Ամերիկյան «բլիթներ» Հայաստանի համար
Օրերս Երևանում անցկացվող Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության նիստի ժամանակ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարեց, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ երկկողմ առևտուրն ընդլայնելու, ինչպես նաև գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություններ է տեսնում։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանը ձևավորել է աշխույժ տնտեսություն, որը տարածաշրջանում աչքի է ընկնում իր զարգացման տեմպերով։
Հայաստանի տնտեսության վերաբերյալ ամերիկյան կողմի հաճոյախոսությունները սրանով չավարտվեցին։ Հայ-ամերիկյան տնտեսական, մասնավորապես՝ առևտրային «փայլուն» հարաբերությունների վերաբերյալ արձանագրումներ արվեցին նաև Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի համատեղ հայտարարության մեջ։
«Նշելով, որ 2020 թվականից ի վեր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունն արդեն քառապատկվել է՝ կողմերը հանձնառություն են ստանձնել շարունակել առավելագույնս ընդլայնել առևտրային ու տնտեսական կապերը»,- ասվում էր համատեղ հայտարարության մեջ։
Հայաստանի տնտեսության վերաբերյալ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյայի գովեստի այս խոսքերը քիչ կապ ունեն իրականության հետ։ Այն, ինչ ասվում է՝ ինչպես Հայաստանի տնտեսության, այնպես էլ՝ հայ-ամերիկյան տնտեսական ու առևտրային հարաբերությունների վերաբերյալ, մեծ խաբկանք է։ Վերջին տարիներին, որքան էլ մեր տնտեսության մեջ բարձր աճի ցուցանիշներ են արձանագրվել, դրանք բոլորովին էլ Հայաստանի տնտեսության ակտիվ զարգացումների մասին չեն խոսում։ Դրանք, այսպես ասած՝ ֆեյք աճեր են, որոնք կապված են եղել գերազանցապես մեկ գործոնի հետ՝ ռուս-ուկրաինական հակամարտության ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետ։
Այդ աճերն արձանագրվել են Ռուսաստանի տնտեսության առևտրային հոսքերը սպասարկելու արդյունքում։ Հայաստանի տնտեսությունը սրան բոլորովին էլ մասնակից չի եղել։
Այնպես որ, անիմաստ է խոսել ակտիվ զարգացումների մասին, որքան էլ տարածաշրջանի երկրների, գուցե և աշխարհի մակարդակով, աճի բարձր ցուցանիշներ են արձանագրվել։ Հայաստանի իրական տնտեսությունը վերջին տարիների այս բարձր աճերի պայմաններում կորցրել է մրցունակությունը, զիջել է շուկաները։ Էժան ներմուծման հետևանքով տեղական արտադրանքը դուրս է մղվել նույնիսկ ներքին շուկայից։ Դա բերել է նրան, որ տեղական բազմաթիվ ապրանքների արտադրությունը կրճատվել է։
Փոխվել է նաև տնտեսության աճի կառուցվածքը։ Արձանագրվող աճերը կապված են եղել հիմնականում առևտրի ու ծառայությունների հետ։ Փոխարենը՝ արտադրական հատվածի ազդեցությունն է թուլացել։ Վատացել է տնտեսության որակը։
Այս ամենի մասին հազիվ թե Միացյալ Նահանգներում չգիտեն։ Բայց դա չի խանգարում, որ հերթական «թխվածքաբլիթները» հեռվից ցույց տան, հայտարարեն, թե Հայաստանի հետ երկկողմ առևտուրն ընդլայնելու, ինչպես նաև գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություններ են տեսնում։
Այդպիսի հնարավորությունները, եթե նույնիսկ կան, բոլորովին էլ Հայաստանի օգտին չեն։
Հայաստանը շատ քիչ բան ունի առաջարկելու ամերիկյան շուկային։ Դրա վառ արտահայտությունն այն փոքր արտահանման ծավալներն են, որոնք տեսնում ենք։
Մինչև այս իշխանությունը՝ Հայաստանը շատ ավելի ակտիվ առևտրային հարաբերություններ ուներ Միացյալ Նահանգների հետ։ Նույնիսկ տասը տարի առաջ ավելի շատ ապրանք էինք արտահանում ԱՄՆ, քան հիմա, երբ տնտեսությունը «տարածաշրջանում աչքի է ընկնում իր զարգացման տեմպերով»։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանից Միացյալ Նահանգներ է արտահանվել ընդամենը 17 մլն դոլարի ապրանք, անցած տարի նույնիսկ ավելի քիչ՝ 15 միլիոնի չէր հասնում։
Մինչդեռ՝ 2013թ., երբ Հայաստանի տնտեսությունն աճի ու զարգացման համաշխարհային ռեկորդակիր չէր, նույն ժամանակահատվածում Հայաստանից ամերիկյան շուկա էր մատակարարվել ավելի քան 31 մլն դոլարի ապրանք։ 2014թ. արտահանումը 4 միլիոնով կրճատվել էր, բայց էլի անհամեմատ ավելի շատ էր, քան հիմա։
Այլ հարց, որ վերջին տարիներին ընդհանուր առևտրաշրջանառությունն իսկապես աճել է։ 2020թ. համեմատ նույնիսկ քառապակվել է, ինչպես հատուկ ընդգծել են հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի համատեղ հայտարարության մեջ։ Բայց «մոռացել» են արձանագրել, որ դա տեղի է ունեցել ոչ թե Հայաստանից արտահանումների, այլ բացառապես ամերիկյան ներմուծումների հաշվին։
Ամերիկյան ներմուծումներն էլ ավելացել են գերազանցապես ավտոմեքենաների հաշվին։
Այն ավտոմեքենաների, որոնք ներմուծվում էին Միացյալ Նահանգներից՝ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստան արտահանելու համար։
Հենց սրա արդյունքում է տեղի ունեցել վերջին տարիների առևտրաշրջանառության ակտիվացումը Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև։
Տեղի է ունեցել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման արդյունքում։
Թեև այս տարի ավտոմեքենաների ներմուծումն էլ է կրճատվել՝ էապես ազդելով Հայաստանի ու ԱՄՆ-ի առևտրային հարաբերությունների վրա։
Այս տարվա առաջին չորս ամիսներին Միացյալ Նահանգներից ներմուծումը նվազել է գրեթե 95 մլն դոլարով։ Նախորդ տարվա 221 միլիոնից իջել է 126 մլն դոլարի։
Անկումը կազմել է գրեթե 43 տոկոս. ինչպես ավտոմեքենաների ներմուծման արդյունքում առևտրի շրջանառությունը կտրուկ ավելացավ, այնպես էլ հիմա նույնքան ակտիվ կրճատվում է։
Կասկած չկա, որ եթե ռուսական շուկան չբացվի ամերիկյան ավտոմեքենաների հայաստանյան վերաարտահանողների առաջ, հաջորդ տարի հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններն էլ ավելի կսեղմվեն։
Եվ այն, որ այսօր Հայաստանին հեռվից թխվածքաբլիթներ են ցույց տալիս՝ ուղղված իբր առևտրի դիվերսիֆիկացմանը, ոչ մի հիմք չունի, դատարկ խոստում է։
ԱՄՆ շուկաներում հայկական ապրանքների ընդլայնման հեռանկարներ, գոնե այս պահին, չկան։ Նույնը նաև Եվրամիության պարագայում է։
Քանի դեռ Հայաստանի տնտեսությունը մրցունակ ապրանք չի կարողանում մատակարարել ամերիկյան ու եվրոպական շուկաներ, հույս ունենալ, որ քաղաքական նպատակներով, հայկական ապրանքներն այդ շուկաներում արհեստական մրցունակություն կստանան, խաբկանք է։ Իսկ եթե մտածում են առևտրային հարաբերություններն ընդլայնել այդ շուկաներից ներմուծումների հաշվին, ապա դա ոչինչ չի տա մեր տնտեսությանը։
Հայաստանի տնտեսությունն արտահանման խթանման, և ոչ թե՝ ներմուծման ավելացման ու այլ երկրների տնտեսությունների հաշվին ներքին շուկան հագեցնելու խնդիր ունի։ Իսկ այն, ինչ հայտարարությունների մակարդակում ցույց են տալիս, ամենևին ուղղված չէ այդ խնդրի լուծմանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ