Հրամայված է ՌԴ-ի մասին լռել, կամ՝ Արմեն Գրիգորյանի անվտանգային դիվերսիֆիկացիայի մասին «նեղ» պնդումը. ինչու կարող են մեզ զենք չմատակարարել
Օրեր առաջ 168.am-ն անդրադարձել էր Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ «ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել, ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ», և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի Բելգորոդում պնդմանը՝ «պետությունների միջև հարաբերությունները որոշվում են ոչ թե թերթերում ինչ-որ հոդվածներով, առանձին մարդկանց հայտարարություններով, այլ միջպետական համաձայնագրերով»:
Մենք նկատել էինք, որ գուցե Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանի միջոցով փորձել է մեսիջներ ուղարկել ռուսական կողմին, հատկապես, երբ ՌԴ-ից հստակ հասկացրել էին՝ պետք է ընտրել՝ կամ ԵՄ-ն, կամ ԵԱՏՄ-ն, իսկ Նիկոլ Փաշինյանը միշտ է հայտարարում, որ տնտեսության զարգացմամբ է պայմանավորված անվտանգության մակարդակի ցածր կամ բարձր լինելը: Կամ գուցե փորձել է մեղմել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջերս արած հայտարարությունը, թե ՌԴ-ն է հանձնել Արցախն Ադրբեջանին…
Այսօր «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով քննարկումից հետո լրագրողները փորձել են ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից մեկնաբանություն ստանալ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի «շրջայցերի» և վերը նշված հայտարարության վերաբերյալ, ավելին, նրան հիշեցվել է վերջերս իր հայտարարությունը՝ ՌԴ-ն է հանձնել Արցախն Ադրբեջանին, սակայն ԱԽ քարտուղարը մերժել է մեկնաբանություն տալ: Եվ լրագրողներին այլ բան չէր մնում, քան արձագանքել՝ Ձեզ արգելե՞լ են խոսել, իսկ Արմեն Գրիգորյանին մնում էր հեռանալ, ըստ էության, անպատասխան թողնելով նաև այս հարցը՝ միայն սահմանափակվելով, որ «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով քննարկման ժամանակ ելույթ ունեցել է: Անհաջող պատճառաբանություն:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է Վաղարշակ Հարությունյանին՝ ՌԴ-ի դեմ արված հայտարարությունները մեղմող շրջայցեր և հայտարարություններ անել, որովհետև Բելգորոդից հետո ՌԴ-ում ՀՀ դեսպանը նաև Կուրսկ է այցելել: Իսկ Արմեն Գրիգորյանին էլ հրահանգել է ավելի զգուշավոր լինել ՌԴ-ին վերաբերող հայտարարություններ անելիս, հատկապես, երբ, ինչպես այսօր հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցն է և շատ ակտիվ է Եվրասիական տնտեսական միության ձևաչափում։
Այսինքն, մի ժամանակ ԵԱՏՄ-ին քննադատող ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, այսօր արդեն վարչապետի աթոռից տնտեսական ռեալ օգուտներ է տեսնում նույն ԵԱՏՄ-ից, գուցե դրա հետ կապված էլ ԵՄ հարթակում դեռ հարցեր ունի:
Ի դեպ, «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով քննարկման ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ տնտեսության ոլորտում շատ աշխատանքներ ունեն կատարելու, որ կարողանան դիվերսիֆիկացիայի հասնեն: Իսկ անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք, վստահեցրել է Գրիգորյանը:
«Հայաստանն ունի բավարար կարողություն՝ հնարավոր ապագա սպառնալիքներին դիմակայելու, իսկ դիմակայելու համար շատ կարևոր է դիվերսիֆիկացիան: Մենք հաճախ քննարկումներում ասում ենք՝ մեկից կախվածությունը փոխարինենք շատերից կախվածությամբ, սա շատ կարևոր է: Բայց ոչ միայն մենք պետք է կախված լինենք, այլ պետք է փոխկախվածություն լինի։ Փոխկախվածությունը դա կայունության աղբյուր է։ Այսինքն, դիվերսիֆիկացիան մեկ կախվածությունը շատերից կախվածության փոխարինելն է, որ մեկը մոնոպոլիա չունենա։ Անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք»,- պարզաբանել է Գրիգորյանը:
Դիվերսիֆիկացիան վատ բան չէ, եթե իրականում դրան կարողանաս հասնել: Այսօր վստահաբար ասել, որ անվտանգության ոլորտում ունենք դիվերսիֆիկացիա, ճիշտ չէ, մեղմ ասած:
Որովհետև ՀՀ ԶՈւ զինանոցի հիմնական մասը դեռ ռուսական սպառազինությունն է, իսկ որոշակի տեսակի և որոշակի քանակի հնդկական սպառազինություն բերելով, կամ՝ ֆրանսիական ոչ պաշտպանական հրետանային ինքնագնաց կայան ձեռք բերելու մասին պայմանագիր կնքելով, երբ այդ Caesar-ները դեռ 1-2 տարի հետո լավագույն դեպքում կարող են Հայաստան հասնել, դեռ հստակ դիվերսիֆիկացիայի մասին խոսելու հիմք չեն: Օրինակ, «Bulgarian military»-ն տարածել էր տեղեկություն, թե Հայաստանը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում «Barak 8» զենիթահրթիռային համալիրի նկատմամբ:
168.am–ը գրել էր, որ սա Հնդկաստանի և Իսրայելի համատեղ նախագիծն է և հայտնի է նաև՝ որպես LR-SAM կամ MR-SAM համակարգ, և, որ որքան էլ Հնդկաստանը վստահեցնի, թե սահմանափակում չկա արտահանման դեպքում, սակայն հաշվի առնելով Հայաստանի և Իսրայելի միջև լարվածությունը, խնդիրներ կարող են ծագել՝ Հայաստանին իսրայելա-հնդկական համատեղ մշակմամբ համալիրի մատակարարելու դեպքում:
Ի դեպ, օրեր առաջ Հնդկաստանում Իսրայելի նախկին դեսպանը հայտարարել էր՝ Հնդկաստանը միշտ հիշում է, որ Իսրայելն իր կողքին է եղել Կարգիլյան պատերազմի ժամանակ, որ Իսրայելն այն փոքրաթիվ երկրներից էր, որ աջակցել է Հնդկաստանին և զենք մատակարարել:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունների սրացումը 1999-ի մայիսին հանգեցրել էր պատերազմի, որը հայտնի է «Կարգիլյան պատերազմ» անունով:
Տարբեր տեղեկություններով, մոտ հազար պակիստանցի զինյալներ անարգել անցել էին սահմանագիծը՝ վերահսկողություն հաստատելով ռազմավարական կարևոր նշանակության բարձունքների վրա, սակայն որոշ ժամանակ անց հնդկական զինուժին հաջողվել էր հետ գրավել կորսված տարածքները։ Պատերազմն ավարտվել էր նույն տարվա հուլիսին։
Իսկ Իսրայելի նախկին դեսպանը հնարավոր էր համարել, որ Հնդկաստանը զենք մատակարարի Իսրայելին՝ Գազայի հատվածում հակամարտության ֆոնին՝ որպես փոխհատուցում ժամանակին Իսրայելի ցուցաբերած աջակցության:
Ի դեպ, Հնդկաստանի՝ Հայաստանին զենք վաճառելու որոշումը ոչ միայն բիզնես նպատակներ է հետապնդում, թերևս, այն նաև քայլ է՝ ընդդեմ Պակիստանի, որի հետ Ադրբեջանը շատ սերտ հարաբերություններ ունի:
Ավելին, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Պակիստանն աջակցել է Ադրբեջանին, որի մասին օրերս նորից հիշել են Ադրբեջանում՝ ի դեմս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի:
Վերադառնանք Իսրայելին և հավելենք, որ Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը, և անմիջապես ստացվեց ՀՀ-ի որոշման պատասխանը. Իսրայելը կվերանայի Ադրբեջանին ժամանակակից համակարգերի մատակարարման հարցը, խոսքը նաև Spy-X-ի մասին է:
Ի դեպ, Հորդանանի ԱԳՆ-ն ողջունեց Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը: Իսկ սրանից առաջ Հորդանանը պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր էր ստորագրել Ադրբեջանի հետ, որն օրերս հաստատել է Ադրբեջանի նախագահը:
168.am-ը գրել էր, որ ժամանակին Հորդանանից որակյալ սպառազինություն ՀՀ-ն ստացել է, և, որ 2022 թվականին ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի «ձեռքով» չեղարկվել էր հորդանանական «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերության հետ 2021-ի օգոստոսին կնքված պայմանագիրը: Այս գործարքի հետ բանակին զենք մատակարարած Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, որը Հորդանանից «Օսա-ԱԿ» համալիրներ էր բերել, որևէ առնչություն չունի չեղարկված գործարքի հետ:
Ինչ վերաբերում է Սերբիայի և Բուլղարիայի հետ պաշտպանական ոլորտում համագործակցելու Հայաստանի ցանկությանը, ապա մեկ անգամ չէ, որ գրել ենք Հայաստանը պետք է հաշվի առնի այդ երկրներին ադրբեջանական գազի մատակարարման հզոր գործոնը:
Եվ այս անվտանգային մարտահրավերների, չլուծված լոգիստիկ խնդիրների, աշխարհաքաղաքական շահերի պարագայում ասել, որ Հայաստանն անվտանգային ոլորտում դիվերսիֆիկացիայի հետ կապված հարցերը լուծել է, որ «արդեն դիվերսիֆիկացիա ունենք», առնվազն լուրջ չէ: