Երևանի և Բաքվի միջև ի՞նչ «բարդ ընտրություն» ու «ծանր զիջումներ» նկատի ունեն Պետքարտուղարությունում

ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է օրերս Միացյալ Նահանգներում Պետքարտուղար Բլինքենի նախաձեռնությամբ կայացած Միրզոյան-Բայրամով բանակցություններին և, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորությանը։

Հերթական ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, թե Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման ժամանակ կողմերն առաջընթաց գրանցել են, բայց համաձայնագիր դեռ չկա։ Նրա խոսքով, Վաշինգտոնը չի հանգստանա՝ մինչև համաձայնություն չլինի։

Թե ինչ առաջընթացի մասին է խոսքը, Միլլերը չի մանրամասնել, սակայն նշել է, որ Երևանն ու Բաքուն երկար ճանապարհ են անցել ու անհավանական առաջընթաց գրանցել։ «Խաղաղության համաձայնագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկու երկրների և տարածաշրջանի համար՝ բերելով խաղաղություն, կայունություն, տարածաշրջանին անվտանգություն»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ շեշտելով՝ Վաշինգտոնը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղության պայմանագրի առաջմղման հարցում։

«Մենք իսկապես կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց այն կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ: Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթեցում»,- ասել է Միլլերը։

Կարդացեք նաև

ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն ուշագրավ ու տագնապեցնող են հնչում՝ հաշվի առնելով խոսնակ Միլլերի՝ «բարդ ընտրությունների» և «ծանր զիջումների» մասին ձևակերպումները։

Ավելի վաղ 168amգրել էր, թե որ հարցերն են լինելու այս հանդիպման օրակարգում։ Վերջին ամիսներին Բաքուն ավելի շեշտակի հրապարակային դաշտ գցեց ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ավելի վաղ՝ մինչ Վաշինգտոն մեկնելը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը խոսել էր խաղաղության պայմանագրի ստորագրման՝ Բաքվի գլխավոր նախապայմանից՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջի մասին, թեև հայկական կողմը նշում է, որ դա ՀՀ ներքին գործն է, սակայն միաժամանակ հայտարարում է, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի։

Այսինքն՝ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ պաշտոնական Երևանի ու Բաքվի դիրքորոշումները միակամ են, սակայն տարբեր են այդ փոփոխությունները նախաձեռնելու ժամկետները, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունը ՀՀ-Ադրբեջան համաձայնագրին կապելու հարցում դիրքորոշումները։

168am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ բոլորին է հայտնի՝ այս հակամարտությունը կողմերից բարդ որոշումներ, փոխզիջումներ է պահանջում։ Թեև, նրա խոսքով, Ադրբեջանի կողմից փոխզիջումային մոտեցում բանակցությունների հետպատերազմյան շրջափուլում բացարձակ չկա, այլ Ադրբեջանն այս գործընթացում հնարավորինս թելադրողի դիրքում է։

«Թե կոնկրետ ինչ զիջումներից են խոսում ԱՄՆ-ից՝ բարդ է ասել, կարելի է որոշակի ենթադրություններ անել։ Սակայն ասեմ նաև, որ չի բացառվում, որ բանակցությունների անարդյունավետությունը և դրանում ԱՄՆ դիրքերի թուլացումը, ԱՄՆ ձախողումը, որպես միջնորդ ԱՄՆ-ն փորձում է ծածկել գործընթացի բարդությամբ։ Այնինչ հայտնի է նաև, որ կողմերին համաձայնեցման շատ ավելի քիչ հարցեր են մնացել։ Խոսակցության այլ թեմա է, թե նախորդիվ համաձայնեցված հարցերն ինչպես են համաձայնեցվել, ինչպես են ապահովվել բոլոր կողմերի շահերը»,- ասաց վերլուծաբանը։

Ուստի, ըստ Արեշևի, երբ նշում են բարդ որոշումների ու զիջումների մասին, ապա դա հիմնականում նախորդ շրջանում վերաբերել է Հայաստանին։

«Իսկ ի՞նչ զիջումներ են հարկավոր ներկայումս, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի։ Կարող ենք ենթադրել, որ կան մի քանի բաց և դեռևս գոնե հրապարակայնորեն անհամաձայնության առարկա հարցեր, դրանք ճանապարհ-միջանցք տարաձայնությունն է ՀՀ տարածքով և Ադրբեջանի նոր պահանջները ՀՀ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։

Ամիսներ առաջ այս շարքին կարելի էր դասել նաև սահմանազատման գործընթացը, սակայն այն սկսվեց, և կարծես գոնե կողմերի միջև պաշտոնական մակարդակում տարաձայնություններ չկան։ Կարելի է նաև ենթադրել, որ ԱՄՆ-ում առաջընթաց տեղի չի ունեցել, որի պատճառը հենց այս հարցերն են և Ադրբեջանի չփոփոխվող դիրքորոշումները։ Սակայն հետաքրքիր է, թե ո՞ւմ են առնչվում այդ բարդ ու ծանր որոշումները՝ ըստ Նահանգների»,- նման տեսակետ հայտնեց Արեշևը։

Ռուս փորձագետը ուշագրավ է համարում նաև այն, որ Ադրբեջանը չընդունեց Երևանի առաջարկը՝ համաձայնագիրը ստորագրել արդեն իսկ համաձայնեցված հարցերի շրջանակում։ «Այս մերժումը Բաքվի կողմից նշանակում էր, որ Բաքվի բոլոր պահանջները կատարված չեն, և Բաքուն այլ ակնկալիքներ ունի։ Չի բացառվում նաև այն, որ Ադրբեջանը չի ցանկանում համաձայնագիր ստորագրել ԱՄՆ միջնորդությամբ։ Հարցերն իսկապես շատ են, որոնք վերաբերում են թե ռեգիոնին, թե աշխարհաքաղաքականությանը, և թե կողմերի դիրքորոշումներին»,- ընդգծեց նա։

Արեշևը նաև գտնում է, որ որքան էլ կողմերը համաձայնագրի ստորագրմանը մոտ դիտարկվեն և համաձայնեցրած լինեն շատ հարցեր, համաձայնագրի ստորագրման գործընթացը կարող է երկար ձգվել։

«ԵՄ միջնորդը ևս մեկ կամ երկու տարի առաջ հայտարարում էր, որ կողմերին քիչ է մնացել համաձայնագիր ստորագրելու համար, ԱՄՆ-ը ևս առաջին անգամ չէ, որ հայտարարում է, թե կողմերը մոտ են համաձայնագրի ստորագրմանը։ Այս փուլում ԱՄՆ նման հույսերը կարող են հերթականը դուրս գալ և ամենևին էլ չարդարանալ։ Կարծում եմ նաև, որ ԱՄՆ-ում ընտրություններին ընդառաջ՝ աշնանը, որին քիչ է մնացել, ԱՄՆ-ը չի կարողանա ինտենսիվ զբաղվել այս հարցով, իսկ ընտրությունների արդյունքները կարող են անակնկալ լինել։ Սա նշանակում է, որ ԱՄՆ այս դիրքը բանակցային գործընթացում, ինչպես նաև ակտիվությունը ռեգիոնում կարող է ժամանակավորապես ընդհատվել, իսկ դրանից հետո՝ փոխվել։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ ամերիկյան քաղաքականությունը մտել է ընտրական շրջան, և դա թելադրող է։ Բնականաբար, դա հնարավորություն է տալիս այլ ուժերին ակտիվանալ»,- ասաց Արեշևը։

Տեսանյութեր

Լրահոս