերել թատրոն ու թույլ չի տվել, որ ոչ ոք գործիքին մոտենա:
– Սա Ձեր առաջի՞ն փորձն էր թատրոնում, թե՞ նման փորձ էլի եք ունեցել:
– Այո, թատրոնի մոգական աշխարհ առաջին անգամ մուտք գործեցի, թեև պրոֆեսիոնալ բեմում եմ արդեն 30 տարի: Ինձ համար շատ ուրախալի է, որ առիթ ունեմ ներկայանալ հենց այս թատրոնում, հենց այս ռեժիսորի ներկայացմանը: 17 տարի դադարից հետո Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ էր բարձրանում Շեքսպիրի Համլետը` նոր խոսք, նոր ասելիք, մեր օրեր, հսկայական թիմային աշխատանք, ու բոլորը՝ նվիրյալներ: Յուրաքանչյուր փորձ, խորհրդակցություն անցել է շատ համերաշխ, ուրախ, սրտացավ, ու այս ամենի հանրագումարն է կայացած ներկայացումը:
– Ճապոնական ազգային գործիքը` ճապոնական քանոնը, ներկայացման համա՞ր եք սովորել նվագել, թե՞ որպես քանոնահարուհի՝ նախկինում էլ եք նվագել գործիքով:
– Ճապոնական կոտոն ինձ անծանոթ չէր, քանի որ ելույթ ունեցել եմ ճապոնացի կոտո նվագող երաժշտի հետ, ով Հայաստանում համերգ ուներ, նրա հետ նվագել եմ Ավետիսյանի «Ծաղկած բալենին», այդ իսկ պատճառով մի փոքր ծանոթ էր, փորձ եմ ունեցել նաև մակոտո նվագող ճապոնուհու հետ, «Սարի աղջիկը» ստեղծագործությունն ենք կատարել, բայց որ ինքս կտիրապետեմ այս նվագարանին՝ երբեք չեմ մտածել:
– Ճապոնական և հայկական քանոնն ի՞նչ նմանություններ ու տարբերություններ ունեն, որո՞վ է ավելի դժվար նվագելը։ Գործիքը հոգեհարազատ դարձա՞վ Ձեզ, այնպես, ինչպես հայկական քանոնն է:
– Ճապոնական կոտոյին տիրապետելը, ըստ ճապոնացիների, համարվում է արիստոկրատ ու էլեգանտ արվեստ: Կոտոն 8-րդ դարի արքունական նվագարան է համարվում, նմանատիպ նվագարան կա նաև Չինաստանում, Կորեայում սրանք էլ տարբեր են՝ ըստ լարերի քանակի ու նվագելաոճի, կա նաև բաս կոտո: Պատկանում է քնարական ընտանիքին, կսմիթային լարային նվագարան է, պատրաստված է փայտից, ունի կամրջակներ, լարեր, նվագելու համար մատների հարմարանք, ինչպես քանոնը: Ինձ համար ամենահետաքրքիրն այն է, որ կոտոն ունի իմ քանոնի հակառակ հնչողությունը, չեմ էլ ուզում շատ մասնագիտական տեղեկատվություն տալ: Գործիքին տիրապետելու դժվարություն չեմ ունեցել ու զգացել, քանի որ թատրոնի տնօրինությունը կոտոն մեր տուն էր բերել, ու ես գիշեր- ցերեկ խորը ուսումնասիրել ու պարապել եմ: Օգտագործել եմ քանոնի, տավիղի, դաշնամուրի տեխնիկան, ու ամենակարևորը՝ երբ կա սեր, նվիրում ու պրոֆեսիոնալիզմ, ամեն ինչ հաղթահարելի է… Քանոնը չեմ համեմատում կոտոյի հետ… միանգամից սիրտս կպավ…
– Հնարավո՞ր է, որ առաջիկա Ձեր համերգների ժամանակ նվագեք նաև ճապոնական այդ երաժշտական գործիքով:
– Հնարավոր է… «Համլետ»-ում նվագում եմ մի քանի ստեղծագործություն՝ ընտրված ճապոնական ավանդական ստեղծագործություններ, բայց ես խնդրեցի, որ մի ստեղծագործություն էլ հայկական հնչեցնեմ, ինչն էլ հավանության արժանացավ ու ընդունվեց:
Վերջերս «Համլետ» ներկայացմանը հրավիրված էր նաև ՀՀ-ում Ճապոնիայի փոխդեսպանը: Ներկայացումից հետո շատ ուրախ էր։ Նա իր շնորհակալությունը հայտնեց՝ ասելով, որ շատ տպավորված ու զարմացած են, հետաքրքիր էր իրենց համար Հայաստանում լսել ու տեսնել ճապոնական իրենց ավանդական երաժշտական գործիքը։ Նաև՝ ճապոնացի 20-րդ դարի նշանավոր գրող Յուկիո Միսիմայի «Հայրենասիրություն» վիպակը, ինչը ներկայացված էր: Փոխդեսպանը խոստացավ սեպտեմբերին թատերաշրջանի բացմանն արդեն դեսպանի հետ ներկա լինել՝ Գրիգոր Խաչատրյանի հրավերով: