«Անորակ հրթիռների» գործի քննության օրը հայտնի է. գործը մակագրվել է «առևանգված» դատավորին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը տեղի կունենա հունվարի 19-ին՝ ժամը 15:00-ին։
Տեղեկությունը 168.am-ին փոխանցեց Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը:
Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին:
Հիշեցնենք, որ անցած տարի հունիսին, երբ պետք է հրապարակվեր բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ դատարանի որոշումը, որով պաշտպանական կողմը վիճարկում էր նրա ձերբակալության իրավաչափությունը, 168.am-ը գրել էր, որ դատավոր Մանվել Շահվերդյանին առևանգել և պահել են ԱԱԾ-ում, և, որ այդ ողջ գործընթացը կազմակերպվել ու ղեկավարվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից։
Հավելենք, որ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ պահանջելու է դռնբաց, հրապարակային դատավարություն՝ իհարկե, հաշվի առնելով պետական ու ռազմական գաղտնիքի հետ կապված սահմանափակումները: