Ադրբեջանի «բարի կամքի» վերջին դրսևորումը, սպառազինության մրցավազքը և Ֆրանսիայի հապճեպ գաղտնազերծումները. Ի՞նչ հաշվարկներ պետք է անի Հայաստանը

Հունիսի 18-ին Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցից հետո Ադրբեջանը որոշում է հունիսի 21-ին հայկական կողմին փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքները:

Եվ եթե ՀՀ ԱԱԾ-ն իր հաղորդագրությամբ զուտ «չոր» տեղեկություն է հայտնում, ապա Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի հաղորդագրությունը քաղաքական մեսիջ էր պարունակում:

«Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց է դրել իր հավատարմությունը մարդասիրական սկզբունքներին և հունիսի 21-ին հայկական կողմին փոխանցել 2 հայ զինծառայողների դիակ-մասունքները՝ առանց երրորդ կողմի կամ որևէ միջնորդի մասնակցության»,- նշվում է ադրբեջանական հանձնաժողովի հայտարարության մեջ:

Այսինքն, Ալիևը հասկացնում է, որ ցանկացած հարց պետք է լուծվի միայն Ադրբեջանի հետ համաձայնության գալով՝ առանց միջնորդների և որևէ մեկի երաշխավորության, ինչը և վաղուց իրականացվում է:

Կարդացեք նաև

Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարում, որ հարևաններն իրենք իրենց հարցերը պետք է կարգավորեն: Խնդիրն այն է, որ Ադրբեջանն իր կողքին ունի Թուրքիա, լրջագույն գործոն է ադրբեջանական գազը, իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է կամակատար երկրի, և անվտանգային երաշխիքներ է ակնկալում մի հարևաններից կամ հարևաններից, որոնք, բնավ, չեն երազում իրենց կողքին ունենալ հզոր Հայաստան՝ մարտունակ և լավ զինված բանակով:

Իսկ այն, որ Ադրբեջանը հավատարիմ է մարդասիրական սկզբունքներին, մեղմ ասած, ծիծաղելի է, երբ տևական ժամանակ արգելում էին նույն այդ զինվորներին կամ նրանց մարմինները փնտրել 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի վայրերում:

Ի դեպ, հետաքրքիր է, որ նախքան մեր զինվորների դիակ-մասունքների հանձնումը որևէ տեղեկություն չի շրջանառվել ադրբեջանական կամ հայկական լրատվական կայքերում, սոցիալական հարթակներում:

Փոխարենը՝ դրանից առաջ ադրբեջանական տելեգրամ կայքերում տեղեկություններ էին շրջանառվում, թե թուրքական հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռը (AWACS) հետախուզական թռիչք է կատարել ՀՀ սահմանի երկայնքով:

Նույն ժամանակահատվածում ադրբեջանական տելեգրամյան ալիքները տեղեկություններ էին շրջանառում, որ Իլ-76 ՏԴ ինքնաթիռն Ադրբեջանի պաշտպանության հետաքրքրությունների շրջանակում Վալենսիայից իսրայելական «Ուվդա» ավիաբազա է հասել, որտեղից կարևոր բեռ վերցնելուց հետո հետո արագ թռչել Բաքու:

   

Նշենք, որ այս օրերին ադրբեջանական կողմը հերթական աղմուկն է բարձրացրել Հայաստանի՝ Ֆրանսիայից CAESAR ինքնագնաց հրետանային կայաններ ձեռք բերելու շուրջ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անգամ զգուշացրել էր՝ «Հարավային Կովկասում իրավիճակի սրման և պատերազմական նոր օջախների առաջացման ամբողջ պատասխանատվությունը կրելու է Հայաստանի իշխանությունը և Մակրոնի դիկտատուրան»:

Իսկ այսօր մոտ մեկ շաբաթվա դադարից հետո Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին հերթական անգամ մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, այս անգամ՝ ոչ թե նախիջևանյան թևում, այլ՝ Գեղարքունիքի հատվածում: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Այսինքն, ադրբեջանական կողմը սադրիչ գործողությունների քարոզչական հիմքեր է ստեղծում, թեև հնարավոր պատերազմի պատճառն արդեն իսկ ունեն՝ Հայաստանը հարձակողական կամ ոչ պաշտպանական սպառազինություն է գնում և փորձում իրենից սպառնալիք ներկայացնել Ադրբեջանի համար:

Ի դեպ, հարկ է նկատել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրություններում ավելի զուսպ է, փակագծեր չի բացում: Օրինակ, ՀՀ ՊՆ-ն սահմանափակվել էր՝ հայտնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր: Իսկ ֆրանսիական կողմը դարձյալ իրեն փակագծեր բացելու իրավունք էր վերապահել. X-ի միկրոբոլոգում Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Հայաստանը Ֆրանսիայից CAESAR ինքնագնաց հրետանային կայաններ է ձեռք բերելու:

Ավելի ուշ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը գրառում էր արել, թե՝ «Հայաստանը, Խորվաթիան և Էստոնիան պատվիրել են 60 միավոր»:

 

Հավելենք, որ սրանից առաջ ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուսսոնը տեղեկացրել էր՝ «Հայաստանը Ֆրանսիայից գնելու է 36 միավոր CAESAR, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամիսների ընթացքում»:

Այն, որ Ֆրանսիան Հայաստանին զենք է մատակարարում՝ ունենալով Հարավային Կովկասին առնչվող որոշակի հաշվարկներ, հետին մտքեր, այդ թվում՝ հակառուսական տրամադրությունների ֆոնին, ոչ ոք չի վիճարկում, հատկապես, երբ մինչ այս, և անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում նման օգնություն Հայաստանին չի առաջարկվել, բայց այստեղ ՀՀ բանակի ուժերի վերականգնման և վերազինման խնդիր կա:

Այլ հարց է, թե ինչպես են ֆրանսիական կայանները հասնելու Հայաստան, երբ կան լոգիստիկ լուրջ խնդիրներ, և որոնք կարող են սրվել, ու նաև այսօրինակ սպառազինության գնումը ֆինանսական լուրջ միջոցներ է պահանջում, և քարոզչական դաշտում չափից ավելի ֆրանսիական կողմի ակտիվացումը և ՀՀ-ի դրա չկանխումն արդարացված չէ:

Բայց CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերումը, ըստ ռուս ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովի՝ նաև այլ հաշվարկներ է պահանջում:

Նա ընդունում է՝ ֆրանսիական հրետանային այս համակարգը հզոր է, բայց դրա զինամթերքը շատ թանկ է, և Հայաստանը դժվար թե կարողանա զգալի քանակով այն ձեռք բերել: Երկրորդ ռիսկը, որ Պուխովը նկատում է՝ այն է, որ ֆրանսիական արկերը միայն ֆրանսիական հաուբիցներին են համապատասխանում, եթե, օրինակ, սերբական արկ օգտագործվի, համակարգը շարքից կհանի:

«Սա հաշվի առնելով, կա ռիսկ, որ այդ հրետանային ինքնագնաց կայաններից քիչ քանակով կգնվեն: Բայց այս դեպքում էլ իրական պատերազմական իրավիճակում հակառակորդի վրա հնարավոր չի լինի լուրջ ճնշում գործադրել, այսինքն, այդ սպառազինությունը միայն զորահանդեսների ժամանակ գեղեցիկ կցուցադրվի»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է նա:

Այսինքն, Հայաստանը պետք է հաշվի առնի բոլոր ռիսկերը, իր հնարավորություններն ու ռեսուրսները, որպեսզի մի փոքր այլ տարբերակով չունենանք Սու-30-ների պատմության կրկնությունը, որոնք այդպես էլ իրենց հզորությամբ չկիրառվեցին և չծառայեցին իրենց բուն նպատակին:

Այս համատեքստում նշենք, որ «Bulgarian military»-ին գրել էր, որ Հայաստանը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում «Barak 8» զենիթահրթիռային համալիրի նկատմամբ, որը Հնդկաստանի և Իսրայելի համատեղ նախագիծն է և հայտնի է նաև՝ որպես LR-SAM կամ MR-SAM համակարգ։ Այն նախատեսված է տարբեր օդային սպառնալիքներից հուսալի հակաօդային պաշտպանություն ապահովելու համար։

Ադրբեջանական կողմից արդեն արձագանքել են այս տեղեկություններին՝ նշելով, որ թեև Հնդկաստանը վստահեցնում է, որ սահմանափակում չկա արտահանման դեպքում, սակայն հաշվի առնելով Հայաստանի և Իսրայելի միջև լարվածությունը, խնդիրներ կարող են ծագել իսրայելա-հնդկական համատեղ մշակմամբ համալիրի մատակարարման դեպքում Հայաաստանին:

Նշենք, որ անցած տարի հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերելու հակաօդային պաշտպանության «Barak MX» համակարգեր, գործարքի գինը գնահատվում էր 1,2 մլրդ դոլար: Իսկ Ադրբեջանի կողմից վերևում նշված «Barak 8»-ի փորձարկման մասին խոսում էին դեռ 2016 թվականից:

Այսինքն, սպառազինությունների մրցավազքը շարունակվում է՝ քարոզչական և գործնական հարթությունում, որտեղ կան նաև այլոց քաղաքական և բիզնես շահեր: Եվ Հայաստանը պետք է զինի իր բանակը, բայց պետք է քարոզչական, քաղաքական և դիվանագիտական դաշտում որոշակի ճկունություն դրսևորի:

168.amգրել էր, որ Սերբիայի և Բուլղարիայի հետ ռազմական համագործակցության պլանները ողջունելի են, բայց պետք չէ մոռանալ Ադրբեջանի՝ այդ երկրների հետ առկա քաղաքական, ռազմական, ռազմատեխնիկական հարաբերությունները և ադրբեջանական գազի որոշիչ գործոնը:

Այսինքն՝ այս գործը լռություն է սիրում: Այս սկզբունքը պետք է պահպանի Հայաստանը և ստիպի պահպանել իր գործընկերներին, որոնք իրենց գաղտնազերծումներում առաջ են մղում իրենց քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը:

Իսկ աշնանը պատերազմական նոր գործողությունների հավանականություն կա…

Տեսանյութեր

Լրահոս