Բլինքենի երկու գլխավոր խնդիրը՝ Միրզոյան-Բայրամով հնարավոր հանդիպմանը․ ի՞նչ սպասել հայ-ադրբեջանական բանակցություններից

Չի բացառվում, որ առաջիկա օրերին ու ժամերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն Վաշինգտոնում։

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ հրավերով մեկնել են ԱՄՆ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները չեն հաստատել, որ Վաշինգտոնում սպասվում է նախարարական մակարդակով հանդիպում, սակայն հաշվի առնելով ԱՄՆ շահագրգռությունը՝ նման հանդիպում կազմակերպելու, նպաստելու, այսպես կոչված, բանակցային գործընթացին, ներառվելու գործընթացում՝ որպես միջնորդ, չի բացառվում, որ հանդիպում տեղի ունենա։

«Չեմ կասկածում, որ հատուկ հանդիպումներ և ներգրավվածություններ կլինեն գագաթնաժողովի շրջանակներում»,- ասել էր Պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը։

Ավելի վաղ՝ մինչ Վաշինգտոն մեկնելը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին խոսել էր խաղաղության պայմանագրի ստորագրման՝ Բաքվի գլխավոր նախապայմանից՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջի մասին, թեև հայկական կողմը նշում է, որ դա ՀՀ ներքին գործն է, սակայն միաժամանակ հայտարարում է, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի։

Կարդացեք նաև

Բայրամովը նշել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ «բաց հարցերի թիվը զգալի նվազել է»։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, թե իբր ՀՀ Սահմանադրության մեջ դեռ մնում է «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջը»։ «Լիարժեք խաղաղության հասնելու համար այս գործոնը պետք է վերացվի»,- շեշտել է Բայրամովը:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ շեշտել էր, թե եկել է տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն կերտելու ժամանակը. «Մեր տարածաշրջանը համագործակցության կարիք ունի, ոչ թե զենքի»:

Չնայած խաղաղության պատրաստակամության մասին այս հայտարարություններին՝ Ադրբեջանը, ըստ Հայաստանի ԱԳՆ-ի և ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի, դրական չի արձագանքում խաղաղության պայմանագիրը մեկ ամսում ամբողջացնելու և ստորագրելու Երևանի առաջարկին, քանի որ վերջին շրջանում Բաքուն խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։

Ըստ էության Բաքուն այս նախապայմանից չի հրաժարվել նաև ամերիկյան կողմի հայտարարություններից հետո։ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը հունիսի 12-ին Երևանում հայտարարել էր․ «Կարծում եմ, որ այս՝ նոր պահանջներ դնելու, ապա հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճն ինչ-որ պահի պետք է դադարեցվի։ Ըստ իս՝ հաջող համաձայնագրի մոտավոր ուրվագիծն արդեն գիտենք: Եվ հիմա, իսկապես, խնդիրն այն է, որ կողմերն ընդունեն՝ ժամանակն է համաձայնության գալու»։

Անցյալ տարի մայիսի սկզբին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների քառօրյա բանակցություններին մեծ հետաքրքրությամբ էին հետևում ողջ աշխարհում՝ ակնկալելով այդ բանակցություններից լուրջ առաջընթաց, հաշվի առնելով դրանցում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի և ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանի մասնակցությունը։ Սակայն բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին, թե «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»:

Իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշեց. «Երկկողմ և եռակողմ ինտենսիվ ու կառուցողական մի շարք քննարկումներից հետո կողմերը զգալի առաջընթաց գրանցեցին բարդ խնդիրների լուծման գործում»։

«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների հետ և ավելի լավ են պատկերացնում միմյանց դիրքորոշումները չլուծված հարցերի վերաբերյալ»,- հայտարարել էր Բլինքենը՝ հնչեցնելով բավականին անորոշ գնահատականներ։

ԱՄՆ այս ներգրավվածությունից հետո ԱՄՆ միջնորդական ջանքերը հանդիպեցին ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում տարաձայնությունների, և վերջերս փաստորեն ԱՄՆ-ը կրկին փորձեց ավելի ներքաշվել գործընթացին՝ որպես միջնորդ։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ-ը չի կարող բաց թողնել հնարավորությունը՝ հանդիպում կազմակերպել այն դեպքում, երբ ԱԳ նախարարներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելու գլխավոր նպատակը ոչ թե ՆԱՏՕ-ն է, այլ հայ-ադրբեջանական օրակարգը և Հարավային Կովկասը։

Ըստ նրա, ԱՄՆ-ը կփորձի վերադառնալ իր՝ անցյալ տարի բաց թողնված հնարավորությանը։ «Մենք հիշում ենք, որ անցյալ տարի ԱՄՆ-ը ակտիվ ջանքեր սկսեց ներդնել, սակայն դրանք լիովին չբացահայտված պատճառներով կիսատ մնացին։ Հայտնի էր, որ եղան հայ-ադրբեջանական տարաձայնություններ, ապա մի քանի ամիս շարունակվում էին ադրբեջանա-ամերիկյան տարաձայնությունները հրապարակային դաշտում։ Եվ հիմա, երբ կողմերն արդեն գրեթե բոլոր հարցերի շուրջ համաձայնության են եկել, ԱՄՆ-ը փորձում է միանալ գործընթացին, այնպես անել, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի ԱՄՆ մասնակցությամբ կամ ներկայությամբ»,- նման կարծիք հայտնեց Լուկիանովը։

Ըստ նրա, դատելով նախկին զարգացումներից, ներկայումս ևս կարելի է ասել, որ ԱՄՆ ջանքերի հաջողությունը կախված է հակամարտող բոլոր երկրներից։

«Մենք գիտենք, որ ՀՀ-ն ներկայումս բոլոր հարցերում ակտիվ համագործակցում է ԱՄՆ-ի հետ, ցանկանում է գործընթացում տեսնել ԱՄՆ միջնորդություն, իսկ Ադրբեջանը ցանկանում է բանակցել ուղիղ՝ առանց միջնորդների։ Կարծում եմ՝ Վաշինգտոնում ԱՄՆ-ը կփորձի ներքաշվել գործընթացի մեջ՝ համաձայնագիրն արագ ստորագրելու համաձայնություն ձեռք բերելու նպատակով։ Այս ճանապարհին հարկավոր է գործընթացից դուրս բերել նախապայմանները։ Սակայն ադրբեջանական կողմը Վաշինգտոն է մեկնել՝ այդ նախապայմանները հնչեցնելով, որը վերաբերում է ՀՀ Սահմանադրությանը։ Սակայն բարդ է ասել՝ արդյոք ԱՄՆ-ին կհաջողվի՞ հասնել իր այդ գլխավոր նպատակին, բայց այն, որ օրակարգը դա է լինելու, ակնհայտ է։

Եթե  ամփոփենք, ապա ԱՄՆ խնդիրն է՝ իր միջնորդության մասնակի վերականգնում, համաձայնագիրը մոտ ժամկետներում ստորագրելու համաձայնություն և  վերջերս ի հայտ եկած նախապայմանների վերացում, որպեսզի գործընթացն արագ լինի»,- ասաց վերլուծաբանը։

Լուկիանովի կարծիքով, ԱՄՆ-ը շտապում է, քանի որ թևակոխել է ընտրություններով պայմանավորված ներքաղաքական անկանխատեսելի զարգացումների և դրանից բխող աշխարհաքաղաքական հնարավոր փոփոխությունների փուլ։

Ինչ վերաբերում է բանակցություններում կողմերի միջև համաձայնությունների ձեռքբերման հնարավորություններին, ապա վերլուծաբանը գտնում է, որ հանդիպում, թերևս, տեղի կունենա, քանի որ ԱՄՆ պետքարտուղարի առաջարկը նախարարները դժվարությամբ կկարողանան մերժել։

Ավելին, ըստ նրա, նախարարներն ԱՄՆ են մեկնել մոտավոր համաձայնություններով, պարզապես դրանք չեն հանրայնացվում։

«Սակայն կասկածում եմ, որ համաձայնագրի ստորագրման հարցում հնարավոր կլինի համաձայնության գալ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Ադրբեջանը ևս իր հաշվարկներն ունի, բացի այդ, Ադրբեջանը հետպատերազմյան շրջանում իր հրապարակային որևէ դիրքորոշումից չի հրաժարվել, սակայն, եթե ԱՄՆ-ի կողմից լուրջ ջանք գործադրվի, գուցեև հնարավոր լինի վերացնել գլխավոր նախապայմանը։ Սակայն սրանք ստանդարտ խոսակցություններ չեն, հնարավոր է խոսել և համաձայնեցնել մեկ բան և գալ ռեգիոն ու հայտարարել մեկ այլ բան»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս