Փաշինյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպանի հայտարարությունների միջև չերևացող կապ կա՞, կամ՝ ԱԽ քարտուղարի ակամա խոստովանությունը՝ ինչու 44-օրյայում պարտվեցինք
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումին, որտեղ նրա մտքերին, թե Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է, մամուլի ազատության բռնաճնշումներն, ըստ էության, անցյալում են, կամ՝ որ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի գնահատմամբ, Հայաստանը ժողովրդավարության օրինակելի երկիր է, հակադրվող չկար: Այսինքն, ժողովրդավարության ֆորումին, մեծ հաշվով, բազմակարծություն չկար Հայաստանի ժողովրդավարության բաստիոն լինել–չլինելու հարցում:
Իսկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանի լինելիության համար պարտական են ժողովրդավարությանը՝ «ՀՀ–ն որպես անկախ պետություն՝ այսօր գոյություն չէր ունենա, եթե չլինեինք ժողովրդավար»: Գուցե, եթե Հայաստանը իրապես ժողովրդավար լիներ: Մյուս կողմից, երբ համադրում ենք այս առումով Ադրբեջանին, ինչո՞ւ չէ՝ Ուկրաինային, հասկանում ենք, որ ժողովրդավարությունը երկրի անվտանգության առաջնային գործոնը չէ, ինչպես փորձել և փորձում են ներկայացնել ՀՀ-ում «թավշյա հեղափոխականները», միաժամանակ ընդունում, որ սա դեռ ապացուցման կարիք ունի:
«Պետք է ապացուցենք, որ ժողովրդավարությունն ի զորու է ապահովել նաև անվտանգությունը: Իհարկե, մենք հասկանում ենք, որ անվտանգության միակ երաշխիքը կարող է լինել կայուն և տևական խաղաղությունը: Հույս ունենք, որ միջազգային հանրությունը կօգնի մեզ հասնել դրան»,- ֆորումի ժամանակ ասել է Փաշինյանը:
Մինչդեռ 2023 թվականի հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ նա հայտարարել էր.
«Հայաստանի Հանրապետությունում և աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ առաջ են բերում հետևյալ հարցը. իսկ ի վիճակի՞ է արդյոք ժողովրդավարությունն ապահովել անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն և երջանկություն: Բայց ես չեմ եկել այստեղ հարցնելու, ես այստեղ եկել եմ պատասխանելու, և իմ պատասխանը «Այո» է աներկբա»:
Թեպետ 2023 թվականի մայիսին Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում, մասնավորապես, ասել էր. «Հարցը հետևյալն է՝ արդյոք ժողովրդավարությունն ի վիճակի՞ է նաև ապահովել անվտանգություն: Սա իսկապես հարց է, որի դրական պատասխանին մենք հավատում ենք, բայց դա դեռ պետք է ապացուցել: Ես հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք, և ինչ-որ տեղ համոզված եմ, որ ի վիճակի կլինենք այս հարցին դրական պատասխան տալ»:
Ի՞նչ է ստացվում՝ ժողովրդավարության հայկական ֆորումից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը դեռ չի կարող հստակ ասել, որ ժողովրդավարությունն անվտանգություն կարող է ապահովել, թեպետ 1 տարվա ընթացքում որոշակի հուսադրող բաներ է ասել: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետական ինստիտուտները չի կարողացել ժողովրդավար դարձնե՞լ, թե՞ միջազգային հանրությունը գործուն երաշխիքներ չի տալիս: Հնարավոր է՝ երկուսն էլ, հնարավոր է՝ դրանցից մեկը:
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ինքն այսօր ժողովրդավարության ֆորումի ժամանակ խոստովանել է՝ «ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել, ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ»: Եվ ոչինչ, որ ԵՄ դիտորդները ՀՀ-ում առաքելություն են իրականացնում: Գուցե դա բավարար երաշխիք չէ հրադադարի ռեժիմի ապահովման համար, դրա համա՞ր է Փաշինյանը փորձում հասնել Ադրբեջանի հետ երկկողմ հետաքննության մեխանիզմի ձևավորմանը, որը բավականին վտանգավոր գաղափար է և հրադադարի պահպանման տեսանկյունից Հայաստանի համար ոչ արդյունավետ:
Ի դեպ, 2023 թվականին տեղի ունեցած ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նաև ակնարկել էր, որ ժողովրդավարությունն ի վիճակի չէ պատերազմ կանխել:
«2020 թվականի պատերազմը բոլոր առումներով 2016 թվականի պատերազմի շարունակությունն է: Այլ բան, եթե ասեք՝ ժողովրդավարությունը չկարողացավ այնպես անել, որ այդ պատերազմը տեղի չունենա: Ես դա անընդհատ հիշեցնում եմ՝ ի վերջո, չմոռանանք, 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը՝ որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնս արել էր: Այն ժամանակ Հայաստանում դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել: Եվ սա շատ կարևոր ըմբռնում է՝ ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից: Հենց նախագահի նշած հանգամանքի պատճառով, որովհետև իշխանությունն առերեսվեց Ղարաբաղի հարցի հետ կապված ճշմարտության մի ծավալի, որն անմարսելի էր առաջին հերթին՝ հրապարակից եկած իշխանության, և էլ ավելի անմարսելի՝ հանրության համար: Սա է ֆունդամենտալ պատճառը, որովհետև երբ կարգախոսների տակ տեսնում ես՝ ինչ կա, և դա անմարսելի է իրականում»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ հնարավոր նոր պատերազմն էլ ժողովրդավարությունը չկարողանա կանխել, իսկ պատճառներ և մեղավորներ Նիկոլ Փաշինյանը հաստատ կգտնի:
Իսկ մինչ այդ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հրավիրված ժողովրդավարության ֆորումի ժամանակ նշել է, որ ժողովրդավարությունը պետք է անվտանգության ապահովման գործոն լինի:
«Ժողովրդավարության և անվտանգության միջև իրականում հակադրություն չկա: Փորձում են հակադրություններ ստեղծել, բայց միանշանակ է, որ ժողովրդավարական կառավարման համակարգն ավելի կայուն է: 2018-ից մեր աշխատանքների ուղղությունը եղել է անվտանգության հայեցակարգի ընկալման ընդլայնումը, քանի որ երբեմն փորձ է կատարվում անվտանգությունը նեղ հասկացության մեջ դնել, այսինքն, դա ընկալել հիմնականում զինված ուժերի մասով: Բայց անվտանգությունը մեծ հասկացություն է, և շատ դեպքերում ԶՈւ-ի և անվտանգության ինստիտուտների աշխատանքը կախված է նաև համակարգի այլ ինստիտուտների աշխատանքից։ Եվ եթե որևէ պահի անվտանգության ինստիտուտներն իզոլյացված են աշխատում, դա միայն բացասական ազդեցություն է ունենում»,- մանրամասնել է ԱԽ քարտուղարը:
Մի կողմից, Արմեն Գրիգորյանի ասածը տեղավորվում է Փաշինյանի մտքերի տրամաբանության մեջ, որ բանակը չի կարելի դիտարկել անվտանգության ապահովման առաջնային գործոն: Մյուս կողմից, եթե համարենք, որ պետությունն է վարում պատերազմը, այստեղ ճշմարտության տարր կա:
Այդ դեպքում ինչո՞ւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի պարտության պատճառների ու մեղավորների փնտրտուքը ևս այս տրամաբանության մեջ չի արվում և մեղադրական սլաքն ուղղվում է միայն բանակին, որն անվտանգության ապահովման մեկ բաղադրիչ է միայն:
Եվ ի՞նչ երաշխիք, որ հնարավոր սրացումների դեպքում այս տրամաբանությունն է գործելու, և ոչինչ, որ 44-օրյա պատերազմից հետո բանակը չի դիտարկվում անվտանգության ապահովման առաջնային երաշխավոր, իսկ ժողովրդավարության անվտանգային հուսալիությունն էլ դեռ պետք է ապացուցել:
Գուցե դրա համար է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը գնացել է Բելգորոդ, որտեղ մայիսի 12-ին բնակելի շենքի մեկ ամբողջ շքամուտք էր փլուզվել՝ 10 հարկով, հաղորդվել էր 17 զոհի մասին, իսկ Բելգորոդի հարվածի համար ռուսական կողմը մեղադրել էր Ուկրաինայի զինված ուժերին։
Իսկ լրագրողների հետ ճեպազրույցում դեսպանը նշել էր, որ «պետությունների միջև հարաբերությունները որոշվում են ոչ թե թերթերում ինչ-որ հոդվածներով, առանձին մարդկանց հայտարարություններով, այլ միջպետական համաձայնագրերով»:
Հայաստանը ՌԴ-ի հետ ռազմական և դաշնակցային լուրջ պայմանագրեր ունի, որի մասին 168.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է: Իսկ թե ՀՀ պաշտպանության նախարարը անհատ անձինք ասելով՝ ում նկատի ունի, կարող ենք միայն ենթադրել, փաստ է՝ դեսպանը չէր կարող առանց երկրի ղեկավարի «դաբրոյի» նման հայտարարություն անել:
Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ում մեր դեսպանի միջոցով փորձել է մեսիջներ ուղարկել ռուսական կողմին, հատկապես, երբ ՌԴ-ից հստակ հասկացրել էին՝ պետք է ընտրել՝ կամ ԵՄ-ն, կամ ԵԱՏՄ-ն, իսկ Նիկոլ Փաշինյանը միշտ է հայտարարում, որ տնտեսության զարգացմամբ է պայմանավորված անվտանգության մակարդակի ցածր կամ բարձր լինելը: Կամ գուցե փորձել է մեղմել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջերս արած հայտարարությունը, թե ՌԴ-ն է հանձնել Արցախն Ադրբեջանին…