Բաժիններ՝

«Լեգիան» Երևանում կխաղա առանց երկրպագուների․ հայտնի է պատճառը

Վարշավայի «Լեգիան» Հայաստանում կայանալիք հանդիպմանը չի կարողանա օգտվել իր երկրպագուների աջակցությունից։

Եվրոպական ֆուտբոլային միությունը (ՈւԵՖԱ) պատժամիջոցներ է կիրառել «Լեգիայի» նկատմամբ՝ նոյեմբերի 6-ին կայացած «Ցելյեի» դեմ արտագնա խաղում (1:2) գրանցված միջադեպերի պատճառով։ Որոշվել է ակտիվացնել նախկինում սահմանված պայմանական պատիժը, որն արգելում է տոմսերի վաճառքը ակումբի՝ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հաջորդ արտագնա խաղի համար։ Այս որոշումը ուղղակիորեն վերաբերում է «Նոայի» դեմ Հայաստանում կայանալիք հանդիպմանը։

Բացի այդ, ակումբը տուգանվել է 20 հազար եվրոյով։ ՈւԵՖԱ-ն սահմանել է նաև ևս մեկ արտագնա խաղի տոմսերի վաճառքի արգելք, սակայն 2 տարվա կտրվածքով։ Սա նշանակում է, որ խախտումների կրկնության դեպքում սպասվում են նոր պատժամիջոցներ։

Պաշտոնական հայտարարության մեջ որպես կարգապահական տույժի պատճառ նշվում է երկրպագուների կողմից ճայթրուկների կիրառումն ու նետումը։ Որոշման մեջ հստակեցվում է, որ ուժի մեջ է մտել դեռևս 2025 թվականի հունվարի 15-ին սահմանված կարգապահական տույժը։

Լեհ երկրպագուների համար սա նշանակում է, որ նրանք չեն կարողանա տոմսեր գնել Երևանում կայանալիք խաղի համար։ Արգելքը տարածվում է եվրագավաթային հենց առաջիկա հանդիպման վրա, ինչի արդյունքում «Լեգիան» մրցակցի հարկի տակ ստիպված կլինի խաղալ առանց աջակցության։

Հիշեցնենք, որ «Նոա»-«Լեգիա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին, 21։45-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս