Քանի դեռ կան չլուծված խնդիրներ՝ հայերը պահվելու են որպես պատանդներ՝ ադրբեջանական պահանջների լիարժեք բավարարումը երաշխավորելու համար․ Սիրանուշ Սահակյան

«Ադրբեջանում կա հաստատված տևական վարչական պրակտիկա․ այնտեղ գտնվող հայերը ենթարկվում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ընդ որում, դրանց ինտենսիվությունն ու մեթոդները դինամիկ են»,- 168am-ի հետ զրույցում Ռուբեն Վարդանյանի խոշտանգման միջադեպին անդրադառնալով՝ այսպես արձագանքեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Այստեղ կա նաև էթնիկ պատկանելության հիմքով խտրականության ասպեկտը․ բացի նրանից, որ Ադրբեջանն ունի մարդու իրավունքների առնչությամբ վատ պատմություն, և նաև սեփական քաղաքացիներն են ենթարկվում սիստեմիկ ու լայնածավալ խոշտանգումների, դրանք հատուկ դրսևորումներ են ունենում հայերի հանդեպ՝ նաև պայմանավորված նրանց էթնիկ պատկանելությամբ,- պարզաբանեց նա, ապա խոսելով Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցող Էլիս Էդվարդսին ուղղված հրատապ դիմումի մասին, հավելեց․- Կոնկրետ դեպքում մենք տեսնում ենք պարզապես ավելի ակտիվ գործելակերպ ընտանիքի կողմից, որոնք հանրային հնչեղություն են տալիս միջադեպին և դրանով հրավիրում են միջազգային կառույցների ուշադրությունը։

Այն ընտանիքները, որոնք բարձրաձայն չեն խոսում, ունեն մտավախություններ, ենթարկվում են վախերի և այլ կաշկանդվածության, սակայն մենք վերահաստատում ենք, որ այդ պրակտիկան տևական է և կիրառություն ունի այնտեղ պահվող յուրաքանչյուր հայի նկատմամբ»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ շուրջ 9 ամիս Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հունիսի 13-ին հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին,հորդորել դատապարտել Բաքվի կողմից Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։

Կարդացեք նաև

Դիմումում նշվում է, որ Արցախի նախկին պետնախարարի ընտանիքը և միջազգային փաստաբանը տեղեկացել են՝2024-ի ապրիլին հայտարարված հացադուլի ժամանակ Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, զրկել են խմելու ջրի հասանելիությունից, քնելու և արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից, և տեղեկություն չկա, թե որքան ուժեղ են եղել այդ ամենի արդյունքում նրան հասցված հոգեբանական և ֆիզիկական վնասները։

Սիրանուշ Սահակյանը նկատեց՝ միջազգային իրավական գործընթացը, որի տարրերից մեկը նաև խոշտանգումների հարցերով զբաղվող հատուկ զեկուցողն է, այն ուղին է, որով մասնագետները կարողանում են միջազգային կոչ, պահանջ ուղղել Ադրբեջանի իշխանություններին։ Ըստ նրա՝ դրանք պետք է համակցվեն քաղաքական, դիվանագիտական ջանքերի հետ, որպեսզի առաջանա այն անհրաժեշտ ճնշումը, ներգործությունը, որի ուժով Ադրբեջանը վերջնականորեն կկատարի իր հանձնառությունը՝ լուծում տալով այս մարդասիրական խնդրին․

«Այս փուլում, քաղաքական պատճառներով, ես իրատեսական չեմ համարում խնդրի լուծումը․ Ադրբեջանը սպասում է «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը դեռևս հանգուցալուծված չեն, և քանի դեռ կան չլուծված խնդիրներ, հայերը, և հատկապես՝ Արցախի նախկին ղեկավարությունը, պահվելու են որպես պատանդներ՝ այս պահանջների լիարժեք բավարարումը երաշխավորելու համար»։

Իրավապաշտպանն ընդգծեց, սակայն, որ միջազգային հանրության դերակատարումը պետք է լինի նախ պահանջելը, որ այս գործընթացներին զուգահեռ՝ լուծվեն մարդասիրական խնդիրները, և ապա՝ դիմելը նաև այլ գործիքակազմի, ինչպիսին կարող են լինել պատժամիջոցները, որպեսզի հարկադրեն Ադրբեջանին մարդասիրական խնդիրների լուծման։

Հարցին՝ բացի քաղաքական հանգամանքներից,ի՞նչն է խանգարում ՀՀ իշխանություններին առավելապես ջանք ներդնել այս ուղղությամբ, օրինակ, ակտիվ աշխատել միջազգային հանրության հետ, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ կա երկխոսություն, և երկխոսության պայմաններում կա, իմ գնահատմամբ՝ ոչ արդարացված սպասում, որ դրանք կլուծվեն երկկողմ բանակցությունների արդյունքում, և հավելյալ ջանասիրություն պետք չէ գործադրել միջազգային ներգրավվածությունը մեծացնելու նպատակով»։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահը վերստին հնչեցրեց Ադրբեջանում ապօրինի անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների թիվը․ պաշտոնապես հաստատվել է 23 հայի մասին տեղեկություն, որից 8-ը Արցախի նախկին ղեկավարությունն է, մյուսները՝ քաղաքացիական կամ զինվորական անձինք, որոնք գերեվարվել են տարբեր հանգամանքներում։

«Կան մարդիկ, որոնց գերեվարումներն անմիջականորեն կապված են կոնֆլիկտի հետ, մարտական գործողությունների հետ, մյուս պարագայում՝ նրանք հայտնվել են Ադրբեջանի ԶՈւ հսկողության ներքո և ձերբակալվել ու առևանգվել են։

Ողջ և անազատության մեջ գտնվող հայերի առնչությամբ սա ճշգրիտ ստուգված թիվ է,բայց կան տեղեկություններ շուրջ 80 հայերի գերեվարման վերաբերյալ, որոնքայդպես էլ չեն հաստատվում Ադրբեջանի կողմից, և այս պահին մենք այս 80 անձանց ողջ կամ մահացած լինելու վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս