Բողոքի ակցիայի մասնակից ֆերմերները փակել են Հունաստանի մայրուղիները
Հույն ֆերմերները, պահանջելով վերականգնել կոռուպցիոն սկանդալի հետևանքով չեղարկված գյուղատնտեսական սուբսիդիաները և փոխհատուցել համաճարակի հետևանքով կրած վնասները, մի քանի վայրերում տրակտորներով փակել են գլխավոր մայրուղիները: Հունական Sky հեռուստաալիքը հինգշաբթի օրը հաղորդել է, որ ավելի քան 4000 մեքենա փակել է ճանապարհները։
«Ֆերմերների շրջափակումը սրվում է գրեթե ամբողջ երկրում, Լարիսայի, Տրիկալայի և Կարդիցայի ճանապարհներին կայանված է ավելի քան 4000 տրակտոր, և սպասվում է, որ բողոքի ցույցերը կսրվեն առաջիկա օրերին»,- հաղորդել է հեռուստաալիքը։
Sky-ի փոխանցմամբ՝ Նիկեա քաղաքի մոտ գտնվող Աթենք-Սալոնիկի մայրուղին, ինչպես նաև երկրի մի շարք այլ մայրուղիներ, մի քանի օր է, ինչ փակ են։ Առնվազն 2000 տրակտոր փակել է E65 եվրոպական մայրուղու հանգույցը, որը կապում է Շվեդիայի Մալմյո քաղաքը և Կրետեի Խանիան։ Ըստ տեղեկությունների, ֆերմերները պլանավորում են երկարաձգել շրջափակումը առնվազն մինչև կիրակի և մինչ այդ մտադիր չեն բանակցել կառավարության հետ։
