ՀՀ ղեկավարները թող ՀՀ քաղաքացիներին պատասխանեն՝ ում մեղքով այսպես ստացվեց․ Զախարովա

«ԼՂ հակամարտության կարգավորման հրապարակված փաստաթղթերը ջարդում են ՀՀ իշխանությունների վերջին շրջանի բոլոր թեզերը»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Արցախյան հիմնահարցի կարգավորման որոշ փաստաթղթերը հրապարակելու ՀՀ իշխանությունների քայլին և Արցախի կարգավիճակի հարցի շուրջ բանակցային քննարկումների որոշ դրվագների։

Զախարովան ասաց, որ նախ ՀՀ իշխանությունները չեն պահել էթիկական կողմը և հրապարակել են աշխատանքային փաստաթղթեր, ղեկավարների նամակագրություն՝ առանց պատշաճ համաձայնեցման։ Սակայն, նրա խոսքով, եթե նման բան այնուամենայնիվ արվել է, կարող են մեկնաբանել։ Նրա համոզմամբ, հրապարակված բոլոր փաստաթղթերը ջարդում են այն բոլոր թեզերը, որոնք պաշտոնական Երևանը վերջին շրջանում փորձում է առաջ մղել։

Նա նշեց, որ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ ՄԽ փաստաթղթերը, որոնց հաստատմանը ՌԴ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել, համոզիչ կերպով հաստատում են, որ մոտ երեք տասնամյակ ՌԴ-ն՝ որպես գործընկեր, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, ներդրել է ջանքեր ԼՂ հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար, և քիչ աշխատանք չի արվել։

Զախարովան ասաց, որ ռուսական քաղաքականության հիմքում, այդ մասին մշտապես խոսել են, դա ներկայումս երևում է նաև փաստաթղթերից, եղել է երկու բաղադրիչների միջև ողջամիտ հավասարակշռություն գտնելու փնտրտուք՝ խոսքն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և միջազգային սկզբունքների ու ստանդարտների հիման վրա Ղարաբաղի բնիկ բնակչության իրավունքների ապահովման մասին է։

Կարդացեք նաև

«Արցախի անկախության շուրջ բանակցություններ, Ձեր ձևակերպմամբ, Հայաստանին միանալու հարց Մոսկվան երբեք չի վարել»,- ասաց Զախարովան։ Մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի 2021 թվականի հայտնի մեկնաբանությունը, Զախարովան ասաց, որ Իգոր Պոպովի մեկնաբանությունը լրատվամիջոցներին 2021 թվականին հերքում էր Փաշինյանի այն պնդումը, հոդվածը, որում կար պնդում, թե ռուսական առաջարկները տանում էին 7 շրջանների հանձնմանը հենց այնպես՝ առանց ԼՂ կարգավիճակի հարցի լուծման։ Զախարովան ասաց, որ իրականությունն այլ էր, և պարզապես անհրաժեշտ է ուշադիր կարդալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի վերաբերյալ հռչակագրի նախագիծը, որը հրապարակվել է Հայաստանի կառավարության կայքում:

Նա խորհուրդ տվեց ուշադիր կարդալ նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից վերոնշյալ հռչակագրին աջակցող հայտարարության նախագիծը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի նախագիծը:

«Այս փաստաթղթերը քննարկվել են հայ-ադրբեջանական բանակցություններում դեռևս 2018 թվականի մայիսին Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ: Կողմերից ոչ մեկը չի մերժել դրանք, չնայած լիակատար համաձայնության հասնել չի հաջողվել։

Գլխավորը, որ դուք կտեսնեք, այն է, որ բանակցությունները կանոնավոր կերպով վարվել են մինչև 2018-2019 թվականները, երբ Փաշինյանի վարչակազմը բանակցային գործընթացը շարունակելու փոխարեն՝ փաստորեն ընդհատեց բանակցային գործընթացը, կա երկխոսությունը։ Երևանում սկսեցին ասել, թույլ տվեք մեջբերել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը եղել է, կա և կլինի, ինչպես նշվում էր, Հայաստանի համար առաջնահերթություն։ Սա ասվեց 2019 թվականի մարտին Ստեփանակերտում։ Ահա ևս մեկ մեջբերում՝ Արցախը Հայաստան է, և վերջ։

Կրկին Ստեփանակերտում 2019 թվականի օգոստոսի 5-ին։ Եվ թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո, մենք բոլորս շատ լավ հիշում ենք. Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը 2020 թվականի աշնանը, և միայն Ռուսաստանի ջանքերի և մեր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ջանքերի շնորհիվ է, որ այն դադարեցվեց»,- ասաց Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով, վերջին մի քանի տարիների ընթացքում ոչ թե Ռուսաստանի դիրքորոշումն է փոխվել, այլ  ՀՀ ղեկավարության։ Զախարովայի որակմամբ, այն արմատապես փոխվել է։ Ռուս դիվանագետը հիշեցրեց նաև Պրահայի հայտնի պայմանավորվածությունները։

«Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին վարչապետ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի Հանրապետության և դրա կազմում Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը։ Ոչ մի խոսք չասվեց տարածաշրջանի բնիկ բնակչության, նրանց իրավունքների և ազատությունների մասին, նրանց կյանքի, շահերի և խնդիրների մասին։ Հայտարարության մեջ ոչինչ չասվեց։

Միևնույն ժամանակ, մոռացության մատնվեց 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում ձեռք բերված ջենթլմենական համաձայնությունը՝ ըստ էության, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ջենթլմենական համաձայնությունը՝ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ որոշումը ապագա սերունդներին թողնելու վերաբերյալ։

Հրապարակված փաստաթղթերը, մեր կարծիքով, համոզիչ կերպով ցույց են տալիս, որ բանակցությունների տարբեր փուլերում հնարավորություններ են ստեղծվել հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման և այնտեղ ապրող մարդկանց շահերը հաշվի առնելու համար՝ նկատի ունեմ այդ տարածաշրջանում։ Վերոնշյալի իրականացումը պահանջում էր ռազմավարական տեսլական և հակադիր կողմերի քաղաքական կամքը:

Միջնորդների, այս դեպքում՝ Մինսկի խմբի համանախագահի խնդիրն էր՝ օգնել Բաքվին և Երևանին՝ լուծել հակամարտությունը»,- ասաց Մարիա Զախարովան։

Նրա որակմամբ, այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ հնարավորություններ եղել են և բաց են թողնվել։

«Բայց դա մեր մեղքը չէ: Այս դեպքում միակ, թերևս, բնական հարցը հետևյալն է.«Ո՞ւմ մեղքն է այդ դեպքում»: Դե, դա, հավանաբար, հարց չէ, որին մենք պետք է պատասխանենք: Թե ում մեղքն է՝ հարցին թող ՀՀ քաղաքացիներին պատասխանեն Հայաստանի ղեկավարները»,- ասաց Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս