Հորդանանից որակյալ սպառազինություն ՀՀ-ն ստացել է. իսկ լուծարված պայմանագրի հետ Դավիթ Գալստյանը որևէ առնչություն չունի. ի՞նչ շահ կարող է ունենալ Կարեն Բրուտյանը
Սեպտեմբերի 13-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանն ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները պաշտպանական զենք գնելու համար, բայց ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել Հայաստանին:
«Կարող եմ ասել, որ ՀՀ-ն ֆինանսական առումով ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք ձեռք բերելու: Երկրորդը՝ քաղաքական կոմպոնենտն է: Բնականաբար, ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, որոնք պատրաստ են: Բայց կան երկրներ, որոնք պատրաստ չեն այն փաստին, որ ՀՀ-ն այլ երկրից զենք գնի: Այս պատրաստ լինելը և չլինելը բերում է հետևանքներ, այդ թվում՝ անվտանգային: Կան երկրներ էլ, որ պատրաստ են ՀՀ-ին զենք վաճառել, բայց չունեն անհրաժեշտ զենքը՝ վաճառելու համար օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Օրինակ, այն տրամաբանությամբ, որ իրենց արտադրական ծավալները, պատվերներն այնպես են դասավորված, որ շուկայում իրենց դիրքերը չկորցնելու, ներքին կարիքների համար պետք է պայմանագրային որոշ պարտավորություններ կատարեն»,- նշել էր Փաշինյանը՝ առանց անուններ տալու:
Սեպտեմբերի 29-ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձել էր այս հարցին:
«Ուզում եմ այսպիսի մեկ նրբության մասին ընդգծել. տեղյակ եք, որ մենք Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթաց ենք սկսել, և Ադրբեջանը նման սադրանքներով պարզապես փորձում է այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չունենա իրականացնել Զինված ուժերի բարեփոխումները: Նաև տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ, հնարավոր է, նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Սա, իհարկե, ցավալի իրողություն է, և մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրությունը»:
Իշխանության ներկայացուցիչները, իշխանամերձ շրջանակները հայտարարեցին, թե Ռուսաստանն է, որ հրաժարվում է Հայաստանին զենք վաճառել, թեպետ կանխավճարը տրվել է:
Սակայն, սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ աճապարարությունը կիրառեց՝ հայտարարելով, թե ինքը Ռուսաստանին նկատի չի ունեցել.
«Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ գրված է՝ Ռուսաստանի Դաշնություն, իմ հայտարարության մեջ Ռուսաստանի Դաշնության մասին ոչինչ ասված չէ, և որևէ կոնկրետ երկրի անուն ասված չէ։ Ինչ վերաբերում է իմ նշած դեպքին, դա տարբերակներից մեկն է՝ կամ գումարը ետ ստանալ ու գնում անել այլ տեղից, կամ ստանալ նախատեսված սպառազինությունը»,- կրկին հայտարարեց նա:
Հայաստանը մեկ ռազմավարական դաշնակից ունի, և դա Ռուսաստանն է, և Փաշինյանն իր խոսքում շեշտում էր «դաշնակից» երկիր ձևակերպումը: Այնպես որ, միգուցե ինքն իրեն արագ և հրապարակավ «սրբագրեց» Ռուսաստանի իշխանությունների կողմից արձագանքի վախից:
Նշենք, որ նույն օրը, մասնավորապես, 168.am-ի՝ այս առնչությամբ պաշտոնական հարցմանը պատասխանելով՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցությունը և ՍՌՏ ձեռքբերումներն իրականացվում են պլանային կարգով»:
Այսինքն, պայմանագրային խախտում չկա, և Փաշինյանի այդ հայտարարությունը, ինչպես միշտ, իրականությանը չի համապատասխանում:
Եվ Նիկոլ Փաշինյանի վերը նշված հարցազրույցից մոտ 10 օր հետո՝ հոկտեմբերի 10-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշում է միակողմանի ամբողջությամբ լուծարել հորդանանական «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերության հետ պայմանագիրը, որը կնքվել է 2021-ի օգոստոսի 6-ին:
Տնտեսական և գնումների հարցերով Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի ստորագրությամբ նամակում՝ ուղղված «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերությանը, նշվում է, որ վերջինս չի մատակարարել պայմանագրով նախատեսված ապրանքը, որը պետք է արվեր դեռ 2021-ին։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդանանյան ընկերությունից պահանջում է ծանուցումը ստանալուց 5 օրվա ընթացքում Հայաստանին վճարել մոտ 23 մլն դրամի (շուրջ 57,5 հազար դոլար) տուգանք:
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ Հորդանանին, երբ, օրինակ, ասում էր «Ադրբեջանը որոշակի հաջողություններ ունի մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, և որտեղ հնարավոր է, նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի»: Գուցե, չնայած Ադրբեջանը դժգոհություններ է հայտնել նաև ՌԴ-ի հետ սպառազինության պայմանագրերի հետ կապված:
Իսկ «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերությունը հայտնի է, մասնավորապես, ռուսական ՁՀՆ-32 (РПГ-32) ձեռքի հակատանկային նռնականետերի արտադրությամբ, որոնք Հորդանանում ստացել են «Նաշշաբ» անվանումը։
Ի դեպ, մեր տեղեկություններով, Հորդանանից Հայաստան որոշակի քանակությամբ դրանցից ժամանակին ներմուծվել է:
2020-ի հուլիսին դրա հետ կապված ադրբեջանական կողմը լուրջ նույնիսկ աղմուկ էր բարձրացրել և Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել Հորդանանի դեսպան Սամի Աբդուլա Ղոշեհին։
Հորդանանի դեսպանն իր հերթին՝ ասել էր, որ ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի մտահոգությանը՝ հաշվի առնելով իր երկրի և Ադրբեջանի ռազմավարական հարաբերությունները, և խոստացել ջանքեր գործադրել հարցը կարգավորելու համար: Սրանից հետո ադրբեջանական մամուլը գրեց, թե իբր Հորդանանի իշխանությունները հերքել են ՀՀ-ին զենք մատակարարելու տեղեկությունը:
Մինչդեռ ավելի վաղ համացանցում փաստաթղթեր շրջանառվեցին, որն իրենից ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև նամակագրություն՝ 2019թ. հոկտեմբերի 11-15-ը։
Փաստաթղթերով երկու երկրները պայմանավորվել էին զենքի առքուվաճառքի մասին, սակայն վերջին նամակով Հորդանանը հրաժարվել է Հայաստանին զենք վաճառել։
Որպես պայմանագրի չեղարկման հիմք՝ պաշտոնական գրության մեջ նշված է եղել, որ «Ջադարա» ընկերությանը տեղեկություն է հասել, որ հայկական կողմից ներկայացված գործակալ ընկերությունը՝ Royalsys Engineering LTD-ը (Դավիթ Գալստյան-Պատրոն Դավիթ) գրանցված է որպես օֆշորային ընկերություն, ոչ թե նախարարություն, ինչպես հայկական կողմը ներկայացրել է բանակցությունների ընթացքում։
Արդեն 2019թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով մեկնում է Հորդանանի Թագավորություն:
Այցի շրջանակում նա հանդիպում է Հորդանանի Թագավորության զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Յուսեֆ Ահմադ Ալ-Հունաիտիի հետ:
2020թ. փետրվարին էլ ՀՀ Կառավարությունում Նիկոլ Փաշինյանն ընդունում է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին։
Վերադառնալով Հորդանանի հետ պայմանագրի չեղարկմանը, նախ նշենք, որ ՊՆ գնումների համար պատասխանատու Կարեն Բրուտյանն այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 13-ին՝ պայմանագրի կնքումից մեկ շաբաթ հետո:
Այս համատեքստում հիշեցնենք, որ Բրուտյանը, որի կոռուպցիոն դրսևորումներով գործունեության մասին բազմիցս է գրվել մամուլում, շատ ներդաշնակ է աշխատում ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:
2021-ի նոյեմբերի 17-ին ԱԺ-ում Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում անդրադառնալով բանակում առկա կոռուպցիոն դրսևորումներին, հայտարարել էր, թե պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն իրենց քննարկումների ժամանակ ասել է՝ «ՊՆ-ում ամեն ինչ փոխվում է, բայց մատակարարները մնում են նույնը»:
«Շատ հետաքրքիր բան է ասում։ Բայց խնդիրը հենց այն է, որ բանակի զինվորական մասից գնումները պետք է հեռացնել։ Զինվորականները պետք է զբաղվեն միայն զինվորական խնդիրներով: Զինվորական վերնախավի համար ինչ-որ ժամանակից սկսած գայթակղիչ է դարձել, որ զինվորականները նաև մասնակից են գնումներին»,- շեշտել էր Կարեն Բրուտյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Անդրանիկ Քոչարյանը:
Այլ խոսքերով, Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ ԳՇ-ն չպետք է խառնվի գնումների գործընթացին: Այս տարի բանակի կառավարման մոդելի փոփոխմամբ և համապատասխան օրենսդրական փոփոխություններով Անդրանիկ Քոչարյանն ու Կարեն Բրուտյանը հասան իրենց ուզածին՝ ԳՇ-ին, այսպես ասած, ազատելով գնումների գործընթացին մասնակցելուց, թեպետ այն ձևով, որ իրենք ներկայացնում էին, ԳՇ-ն վաղուց չէր մասնակցում սրան:
Ըստ այդմ, հնարավոր է՝ պայմանագրի լուծարումը, բացի ադրբեջանական գործոնից, նաև այլ պատճառներ ունենա, որոնց մասին գաղտնի է պահվում: Հնարավոր է, կփորձենք պարզել առաջիկա մեր հրապարակումներում՝ հասկանալու համար՝ ինչ և ում շահերն են սպասարկվում:
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ հորդանանյան ընկերությունը և Ադրբեջանի ՊՆ-ն համատեղ մշակել են 152 մմ տրամաչափով հակատանկային «Terminator-FM» հրթիռային համակարգը։
Ի դեպ, ռազմական ոլորտի որոշ փորձագետներ լավատես չեն այս առումով նաև Հնդկաստանի հետ սպառազինության մատակարարումների պահով, որոնցով այսօր ժամանակից շուտ հպարտանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Այսինքն, չի բացառվում, որ մի օր էլ Հնդկաստանի հետ պայմանագրային խնդիրներ առաջանան, ինչը, բնական է, բացարձակ ցանկալի չէ:
Իսկ Հորդանանի հետ վերջին պայմանագրի մասով նշենք, որ մեր տեղեկություններով, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, որևէ առնչություն դարձյալ չունի, նրա միջոցով չէ, որ պիտի զենքի մատակարարումները լինեին: