«Դավիթ Գալստյանի ընկերության մատակարարած հրթիռների վրա չի եղել անգամ ժանգոտվածություն. քրեական գործի քննությունը հեռու է օբյեկտիվ կոչվելուց». Փաստաբան

168.am-ի հարցազրույցն «անորակ հրթիռների» գործով անցնող ՀՀ-ին զենք-զինամթերք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) փաստաբան Արմեն Հարությունյանի հետ:

– Դավիթ Գալստյանը նախ մեղադրվում էր, որ բանակին մատակարարել է 1977թ. չեխական արտադրության հրանոթի արկեր, որոնց կիրառման դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ Այժմ նա մեղադրվում է նաև ավիացիոն անորակ հրթիռների գործով, որի շրջանակում Դուք պահանջում եք փորձաքննություն անցկացնել, ինչը ձգձգվում է: Ըստ էության, հրթիռների անորակ լինել-չլինելու հարցը կարող է տալ Պաշտպանության նախարարությունը, երկրորդ՝ անկախ փորձագիտական խումբը: Այս առումով դուք ի՞նչ սպասելիքներ ունեք, արդյոք Պաշտպանության նախարարության (ՊՆ) մասնագետները կաշկանդված չե՞ն լինի մասնագիտական գնահատական տալ, և ի՞նչ անկախ փորձագետներ եք պատրաստվում ներգրավել, եթե իշխանությունները, ի վերջո, համաձայնեն դրան:

– Նախ նշեմ, որ փորձաքննությունը չի ձգձգվում։ Այլ նախաքննության մարմինը առանց որևէ հիմնավորման ու պատճառաբանության՝ հրաժարվել է այն իրականացնել։ Իրավացի եք, և տրամաբանական է ենթադրել, որ ՊՆ մասնագետները կարող են լինել կաշկանդված, ավելի ճիշտ կլինի ասել, որ նախաքննության մարմինը չի հավատա ՊՆ մասնագետների կարծիքին։ Դրա համար քրեական դատավարությունը նախատեսում է անկախ փորձագետի ինստիտուտը, որի դեպքում բացառվում է որևէ կաշկանդվածություն։ Մենք պատրաստ ենք հրավիրել մասնագետների Եվրոպայից, Ռուսաստանից։

Այդպես ենք արել նաև նախկին քրեական գործով։ Սակայն նախաքննության մարմինը հրաժարվել է մեր ներգրաված մասնագետներից։ Իսկ այս գործով մենք դրսի մասնագետներից ստացել ենք մասնագիտական կարծիքներ, որոնք անպայման կներկայացվեն նախաքննության մարմնին։ Սակայն այդ կարծիքները չեն կարող փոխարինել դատավարությամբ նշանակված փորձաքննության եզրակացությանը, որը որպես ապացույցի տեսակ՝ ավելի ծանրակշիռ է։ Մենք արդեն իսկ հիմնավորել ենք, որ հրթիռների որակի և անպիտան լինելու պնդումները անհիմն են անհերքելի փաստարկներով։ Դա է պատճառը, որ նախաքննության մարմինը հրաժարվել է փորձաքննություն իրականացնել, քանի որ իրենց համար էլ, կարծում եմ, ակնհայտ է այդ փաստը, որ փորձաքննության արդյունքներով մեղադրանքները կհիմնազրկվեն։ Նույն պատկերն էր նաև նախորդ գործով։ Փորձաքննությունը, որքան հնարավոր է՝ ձգձգեցին, վերջում փորձաքննության ընթացքում գրանցվեցին գերազանց արդյունքներ, ինչը մերկացրեց ապրանքի անորակ լինելու հետ կապված կեղծ մեղադրանքը։

Զինամթերթի, տվյալ պարագայում՝ հրթիռների մատակարարման դեպքում ո՞րն է շեղումների արձանագրման թույլատրելի քանակը կամ չափը, նաև՝ մատակարարված ապրանքի վրա ժանգի առկայության: Եվ եթե գաղտնիք չէ՝ Դավիթ Գալստյանի ընկերության կողմից մատակարարված ավիացիոն հրթիռների դեպքում քանի՞ հատ հրթիռների դեպքում է շեղումներ գրանցվել, և ժանգի առկայության ի՞նչ տոկոսի հետ գործ ունենք: 

– Ընդհանրապես, ժանգի առկայությունը նման տեսակի հրթիռների վրա նորմալ երևույթ է, և այդ ժանգի կետերի առկայությունը դեռևս հիմք չէ հրթիռներն անպիտան համարելու։ Դրա մասին են վկայում՝ ինչպես մասնագետները, այնպես էլ՝ մասնագիտական գրականությունը։ Եթե այսօր մենք, օրինակ, հնարավորություն ունենանք զննել ցանկացած առաջադեմ երկրի զենքի պահեստ, վստահեցնում եմ, որ նմանատիպ հրթիռների վրա կարող ենք գտնել ժանգի հետքեր։ Դա պայմանավորված է հրթիռների մետաղական, կառուցվածքային, դրանց պահպանման առանձնահատկություններով, և այլն։ Ռազմական համապատասխան ուղեցույցներով, գրականությամբ հիմնավորված է, որ անպիտան կարող է համարվել այն հրթիռը, որի մակերևույթի 40 և ավելի տոկոսը ժանգոտված է։

Ինչ վերաբերում է այս հրթիռներին, ապա այդ հրթիռների վրա չկա նմանատիպ ժանգոտվածություն, ինչը հաստատվել է հենց քննիչի կողմից իրականացված որոշ դատավարական գործողությունների արդյունքում։

Վստահ ենք, որ մեր փորձագիտական հիմնարկներում կգտնվեն սպառազինության մասնագետներ, ովքեր հիմնավոր կպատասխանեն այս հարցերին։ Դրա համար պետք է միայն նախաքննության օբեկտիվություն ապահովել։

Օբեկտիվ լինելու համար նշեմ, որ, ըստ նախաքննության մարմնի, եղել են դեպքեր, երբ հրթիռների մոտ ինչ-որ շեղումներ են արձանագրվել, թեև մանրամասն որևէ տվյալ չեմ կարող հրապարակել։ Սակայն խոսքը մի քանի դեպքի մասին է, որը արձանագրվել է 10 տարվա ընթացքում։

Վստահ եմ՝ այդ դեպքերով ժամանակին կատարվել են ուսումնասիրություններ և պարզվել է, որ դրանք հրթիռների որակի հետ կապ չունեն:

Բերեմ մեկ օրինակ. Եթե, ասենք, 10.000 հրթիռից 30-ը չկրակվի, իսկ մնացածը անխափան կրակվեն, չի կարելի պնդել, որ ամբողջ խմբաքանակը անպիտան է։ Այս օրինակում խոսքը գնում է 0.3 տոկոսի մասին։ Խնդիրը պատկերացնելու համար՝ ասեմ, որ արձանագրված դեպքերը ավելի քիչ են։

– ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ խոսքը 1985-1991 թվականների արտադրության հրթիռների մասին է, և, որ դրանք չեն կիրառվել վերջին պատերազմում, թեպետ տեղեկություններ կան, որ դրանք 44-օրյայում կիրառվել են: ԱԱԾ-ն նաև գինն է նշել մեկ միավոր հրթիռի, որոշակի չափով պարզ է նաև հայկական ավիացիոն զինանոցը, և այս բոլորը հանրագումարի բերելով, թերևս, մասնագետները կարող են կռահել՝ ինչ տեսակ հրթիռի մասին է խոսքը:

Ցավոք սրտի, նման տեղեկություններ չեմ կարող հայտնել, պետական գաղտնիք է: Հետո կասեն, թե պաշտպանները պետական գաղտնիքներ են հրապարակում։ Թեև կարծում եմ, որ գլխավոր պետական գաղտնիքը հրապարակել է հենց ԱԱԾ-ն իր հաղորդագրությամբ։

– «Անորակ հրթիռների» գործով ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ԱԱԾ-ն նրանց ձերբակալման մասին չի հայտնել պաշտոնապես, թե ինչո՞ւմ են մեղադրվում: Տեղեկություններ չկան նաև նրանց փաստաբանների մասով:

Այդ մասին տեղեկացել ենք մամուլից։ Նախաքննության մարմնի մեզ հայտնի գործողությունները և դրանց հերթականությունը միայն բավարար է, որպեսզի համոզվենք, որ նախաքննության մարմինը հրաժարվելով փորձաքննություններից, այժմ անցել է ցուցմունքներ կորզելու արհեստավարժորեն իրականացվող գործողություններին։ Հիմք եմ ընդունում նաև նախորդ քրեական գործով բացահայտված իրականությունը, որը վերաբերում է վկաներին դատավարական կոպիտ խախտումներով, ուղղորդված հարցաքննություններին, առերես հարցաքննությունների արդյունքում բացահայտված օբեկտիվ իրականության դեպքերին։

Ձեր կողմից նշված մարդկանց մասին կարող եմ ասել, որ այդ անձինք ավելի վաղ որպես վկա հարցաքննվել են, և, իմ գնահատմամբ՝ տվել են օբեկտիվ իրականությունը բացահայտող ցուցմունքներ, որոնք, մեղմ ասած, չեն հիմնավորում մեղադրանքը։ Նրանց ձերբակալման կամ կալանավորման նպատակը կարող է լինել «ցանկալի ցուցմունք ՝ ազատության դիմաց» չգրված կանոնի իրագործումը։

– Թեպետ նշեցիք, որ ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանի և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանի ձերբակալման մասին մամուլից եք տեղեկացել, ամեն դեպքում, Դուք ունե՞ք տեղեկություն՝ բացի վերը նշված անձանցից՝ կա՞ն այլ ձերբակալվածներ, որոնց մասին գուցե դարձյալ ԱԱԾ-ն լռում է:

Այդպիսի տեղեկություններ չունեմ։ Սակայն տեսնելով այս ձեռագիրը, չեմ բացառում նաև այլ դեպքեր։ Այստեղ, իմ կարծիքով, կարևոր է դատախազության դերը, քանի որ նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություն ունի հենց դատախազությունը։ Հուսով եմ, որ մեր բարձրացրած խնդիրներին պատշաճ գնահատական կտան։

Այս գործով իրադարձությունների զարգացման ի՞նչ սցենար եք կանխատեսում: Օրինակ, երեկ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել, որտեղ իշխանություններին հորդորում էին իսկապես դրսևորել քաղաքական կամք՝ գործի օբյեկտիվ քննությունն ապահովելու, գործով ճշմարտությունը բացահայտելու նպատակով: «Այդ օբյեկտիվությունն ապահովելուց հետո միայն կանդրադառնանք անկախ փորձաքննության աջակցությամբ նախաքննության մարմնին զինամթերքի պիտանելիության, արտադրության և պահպանման ժամկետների, ինչպես նաև «շուկայական գին» հասկացությունը պարզաբանելուն»,- նշվում էր ՊՆ նախկին նախարար Տոնոյանի պաշտպանների հայտարարության մեջ:

Կարծում եմ՝ ամեն ինչ արվում է կալանքի ժամկետը երկարաձգելու համար։ Նպատակը, իմ կարծիքով, դա է։ Թե ինչո՞ւ և ո՞ւմ է ձեռք տալիս, կարծում եմ, մոտ ապագայում կտեսնենք։ Այն, որ քրեական գործի քննությունը հեռու է օբյեկտիվ կոչվելուց, ակնհայտ է մեզ համար։ Նման եզրահանգման ենք գալիս նաև տեսնելով ոչ միայն իմ կողմից նշված դրսևորումները, այլև գործի մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխնող տեղեկությունների տարածումը։ Մեկ լուրջ մտավախություն էլ ունենք. արդեն գիտեք, որ կալանքի հետ կապված գործերը սկսել են քննել նոր նշանակված դատավորները նոր ձևավորված դատարանում։ Եթե ներկայացվի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն, այն նույնպես քննելու են նոր նշանակված դատավորները։ Մեզ մնում է հուսալ, որ նորանշանակ դատավորները կլինեն իրականում անկախ, կկատարեն օբյեկտիվ քննություն և կկայացնեն հիմնավորված որոշումներ՝ անդրադառնալով պաշտպանական կողմի ներկայացված փաստարկներին։

Այս գործով առերեսումներ եղե՞լ են, մասնավորապես՝ Դավիթ Գալստյանի մասնակցությամբ:

Ոչ, դեռևս առերեսումներ չեն եղել։ Վստահ ենք՝ վկաների նկատմամբ ճնշումները, նրանցից ցուցմունքներ կորզելու դեպքերն առերես հարցաքննությունների ժամանակ կբացահայտվեն։

Տեսանյութեր

Լրահոս