Բաքվի «կլիման» և սառն իրականության ու տաք ճամարտակության հայաստանյան դիլեման
Հիմնականում ռազմաքաղաքական օրակարգերի վրա կենտրոնացած Հայաստանում թերագնահատված է մնում մարտահրավերը, որ պարունակում է Բաքվում նոյեմբերին կայանալիք Կլիմայի գագաթնաժողովը: Մինչդեռ, դրա միջոցով Բաքուն փորձում է դիրքավորվել, այսպես ասած, «կանաչ երկրների» շարքում՝ Հայաստանը «սևացնելու» նպատակով:
Ընդ որում, այստեղ թեման միայն առերևույթ է լոկ, այսպես ասած, կլիմայական: Դրա խորքում աշխարհաքաղաքականությունն է, բառի բուն իմաստով: Մի կողմից վերականգնվող ռեսուրսների աշխարհաքաղաքական տրենդին համահունչ խաղալով, Իլհամ Ալիևը փորձում է ոչ պակաս, և, ըստ էության, առավել ինտենսիվ շարունակել խաղալ նաև համաշխարհային տնտեսության համար իր կարևորությունը որևէ կերպ չկորցնող բնական ռեսուրդների արդյունահանման ոլորտում:
Ադրբեջանը շարունակում է բնական ռեսուրսների շահագործման խոշոր պայմանագրեր կնքել Ադրբեջանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ արդեն նաև օկուպացված Լեռնային Ղարաբաղում՝ այնտեղ ներգրավելով միջազգային տարբեր ընկերությունների:
Այստեղ լոկ ներդրումային էֆեկտի հարց չէ, որ փորձում է ստանալ Ալիևը: Ներգրավելով միջազգային խոշոր ընկերությունների, ներգրավելով համաշխարհային տնտեսական քարտեզի տարբեր նշանակալի դերակատարների, Ադրբեջանը հյուսում է փոխադարձ շահերի և հետաքրքրությունների ցանց: ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ Ալիևը շատ լավ է պատկերացնում միջազգային հարաբերությունների, համաշխարհային քաղաքականության ձևավորման մեխանիզմները, հասկանում է, որ աշխարհաքաղաքականության առանցքային շարժիչն ու մոտիվատորը ռեսուրսներն են, դրանց համար մրցակցությունը:
Նավթի ու գազի խողովակ ունեցող Ալիևը միանգամայն ի զորու էր միանձնյա տնօրինման ենթարկել իր տիրապետության տակ գտնվող բնական ռեսուրսները, բայց համաշխարհային քաղաքականությունը, դրա ռեգիոնալ բաղադրիչներն ունեն շատ ավելի բարդ և բազմաշերտ կառուցվածք, քան կարող է թվալ միագիծ կամ սև-սպիտակ պատկերացումների դեպքում:
Օրինակ, մինչ Հայաստանում տարիների ընթացքում տարբեր հռչակագրային մեխանիզմներով հասարակությանը բերել են այդ առումով սև-սպիտակ պատկերացումների դաշտ, Ադրբեջանը ռեսուրսների արդյունահանման շուրջ ներդրումային պայմանավորվածություններով հյուսել է միջազգային շահերի բարդ ցանցեր, հանգույցներ ու «գցել» դրանք Հայաստանի վրա: Իհարկե, ռազմական ուժի պարագայում դա տեսանելի չէ, դա աներևույթ «ցանցն» է, որովհետև երևացողը հրթիռներն ու դրոններն են, որոնք, սակայն, միջազգայնորեն «անպատիժ» են մնացել նաև հենց շահերի այն ցանցի շնորհիվ, որի մասին խոսեցի:
Այսօր Բաքուն շարունակում է հյուսել նոր ցանցեր՝ այդ գործին ծառայեցնելով նաև Կլիմայի համաշխարհային գագաթնաժողովը, դրա միջոցով ձևավորելով իր քաղաքականության արդիական քողը:
Թիրախում, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Հայաստանում օգտակար հանածոների շահագործումն է, որը ոչ միայն Հայաստանի տնտեսության կարևորագույն ռեսուրս է, այլ նաև միջազգային փոխադարձ հետաքրքրություններ, շահեր կազմավորելու կարևոր միջոց: Զրկել Հայաստանին այդ կապերը, փոխադարձ շահերը ձևավորելու, ընդլայնելու, խորացնելու հնարավորությունից, դա է խնդիրը:
Մտահոգիչն այն է, որ մինչ Ադրբեջանը հյուսում է այդ խնդիրը լուծելու նոր միջազգային «ցանցը», մեզանում շարունակում են հյուսվել «ուռա-պսևդոբնապահպանական» և «դավադրապաշտական» դիլետանտության սև-սպիտակ նոր հռչակագրերն ու առասպելները:
Այդ առասպելները ստեղծում են ոչ միայն հասարակական ընկալումների շեղումներ՝ կամա թե ակամա նպաստելով հենց Ադրբեջանի մարտավարության պարարտ միջավայր ձևավորելուն, այլ նաև էապես խոչընդոտում մասնագիտական հիմքի վրա հիմնված հանրային, բնապահպանական կոմպետենտ վերահսկողության և ոլորտի թափանցիկության կարևոր միջավայր ունենալուն: Մինչդեռ, հենց այդ միջավայրն է, որի միջոցով ոչ միայն ապահովվում է թե ներդրողի, թե հանրության ու պետության արդյունավետ շահերի հավասարակշռված համադրումը, այլ ձևավորվում են նաև արտաքին ու ներքին մանիպուլյատիվ ազդեցության փորձերի դեմ փաստարկված ու անթերի հակազդեցության պաշտպանական շերտերը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ